Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նպատակը Հանրագիտարանն է

Սեպտեմբեր 13,2003 00:00

Նպատակը Հանրագիտարանն է Սիրով տպագրում ենք «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի հրահանգով կազմված «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմի նամակն ուղղված «Առավոտին»։ «Ձեր թերթի թ.թ. 165, 166 համարներում տպագրված «Երբ հիմնարկն անտեր է» հոդվածում, որի նպատակը մեզ դեռեւս անհայտ է, բերված «փաստերը» ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլեւ հատուկ հորինված են եւ՝ ոչ վայել որեւէ մտավորականի։ Հորինվածքում տեղ են գտել շինծու մեղադրանքներ Հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրենի եւ հրատարակչության ղեկավարության հասցեին, որոնք դատապարտելի են օրենքով (Քր. օր. 135 եւ 136 հոդվածներ, զրպարտանք եւ վիրավորանք՝ հանրագիտարանը թալանել-անտարբերության է մատնվել, անհետացած գումարի մասին շրջող լուրեր եւ այլն)։ Սկզբունքորեն մերժելով մամուլի (նաեւ՝ բուլվարային) այդօրինակ վարքագիծը, մենք առաջիկա 2 օրում ակնկալում ենք հոդվածագրի (Սաթիկ Սեյրանյան) հրապարակային ներողությունը հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրենից, հակառակ դեպքում ստիպված կլինենք խոսակցությունը շարունակել դատարանում»։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ հոդվածաշարը շարունակվելու է այլ փաստերի հետեւողական ներկայացմամբ։ Նամակով Հովհաննես Այվազյանը հետաքրքրվում է, թե ո՞րն է հոդվածաշարի նպատակը։ Նպատակը Հայկական հանրագիտարանի քայքայված վիճակը ներկայացնելն է, իսկ միակ մտահոգությունը՝ Հանրագիտարանի ճակատագիրն է, որը որեւէ երկրի այցեքարտն է ու՝ դեմքը։ Նշենք, որ նյութի բազմակողմանիությունն ապահովելու համար ներկայացված էր նաեւ պրն Այվազյանի տեսակետը, որը տեղ գտավ հոդվածաշարում։ Ես, իբրեւ հոդվածի հեղինակ, ոչ միայն չեմ պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, 2003թ. ԱԺ ընտրություններում «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Հովհաննես Այվազյանից, այլեւ պատրաստ եմ ներկայացնել հավելյալ փաստեր։ Հոդվածում նշվում է, որ պրն Այվազյանի օրոք անհետացել-վաճառվել է Հանրագիտարանի հսկա շենքի գույքը։ Ի դեպ, օրերս Հանրագիտարանի այլեւս արդեն նախկին շենքի իրենց զբաղեցրած հարկի պատից վերցրեցի ի գիտություն աշխատակազմի եւ այլ մարդկանց համար փակցված մի գրություն, որը կազմել է Հանրագիտարանի տնտեսական բաժինը /տես՝ լուսանկարը/։ Գրության մեջ թվարկվում են մի շարք իրեր, որոնք վաճառքի են հանված՝ աթոռներ, գրասեղան եւ այլն։ Հանրագիտարանը հարուստ գույք ուներ՝ աստիճանագորգեր եւ այլ գորգեր, դաշնամուր, աթոռներ, բազկաթոռներ, սեղաններ եւ այլն: Հիմա դրանք չկան: Կարելի՞ է, ոչ մեկին չմեղադրելով, հետաքրքրվել՝ ինչպես է այդ ամենը վաճառվել եւ ինչո՞ւ։ Հանրագիտարանի ներկա եւ նախկին աշխատակիցների զրույցներից տպավորություն է ստեղծվում, թե հանրագիտարանում մեծամասամբ զբաղված են տարիներով կուտակված գրքերի իրացման հարցերով։ Իսկ աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցի ընթացքում արտահայտելով իր անհանգստությունը Հանրագիտարանի նկատմամբ՝ խնդրեց այդ բոլոր պատմությունները չնույնացնել Հանրագիտարան երեւույթի հետ: Նա իրավացի է: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել