Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Սեպտեմբեր 13,2003 00:00

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Հովիկ Արսենյանը պնդում էր, որ նա իրավապահ մարմիններից թոշակի է գնացել Հինգշաբթի օրը Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատաքննության ժամանակ մեղադրող Զելիմ Թադեւոսյանը հայտարարություն արեց, որը հիմք դարձավ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի փաստաբան Հովիկ Արսենյանին դատավարությանը մասնակցելուց ժամանակավորապես հեռացնելու մասին դատարանի որոշման համար: Ըստ մեղադրողի, փաստաբանը դատական պրոցես է ներգրավվել՝ չունենալով դրա իրավունքը եւ ապօրինի արտոնագիր ներկայացրել: Դատախազի մատուցմամբ, «Փաստաբանական ծառայության մասին» օրենքը արգելում է փաստաբանական գործունեություն ծավալել այն մարդկանց, ովքեր դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար եւ ում դատվածությունը մարված կամ հանված չէ: Հ.Արսենյանը դատապարտված է եղել 1997թ.-ին: 98-ին նա պայմանական վաղակետ ազատ է արձակվել եւ մինչ կլրանար դատվածության ժամկետը՝ 2001-ի նոյեմբեր, 1999-ին, ի թիվս այլոց, մասնակցել է բարձրագույն որակավորման պետական քննություններին, որն ի դեպ, ընդունել է պետական հանձնաժողովը՝ փաստաբան Սուքիասյանի նախագահությամբ: Նկատի ունենալով, որ Հ.Արսենյանն այսօր ներկայացնում է Փաստաբանների միջազգային միությունը, մենք դիմեցինք միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանին՝ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով: Վերջինիս ասելով, Հ.Արսենյանը որակավորման քննության ժամանակ ստացել է 38 միավոր, որն անցողիկ ցուցանիշ է համարվել, եւ օրենսդրության համապատասխան վկայագիր է ստացել, ինչն էլ հենց հիմք է դարձել նախ ՀՀ փաստաբանների միության, ապա՝ Հայ փաստաբանների միջազգային միության կազմում փաստաբանական գործունեություն ծավալելու արտոնագիր ստանալու համար: Ընթացքը, ինչպես պարոն Տեր-Եսայանն ասաց, մեխանիկական է եղել, առավել եւս, որ «օրենքը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր փաստաբան ընտրի այն միությունը, որի կազմում նա ուզում է գործունեություն ծավալել: Փաստաբանական միությունների միաձուլումից հետո փաստաբանների արտոնագրերը կասեցվեցին եւ տրվեց Փաստաբանների միջազգային միության նոր արտոնագիր, առավել եւս, որ նա գործող փաստաբան էր»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ դեպքում նոր արտոնագիր ստանալու համար Հ.Արսենյանն առանձին եւս մեկ քննություն պե՞տք է հանձներ, Տ.Տեր-Եսայանը պատասխանեց՝ ոչ. «Քննությունը հանձնում են մեկ անգամ, տարբեր մարդիկ դա հանձնել են տարբեր ժամանակահատվածներում»: Սեպտեմբերի 11-ին Հովիկ Արսենյանը դիմում է ներկայացրել Փաստաբանների միջազգային միությանը՝ Տ.Նաղդալյանի քրգործով դատաքննության ժամանակ տեղի ունեցածի առնչությամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: Այսօր միության կոլեգիան նիստ կհրավիրի հենց այդ նպատակով՝ ուսումնասիրելու այս ժամանակահատվածում փաստաբանի իրականացրած գործունեության հիմքերը: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ քչերին է փաստաբանի դատվածության փաստը հայտնի եղել, Տ.Տեր-Եսայանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ կա անձնական թերթիկ, որտեղ նա այդ մասով հղում է անում: Հ.Արսենյանն այդ տեղում նշել է, որ որպես իրավապահ մարմնի աշխատող, թոշակի է գնացել, գրքույկն էլ է եղել: Ես ՀՀ փաստաբանների միությանն էլ հարցում պետք է անեմ՝ նկատի ունենալով, որ նրա գործի հիմքերն այնտեղ են, խնդրելով, որ, եթե կան այլ հիմքեր, որոնք մեզ մոտ չկան, տրամադրեն մեզ»,- ասաց պարոն Տեր-Եսայանը: Ըստ նրա, Հ.Արսենյանը հնարավորություն է ունեցել եւս մեկ անգամ քննություն հանձնել եւ դառնալ փաստաբան. որակավորման քննություններ անցկացվել են եւ 2000-ին, եւ 2001-ին: 2001-ին նրա դատապարտվածությունն արդեն մարված է եղել: «Անհասականալի է նաեւ, թե ինչու դա չի արել»,- տարակուսեց պրն Տեր-Եսայանը: Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք այս գործը միայն այսօր, եւ այն էլ այդ աղմկահարույց քրգործի դատաքննության ժամանակ ջրի երես հանելը միտում չունի, պարոն Տեր-Եսայանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ուշ թե շուտ, մի օր միեւնույնն է բարձրացվելու էր: Այո, այդ նրբությունը կա. ինչո՞ւ այս աղմկահարույց գործի շրջանակներում սա եղավ: Բայց մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ ինչու չպետք է բարձրացվեր: Դատողություններ անել, թե ինչո՞ւ անցած տարիներին համապատասխան մարմինների կողմից այդ հարցը չի բարձրացվել, տեսական բնույթ կկրի: Ենթադրությունների ոլորտից կլինի, եթե ապացուցողական տոնով ասենք, թե դատախազությունն անցյալ տարիներին այդ փաստի մասին միտումնավոր լռել է՝ սպասելով, որ Հ.Արսենյանը մի օր, մի տեղ աղմկահարույց գործ ունենա, որ բացահայտեն»: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, թե կատարվածը իրավունք չի վերապահում որեւէ մեկին՝ նրան զրկել քննության մասնակցելու իրավունքից: «Նա այսօր էլ դե-յուրե փաստաբան է մինչեւ միության կարգապահական հանձնաժողովի որոշումը: Նրա արտոնագրի հետ կապված խնդիրներն էլ միայն մեր իրավասության ներքո են: Միայն մենք իրավունք ունենք փաստաբանին զրկել իր արտոնագրից, եւ քննարկումները ցույց կտան, թե հարցն ինչ լուծում կստանա»,- ասաց պարոն Տեր-Եսայանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ Միության հարուցած կարգապահական վարույթից զատ, ՀՀ գլխավոր դատախազությունն էլ իր հերթին է քրեական գործ հարուցել փաստաբանի նկատմամբ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել