Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎՍ «ՆԱԽԿԻՆ» ԿԴԱՌՆԱ»

Սեպտեմբեր 13,2003 00:00

«ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎՍ «ՆԱԽԿԻՆ» ԿԴԱՌՆԱ» Վստահ է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն իսկ առիթը բաց չթողեց քննադատել ԱԺ նախկին Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը. «Պատվիրակությունը կարող էր ավելի լավ աշխատել, քան աշխատել է։ Պարտավորությունները ստանձնելիս բանակցությունները կարող էին լինել շատ ավելի արդյունավետ, քան եղել են»։ Նման գնահատականներին պատասխանելու հնարավորություն ենք տալիս քննադատվող հանձնաժողովի եւ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին։ Պրն Հովհաննիսյանը նախ ասաց. «մինչ հարցին պատասխանելը ուզում եմ բոլորիս շնորհավորել 6-րդ արձանագրության վավերացման կապակցությամբ, որովհետեւ այդ քայլով Հայաստանը շատ լուրջ քաղաքական որոշում կայացրեց եվրոպական կառույցներին ինտեգրման ճանապարհին։ Անդրադառնալով ձեր հարցին՝ ափսոսում եմ, որ պրն Թորոսյանը նման հայտարարություններ է անում։ Մի հայտնի միտք եմ ուզում իրեն հիշեցնել՝ ոչինչ եւ ոչ ոք հավերժական չէ, եւ կգա մի օր, երբ Տիգրան Թորոսյանն էլ կդառնա «նախկին»։ Եվ լավ կլինի մեզանում արմատանա շարունակականությունն ապահովելու ավանդույթը։ Երեկ ամբողջ աշխարհը տեսավ, թե ինչպես Նյու Յորքի ներկայիս քաղաքապետի կողքին կանգնած էր նախկին քաղաքապետը, ում օրոք տեղի էր ունեցել Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը եւ թե ինչպես ներկա քաղաքապետն առաջինը խոսելու իրավունքը տվեց իրենից առաջ պաշտոնավարողին։ Սա լավ ավանդույթ է եւ արժե, որ մեզանում եւս արմատանա։ Նախկին պատվիրակության բոլոր անդամներն էլ աշխատել են նվիրվածությամբ։ Եվ ԵԽ-ին անդամակցելու ամբողջ գործընթացի ընթացքում հպարտությամբ պիտի ասեմ, որ ես էի ղեկավարում մեր պատվիրակությունը, որը ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ բավականին ծավալուն աշխատանք է իրականացրել։ Եվ ցավալի է, որ այդ լուրջ եւ լարված գործընթացի ժամանակ ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում նաեւ խորհրդարանի այն ժամանակվա քաղաքական մեծամասնությունը, ոչ մի բանով չօգնեց պատվիրակությանը։ Ամբողջ աշխատանքը մենք կատարել ենք հանրապետության նախագահի գլխավորությամբ։ Պատվիրակությունը մշտապես զգացել է հանրապետության նախագահի մեծագույն աջակցությունը։ ԵԽ-ին անդամակցելու ճանապարհին մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, անդամակցության հետ կապված, դրական արձագանք են ստացել նախագահի կողմից, իսկ խորհրդարանական քաղաքական մեծամասնության կողմից (որի կազմում էր նաեւ պրն Թորոսյանը), բառացիորեն ոչ մի աջակցություն չի եղել»։ Հովհ. Հովհաննիսյանը խորհուրդ տվեց վերցնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների փաթեթները եւ համեմատել։ Համեմատության արդյունքում պարզ կլինի, որ «Հայաստանի պարտավորությունները ե՛ւ ծավալի, ե՛ւ ժամկետների տեսակետից բավականին շահեկան են մեր պետության համար։ Միայն մեկ օրինակ բերեմ՝ «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» օրենքի ընդունման համար բանակցությունների արդյունքում մենք հասանք այն բանին, որ մեզ տրվեց 36 ամիս, այսինքն՝ 3 տարվա ընթացք, իսկ նույն օրենքի ընդունման համար Ադրբեջանին չհաջողվեց 18 ամսից ավելին ստանալ։ Այսինքն՝ ճիշտ չէ, թե մենք մեր երկրին դրել ենք անլուծելի խնդիրների առջեւ։ Մենք բոլոր հնարավորություններն օգտագործել ենք առավելագույնս, եւ շատ ուրախ կլինեմ, որ նոր պատվիրակությունը կարողանա շարունակել մեր սկսած գործը եւ նրան հաջողվի ավելի արդյունավետ զարգացնել Հայաստան-ԵԽ ինտեգրման գործընթացը»։ Արդյո՞ք, 6-րդ արձանագրության վավերացմամբ Հայաստանը եվրոպական կառույցներին հնարավորություն տվեց մոռանալ ընտրություններին տրված եվրոպացիների կոշտ գնահատականները։ Ըստ պրն Հովհաննիսյանի, եվրոպացիք երբեք ոչինչ չեն մոռանում՝ ի տարբերություն մեզ. «այնտեղ քաղաքական ինստիտուտները անձերից չեն կախված, այնտեղ շարունակականությունը գործում է։ Բայց 6-րդ արձանագրության ընդունումով Հայաստանը մի շատ լուրջ քայլ կատարեց դեպի եվրոպական ինտեգրացիա եւ դա անպայման կգնահատվի ԵԽ-ի կողմից»։ Պրն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք, հնարավոր էր մահապատժի վերացման հարցում հասնել որոշ բացառությունների, ինչի մասին հայտարարում էին ժամանակին ե՛ւ Անդրանիկ Մարգարյանը, ե՛ւ Տիգրան Թորոսյանը, իսկ հետո նույնի մասին պնդում էին, թե ժամկետները սպառվեցին։ Որքանո՞վ էր իրատեսական այս սպասումը, թե՞ պարզապես արվեց ժամանակին՝ նախընտրական փուլում՝ հասարակության աչքին թոզ փչելու նպատակով. «Ի սկզբանե հայտնի էր, որ որեւէ բացառություն անընդունելի է Եվրոպայի խորհրդի համար։ Չգիտեմ ով ինչ փորձեր էր ուզում անել, բայց ես առիթ ունեցել եմ բազմիցս ասել, որ 6-րդ արձանագրությունն այն փաստաթուղթն է, որ բացառություններ չի ընդունում։ Կամ վավերացվում է, կամ՝ ոչ»։ Հովհաննես Հովհաննիսյանը միակ թեկնածուն էր խորհրդարանական ընտրություններում, որը եվրոպական չափանիշներին տուրք տալով, ընտրությունների օրվա առաջին կեսին դուրս եկավ ընտրապայքարից, քանի որ նրա մրցակիցները գերադասել էին «ազգային մենթալիտետին» համապատասխանող պայքար։ Արդյո՞ք, չկա ափսոսանք. «Ոչ, չեմ ափսոսում, ես դուրս եկա ընտրապայքարից նաեւ այն պատճառով, որ չէի ցանկանում այդ ընտրատարածքի պատճառով ստվերվեն ընտրությունները, մանավանդ դատելով ընթացքից, դա խիստ հավանական էր։ Ես չգերագնահատեցի իմ անձը ընտրությունների ամբողջ գործընթացից։ Հետո ինձ հետ հանդիպեց լորդ Ռասել Ջոնսթոնը։ Ես ասացի նրան, որ դա իմ անձնական որոշումն է եւ ես իմ երկրին ոչ մի բողոք չեմ պատրաստվում ներկայացնել։ Ես ոչ մի հայտարարություն չարեցի եւ կարծում եմ՝ ճիշտ եմ վարվել։ Ինձ առաջարկում էին նաեւ դիմել ՍԴ, ես հրաժարվեցի եւ իմ ոչ մի որոշման համար չեմ ափսոսում։ Համենայնդեպս, ես ազնիվ եմ եղել իմ պետության, ժողովրդի եւ իմ սկզբունքների առջեւ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել