Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՄ ԿՄՆԱ ՀԻՆԸ, ԿԱՄ ԿԳԱ ՆՈՐԸ

Սեպտեմբեր 12,2003 00:00

ԿԱՄ ԿՄՆԱ ՀԻՆԸ, ԿԱՄ ԿԳԱ ՆՈՐԸ Ինչպես արդեն գրվել է մամուլում, մեկ շաբաթից ավելի շարունակվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ակադեմիական վարժարանի կոլեկտիվի եւ աշակերտների դասադուլը։ Կրթության ոլորտի օպտիմալացման գործընթացի արդյունքում Թալինի ակադեմիական վարժարանի տնօրեն Լեւոն Խաչատրյանը որպես թոշակառու ազատվել է աշխատանքից։ Արագածոտնի մարզպետ, ՀՅԴ ներկայացուցիչ Գագիկ Գյոզալյանը նոր տնօրեն է նշանակել Ռուզաննա Մելքոնյանին։ Դպրոցի տնօրենը, պրն Գյոզալյանի մեկնաբանմամբ, նշանակվել է հետեւյալ կերպ. դպրոցի կոլեկտիվը տնօրենի թեկնածու չի առաջադրել, եղել է 4 թեկնածու, որոնցից մեկը 4 ամիս հետո պետք է անցներ թոշակի, մյուսը եղել է աշխատանքից ազատված, իսկ նոր նշանակված տնօրենը 14 տարի աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ «Ընտրություն չի եղել, ես եմ նշանակել՝ ընդհանուր մթնոլորտը ճշտելուց հետո միայն»,- հայտնեց մարզպետը։ Կարծում ենք, այս դեպքում պրն մարզպետը սխալվել է եւ «ընդհանուր մթնոլորտն» ամենայն խորությամբ չի ճշտել։ Գ. Գյոզալյանի պարզաբանմամբ, այդ աղմուկը պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցում արտասահմանյան մի ընկերության կողմից 300 հազար դոլարի ներդրում պետք է կատարվի, որի միջոցով կկառուցվի վարժարանի նոր մասնաշենք. «Այդտեղ շահեր կան եւ նախկին տնօրենը ուզում է, որ իր մարդը նշանակվի»։ Իսկ թե մանկավարժները, ծնողներն ու աշակերտներն ի՞նչ կապ ունեն վերոնշյալ գումարի հետ եւ ի՞նչ շահեր են հետապնդում, այդքան էլ պարզ չէ։ Դժվար է կանխատեսել նաեւ, թե մարզպետի կողմից նշանակված տնօրենը ո՞ւմ շահերն է արտահայտելու։ Դասերը վերսկսելու՝ մարզպետի հորդորները դասադուլավորների վրա չի ազդում եւ նրանք վստահեցնում են, որ դասադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նորանշանակ տնօրենը չի հեռացել դպրոցից։ Իսկ մարզպետ Գ. Գյոզալյանը դարձյալ վստահեցնում է, որ լուրջ պրոբլեմ չկա, հավանաբար այսօր կամ վաղը տնօրենի հարցը կլուծվի՝ «կամ կմնա հինը, կամ պիտի նշանակվի նորը»։ Ս. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել