Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդ-բաղը՝ «գրավյալ տարածք»

Սեպտեմբեր 12,2003 00:00

Վարդ-բաղը՝ «գրավյալ տարածք» Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարանը դեռ գործում է տնակներում։ 2004թ. նոյեմբերին դատարանը կհանգրվանի Գարեգին Նժդեհի փողոցի վրա կառուցվող 4 հարկանի շենքում։ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարողներն ու ԶԱԳՍ-ը նախատեսում են տեղավորել նույն այդ շենքում, որը «արդարադատության պալատ» են անվանում։ Գործող «տնակային» դատարանում նեղվածք է թե արխիվների, թե իրեղեն ապացույցների համար։ Ամենահին քրեական գործը, ըստ մարզի 1-ին ատյանի դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանի, 75 տարվա «տարիք» ունի: Տեղ չկա նաեւ արդարադատության նախարարության կենտրոնական արխիվում: Դրանց «մահապատիժը» նույնպես փոխարինված է ցմահ բանտարկությամբ։ Շիրակի մարզի դատարան դիմում են հիմնականում ոստիկանության պետավտոտեսչության (ՊԱՏ) բաժանմունքը, քաղաքապետարանն ու քաղաքացիները։ Ինչպես Երեւանի համայնքային դատարաններում էր, այստեղ էլ մերժվում են հատկապես ոստիկանության հայցերը։ Օրինազանց վարորդները սխալ են ասում իրենց հասցեները եւ երբ գալիս է դատական ծանուցագրերը տեղ հասցնելու ժամանակը, ՊԱՏ-ը հայտնվում է պատի դիմաց։ Այս տարվա վերջին մերժումը հուլիսի 7-ին էր։ Ոստիկանության Գյումրու ՊԱՏ բաժանմունքի պետ, փոխգնդապետ պրն Գ. Դերձյանին է ուղարկվել 8 հայցադիմում («բիրիք-հայցադիմումներ»)։ «Ստուգվել են հասցեները եւ պարզվել է, որ նրանք գրանցված են այլ հասցեներում» պատճառաբանությամբ։ Մարզի 1-ին ատյանի դատարանի վճռով 2 օր առաջ 3 տարի ազատազրկման դատապարտվեց Երվանդ Հովսեփյանը (2003թ. փետրվարի 8-ից կալանված)։ Նա հարբած վիճակում տնային դանակով հարվածել էր Վարդիթեր Պեպոյանին (մի կնոջ, որը փորձել է կանխել նրա եւ հարեւանի վեճը)։ Ուշագրավ է, որ հայցադիմումների «ելման կետը շարունակում է մնալ երկրաշարժը: «Երկրաշարժի ժամանակ բնակության համար ոչ պիտանի է դարձել տնակս», «Երկրաշարժից հետո ես եւ եղբայրս առանձին ենք ապրել», «Երկրաշարժի պատճառով փլվեց Եսայան 31ա շենքի 31 բնակարանը, ուր վարձով էինք ապրում», «Մինչ երկրաշարժը ապրել եմ Ֆրունզեի 124շ. 13 բնակարանում, որը փլվեց երկրաշարժի ժամանակ», «Աղետալի երկրաշարժից հետո փաստացի բնակվում են 149-364 տնակում»։ Հավանաբար դրանով են պայմանավորված հայցադիմումների նմանությունները։ Գյումրեցիները դատարան են գնում կամ «բնակության փաստը տվյալ հասցեում հաստատելու պահանջի մասին», կամ «Առանձին ընտանիք ճանաչելու մասին» հայցադիմումներով։ Մի արտառոց փաստի հանդիպեցի քաղաքացի Վարդանուշ Դավթյանի հայցադիմումի հետ կապված։ Դատարանը մերժել էր հայցը այն պատճառով, որ լիազորված անձը ներկայացել էր թե որպես ՀՀ փաստաբանների միջազգային միության անդամ, թե մարդու իրավունքների պաշտպանության միջազգային միության անդամ։ Ա. Աթոյանի բլանկը ցնցող էր։ Փաստաբանական եւ իրավապաշտպան գործունեությունը (վճարովի եւ անվճար) անհամատեղելի է «Փաստաբանական գործունեության մասին» օրենքի շրջանակներում։ Վճիռներում գերազանցում էին Վարդ-բաղից վտարումները։ Վերոնշյալ տարածքը դարձել էր «գրավյալ տարածք» (անօրինական բնակեցմամբ) եւ դա էր հավանաբար պատճառը, որ քաղաքապետարանը («Գյումրու բնակտնտեսություն» ՓԲԸ, տնօրեն՝ Մ. Ջուհարյան) միայն այս տարի 82 էջից բաղկացած 17 հայցադիմումով էր մտել դատարան։ Այս վեճը շարունակական է այն առումով, որ քաղաքապետարանը չէր հիմնավորել 17 ընտանիքների այլ վայրում գրանցված լինելու հանգամանքը, վտարումը չէր իրականացվել, իսկ տարածքային կռիվները ընթացքի մեջ են։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Գյումրի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել