Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԻՆ ՉՈՒՆԻ

Սեպտեմբեր 12,2003 00:00

ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԻՆ ՉՈՒՆԻ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարում Բելֆաստի «Վինձոր Պարկ» ստադիոնում 1։0 նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին եւ 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակում վերջին տուրից առաջ իր համար ապահովագրեց 4-րդ տեղը։ Խաղի 29-րդ րոպեին միակ գոլը խփեց Արտավազդ Քարամյանը։ Հյուսիսային Իռլանդիա մեկնելուց առաջ մեր հավաքականը բավականին ծանր հոգեբանական վիճակի մեջ էր հայտնվել՝ կապված Հունաստանի հետ հանդիպման շուրջ ծավալված սկանդալային պատմության հետ, որն, ի դեպ, ներկայումս ամենաեռուն փուլում է։ Եվ ի պատիվ մեր հավաքականի մարզիչների ու ֆուտբոլիստների, նրանց հաջողվել էր կարճ ժամանակահատվածում վերագտնել հավասարակշռությունը, ձերբազատվել նյարդային լարվածությունից։ Մեր ֆուտբոլիստները խաղն սկսեցին արագ տեմպով, ինքնավստահ ու շատ կարճ ժամանակում դաշտում իրենց տիրապետությունը հաստատեցին։ Գնդակն ավելի շատ մեր թիմի մոտ էր լինում։ Հայ ֆուտբոլիստները մեկ հպումով կարճ ու միջին փոխանցումներով բավականին հաճախ էին հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում կամ դրա մատույցներում եւ հյուսիսիռլանդացիներն այդ ընթացքում հակադրված էին ավելի շատ մտածել պաշտպանությունում գործերը կարգավորելու մասին։ Թեեւ նրանք էլ իրենց հերթին հյուրերին փորձում էին ժամանակ առ ժամանակ «խոցել» սուր հակագրոհներով։ Սակայն, ինչպես ցույց տվեց խաղի հետագա ընթացքը, Հայաստանի ընտրանին ավելի լավ էր նախապատրաստվել սկզբունքային մրցապայքարին եւ մեր մարզիչներն էլ ավելի ճիշտ տակտիկա էին ընտրել ու ավելի արդյունավետ գործող հանձնարարականներ էին տվել ֆուտբոլիստներին։ Դա երեւաց արդեն 29-րդ րոպեին, երբ Եղիշե Մելիքյանը ձախ եզրով մեծ արագությամբ ճեղքելով պաշտպանությունը եւ տուգանային հրապարակի գծից լայնակի փոխանցումով գնդակը ճշգրիտ հասցեագրեց դաշտի տերերի դարպասի առջեւ հայտնված Արտավազդ Քարամյանին, որն էլ մի քանի պաշտպանների հետ պայքարում կարողացավ ավելի արագ կողմնորոշվել եւ միջին ուժգնությամբ հարվածով գնդակը մխրճել հյուսիսիռլանդացիների դարպասը։ Բաց թողած գոլից հետո դրությունը փրկելու եւ իրենց երկրպագուներին երկու գնդակի առավելությամբ հաղթելու՝ գլխավոր մարզիչ Սեմմի Մաքիլրոյի խոստումն իրագործելու նպատակով մրցակիցը որոշեց արագացնել խաղի տեմպը եւ խլել նախաձեռնությունը։ Դա նրանց ինչ-որ չափով, կարծես, հաջողվեց։ Գրոհներն սկսեցին իրենց մեջ քիչ ավելի մեծ վտանգ պարունակել, մանավանդ, երբ դրանք վերջնական փուլում կազմակերպվում էին տիպիկ բրիտանական ոճով՝ երկար փոխանցումով գնդակը «կախելով» մեր տուգանային հրապարակ։ Ճիշտ է, «երկրորդ հարկում» բարձրահասակ հյուսիսիռլանդացիները որոշակի առավելություն էին ունենում, սակայն մեր պաշտպաններին, դարպասապահ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ, հաջողվում էր չեզոքացնել վտանգը ու անառիկ պահել դարպասը։ Ընդմիջումից հետո էլ խաղն ընթացավ ընդհանուր առմամբ հավասար պայքարում։ Նախաձեռնությունը անընդհատ կողմից կողմ էր անցնում, բայց հաշվի մեջ նոր փոփոխություն այդպես էլ չարձանագրվեց։ Հայաստանի հավաքականը իր համար կարեւոր հաղթանակ տարավ ու դա, կարծում ենք, մեր տղաներին դրական լիցք կհաղորդի նաեւ հոկտեմբերի 11-ին Երեւանում կայանալիք «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի վերջին հանդիպումում, երբ Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային կոլեկտիվներից մեկին՝ Իսպանիային։ Նույն օրը Իսպանիան սեփական դաշտում 2։1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի հավաքականին՝ վերջինիս վերջնականապես զրկելով Պորտուգալիայի ուղեգիր նվաճելու բոլոր հույսերից։ Ի դեպ, եթե մեր թիմին հաջողվի հաղթել նաեւ իսպանացիներին, Հայաստանի հավաքականը Ուկրաինայի հետ միասին մրցաշարը կեզրափակի հավասար միավորներով, մի բան, որ դեռեւս երբեք չի եղել։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել