Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԻՆԻԿ ԿՈՂՈՊՈՒՏ

Սեպտեմբեր 13,2003 00:00

ՑԻՆԻԿ ԿՈՂՈՊՈՒՏ «Կան մարդիկ, որոնք աշխարհ են գալիս որպես արդեն իսկ ձեւավորված նկարիչներ՝ բերելով իրենց առանձնահատուկ, ամփոփող եւ ամբողջական միկրոաշխարհը, որին հավատարիմ են մնում մինչ իրենց կյանքի վերջը։ …Բաժբեուկը մեծագույն նկարիչ էր»,- Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստի մասին գրել է Երվանդ Քոչարը։ Այսօր մեծ վարպետը չունի տուն-թանգարան, եւ նրա ստեղծագործությունների մի մասը դստեր՝ նկարիչ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տանն էր գտնվում։ Օգոստոսի վեցին Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը վաղ առավոտյան վերադառնալով Մոսկվայից, փորձում է Տերյան փողոցում գտնվող իր տան դուռը բացել. «Բանալին չէր մտնում, երկրորդ բանալիով եմ փորձում, եւ դուռը բացվում է։ Ներս եմ մտնում եւ հանկարծ տեսնում եմ՝ սենյակի դուռը բաց է, որի մեծ պատի վրա երկու շարքով փակցված էին հայրիկիս համաշխարհային 21 գլուխգործոցները, որոնք բոլորը գողացվել են։ Այնպիսի գեղեցիկ գործեր, Գեղեցիկը նրա հավատամքն էր…Երեք նկարներ հատակին էին ընկած, իմ փոքրիկ ննջասենյակի պատի նկարներին է՛լ ձեռք չէին տվել, թերեւս չէին հասցրել։ Մոտակա հարեւաններից ոչ ոք տանը չի եղել։ Սարսափահար, անմիջապես ոստիկանություն դիմեցի, եկան գրառումներ կատարեցին, զննեցին, հարեւանների հետ զրուցեցին եւ գործն ընթացքի մեջ է։ Հարեւանները ոչինչ չեն տեսել։ Միայն հարեւաններից մեկը պատմեց, որ երկու անգամ մի սեւազգեստ կին հարցրել է՝ «Կարո՞ղ է իմանաք՝ Լավինիան երբ է վերադառնալու»։ Իմ կարծիքով, սա կազմակերպված հանցագործություն է։ Գողերը ջարդել են չորս կողպեք, այդ թվում՝ շենքի մեր մուտքինը։ Նկարների մի մասը քույրիկիս՝ Զուլեյկային են պատկանում, որոնք նա ժամանակավոր ինձ մոտ էր թողել հայրիկի ցուցահանդեսից հետո»,- երեկ պատմեց Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը։ Բաժբեուկի կտավների անհետանալը կորուստ է ոչ թե մեկ նկարչի համար, այլ հայ արվեստի, յուրաքանչյուր հայ արվեստագետի կորուստն է։ Եվ միայն իշխանությունների հետեւողական ուշադրության շնորհիվ կարող են դրանք գտնվել։ Հույս ունենք, որ այս հանցագործության հեղինակներն ու կատարողները չեն հասցրել դրանք Հայաստանից դուրս տեղափոխել։ Այդ դեպքում դեռ հնարավոր է գտնել հայ արվեստի քսանմեկ գլուխգործոցները։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել