Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵ ՈՎ ԵՆՔ, ԿԱՄ՝ ԻՆՉ

Սեպտեմբեր 12,2003 00:00

ԹԵ ՈՎ ԵՆՔ, ԿԱՄ՝ ԻՆՉ Եթե անգամ սրանք համամարդկային բնույթի հարցադրումներ էլ են, ապա ժամանակների ընթացքում այլ ժողովուրդների համար ոչ միայն ինչ-ինչ նրբերանգներ, այնուամենայնիվ, փոխվել են, այլեւ շեշտադրումների էական տեղաշարժ է եղել: Մոտավորապես այսպիսի, ով էր ճիշտ` որ լինենք, որտեղից պետք է լինեինք եւ ուր պետք է գնանք: Միայն մեզնում է, որ դա ոչ մի փոփոխություն չի կրել: Մնացել են նույն, հայեցողական, մեզնից որեւէ բան չպահանջող հարցադրումները: Հարցադրումներ, որոնց կողմնակի դիտորդը պետք է պատասխանի, այլ ոչ թե գոնե ականատես-մասնակիցը: Ու պատասխանն էլ կա. անգիր արած: «Էն ժամանակ, երբ մենք………………, նրանք նոր-նոր մեր կողքի ծառերի վրա ……….», ու գնաց: Էդպես: Ու ոչ թե «մի տասնհինգ օր», որի ընթացքում միայն խոտն է հասցնում փչանալ, այլ` հազարամյակներ, փաստորեն: Երեւի թե էն` ամենասկզբից սկսած: Ու, հաստատ, ոնց գցում-բռնում ես` մինչեւ վերջ: Թեեւ, էսպես որ գնա, էդ էդքան էլ հեռու չի: Լավ… Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: «Գաղթականի հոգեբանություն ունենք»,- ասում էր Սարոյան եղբայրներից ավագը` Գեւորգը, ու ճիշտ էր ասում: Ու հենց դա է պատճառը, որ գտածը չենք գնահատում ու անընդհատ որոնում ենք: Ի՞նչը` հայտնի չէ: Բայց այդ որոնումների ընթացքում միայն կորուստներ ենք ունենում ու արձանագրում: Ճիշտ է ասում Գեւորգ Սարոյանը` «Գաղթականի հոգեբանություն ունենք»: Ու հենց դրանից ենք մոլորված, վախեցած, խեղճուկրակ: «Երրորդ այտը» մեր որոնումների հիմնական օբյեկտն է: Գաղթականի հոգեբանության արտահայտությունն է նաեւ, որ մեր անցյալում խճճվում ենք, ներկայում` մոլորվում, ապագայի մասին խոսելն էլ միանգամայն ավելորդ է: Գաղթականի հոգեբանությունից է, որ ամեն պահի վախվորած ու դողդողալով ետ ենք նայում, բայց եւ օրվա մեջ ոչնչով չարդարացված լկտի ենք ու հարձակողական, անցյալի` մեզ համար վաղուց արդեն իսկ ոչ միայն օտար, այլեւ միանգամայն անհասկանալի եւ անընկալելի արժեքներով չգիտակցված ու հախուռն «հպարտացող», բայց եւ այսօրը չունեցող, դարի տերը, բայց օրվա, անգամ պահի մեջ մոլորված ու չկայացող ու չկայացած, հանուրի, մանավանդ՝ անցած-գնացած սերունդների «անունից», բայց անպայման ինչ-որ հեռու, չտեսած-չլսած, իրականում էլ չգիտակցված-չհասկացված բանի վրա հոխորտացող, բայց մորթապաշտ ու խեղճ: Այնքան մորթապաշտ ու խեղճ, որ այն, ինչը ուրիշ որեւէ ազգ-ժողովուրդ-հասարակություն երբեք ու երբեք չէր ների, մենք ներում ենք: Այնքան մորթապաշտ ու խեղճ, որ այն, ինչը ուրիշ որեւէ ազգ-ժողովուրդ-հասարակություն երբեք ու երբեք չէր հանդուրժի, մենք հանդուրժում ենք: Այնքան մորթապաշտ ու խեղճ, որ նրան, ինչին ուրիշ որեւէ ազգ-ժողովուրդ-հասարակություն երբեք ու երբեք չէր համակերպվի, մենք համակերպվում ենք: Էս ենք մենք: Ինչ-որ մի չորրորդական երկրի հինգերորդական քաղաքը պաշարելու ընթացքում կարող ենք տեղեկանալ, որ մեր մայրաքաղաքը արդեն իսկ համարյա գրավված է: Ճապոնացի կայսրերն ու կայսրուհիները բանաստեղծություններ են գրում, ու գրել են էն գլխից սկսած, եվրոպական ու ռուսական կայսրերն ու թագավորները հողեր են գրավել ու ուժեղ-կենտրոնաձիգ-ազգային պետություններ կառուցել, մերոնք` ոնց էլ նայում ես պատմությանը, կամ դավադրություններով են զբաղված եղել, կամ էլ արշակավաններ կառուցելով` իրենց իսկ տիպի հանգույն: Ու միշտ էլ վերջնականապես կորցրած ենք եղել իրականության զգացումը: Անցյալ դարասկիզբը մեզ օրինակ: Լսեք այդ ժամանակներում ու հետո ստեղծված երգերն ու ասք-պատմությունները` նվազագույնը օվկիանոսից օվկիանոս պետք է լինենք` ըստ դրանց: Բոլորին կոտորած ու նվաճած: Աշխարհը ոտնատակ տված ու գաղութացրած: Մինչդեռ «երեւակայություն» ու պատմություն սարքելուն է տրվել ողջ եռանդը ու «հաջորդներին» ժառանգվել է ընդամենը 10000 քառակուսի կիլոմետր տարածք: Հիմի էլ ենք նույնը. ԱրմենՏելին «անհասանելի» լինելու համար փող ենք տալիս ու հանդուրժում ենք: Չեղած ջրին էլ ենք փող տալիս: Չտարած աղբին էլ: Չաշխատող վերելակին էլ: Մեր թեյավճարից կախված մատուցողի լկտիությունը հանդուրժում ենք: Ամռան շոգին սրճարանում սառույց չլինելը նորմալ ենք ընդունում: 800 գրամը մեկ կիլոգրամի տեղ սաղացնողին ժպտում ենք: Սրանից է սկսվում ամեն ինչը: Կամ` ավարտվում: Գաղթականի հոգեբանությունից: Ու նաեւ` էսպիսի իշխանություններից: ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել