Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴՎԻՆԸ» ՆՈՐԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ

Սեպտեմբեր 12,2003 00:00

«ԴՎԻՆԸ» ՆՈՐԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ Պետական գույքի մասնավորեցման վարչության պետ Դավիթ Վարդանյանի տվյալներով, «վերջին ժամանակներում մեծացել է դատարանի որոշմամբ ընկերությունների գույքի բռնագանձումների եւ վաճառքի դեպքերի թիվը»: Ըստ նրա, հիմա ցուցակում կան շատ ընկերություններ, որոնց բաժնետոմսերը կան, բայց գույքը չկա, դրանք պիտի գնան լուծարման կամ սնանկացման։ Երեկ կառավարությանը ներկայացված երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն, այս տարի լուծարվել է 2 ընկերություն, ընթացքի մեջ է 72-ի ճակատագիրը։ Մասնավորեցվել է նախատեսվածի կեսը՝ 33 ընկերություն, որից 28-ը՝ ուղիղ վաճառքով, քանի որ մի քանի անգամ մրցույթի դրվել են, բայց հայտատու չի գտնվել։ Փոխարենը՝ նույն հնարավոր գնորդները մեծ աշխուժություն ու հետաքրքրություն են դրսեւորում դատարանի որոշումներով վաճառքի հանված ընկերությունների հանդեպ։ Պարոն Վարդանյանը նշեց չորս դրդապատճառ. նախ՝ այդկերպ գույքը գնահատվում եւ վաճառվում է անհամեմատ էժան, գնորդը վաճառվող ընկերության պարտքերի իրավահաջորդ չի համարվում, ներդրումներ անելու եւ աշխատատեղեր բացելու պարտավորություններ չի ստանձնում եւ, վերջապես, ազատված է մասնավորեցման ժամանակ անխուսափելի ու երկարատեւ՝ 4-6 ամիս տեւող բյուրոկրատական քաշքշուկից։ Բնականաբար, հայրենի կառավարությունը նաեւ գնորդի ուրախությունը կիսելու քիչ պատճառներ ունի, քանի որ բյուջեն տուժում է։ Հարց եղավ «Դվին» հյուրանոցի մասնավորեցման եւ նրա՝ արդեն նախկին տնօրեն Վանուշ Թորոսյանի վճարումների հետ կապված։ Պարոն Վարդանյանի ասելով, «հյուրանոցի հանգուցյալ տնօրենը դիմել էր կառավարություն՝ հյուրանոցը սեփականացնելու համար եւ ստացել դրական պատասխան-որոշում, ըստ որի 2 տարվա ընթացքում պետք է վճարեր 1,5 մլն դոլար եւ 80 հազար դոլար էլ կանխավճար։ Սակայն նա սահմանված ժամկետում վճարել է ընդամենը 60 հազար, պայմանագիրը խախտվել է, եւ հյուրանոցը կրկին կդրվի մրցույթով վաճառքի»։ «Իսկ 60 հազարը չի՞ վերադարձվի» հարցին՝ վարչության պետը բացասական պատասխան տվեց, «քանի որ դա օրենքով է, նման դեպքեր եղել են, օրինակ, «Արարատ-Ցեմենտի» համար էլ վճարվեց ու պետությանը մնաց 300 հազար դոլար»։ Հետաքրքիր է, որ այս անգամ «Դվինը» վաճառքի կդրվի, հավանաբար, հյուրանոցի կուտակած 13 մլն դոլար պարտքը փոքր-ինչ թեթեւացրած։ Համենայնդեպս, այդպես հասկացանք Դ. Վարդանյանի համոզմունք-կասկածը. «Այդքան պարտքով ոչ մեկը չի գնի»։ Տեսնես հանգուցյալ տնօրենին նման զիջումներ կանեի՞ն։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել