Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՄԻՍԱՐՆԵՐԸ»՝ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 12,2003 00:00

«ԿՈՄԻՍԱՐՆԵՐԸ»՝ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս տարվա ընդունելության քննություններում Հանրապետական ընդունող հանձնաժողովը (ՀԸՀ) անբարեհաճ վերաբերմունք է ունեցել մասնավորապես մաթեմատիկայի, պատմության, քիմիայի առարկայական հանձնաժողովների նկատմամբ: Պատճառներից հիմնականն այն է, որ այս հանձնաժողովներում ընդգրկված անդամները նախկին նախարարի ժամանակներից մնացած մարդիկ են: ՀԸՀ-ն առանձնահատուկ բարեհաճ էր լիազորների (հին լեզվով ասած՝ կոմիսարների) հանդեպ: Վերջիններիս դերը եւ մասնակցությունը չափազանց մեծ էր այս քննություններում: Եվ դա երեւի բնական էր: Որովհետեւ նրանց ճնշող մեծամասնությունը կամ «ՕԵ»-ի անդամներ էին, կամ նրանց մերձավորներից: Ընդ որում, իրենց կուսակից շեֆերին բարեհաճ վերաբերմունք ցուցաբերելու համար լիազորի պաշտոն էին ստանձնում անգամ բավական սոլիդ պաշտոնական դիրք ունեցող անձինք: Օրինակ, «լիազորություն» կարող էր անել վարչության պետը, նրա տեղակալը, դպրոցի եւ նույնիսկ ԾԻԳ-ի տնօրենը: Մաթեմատիկայի քննություններից մեկի ժամանակ դիմորդը չի հասկացել խնդրի պահանջը եւ խնդրել է թարգմանել ռուսերեն: Նրան մոտեցել է հանձնաժողովի անդամներից մեկն ու թարգմանել խնդիրը: Լիազոր ներկայացուցիչը, չիմանալով կամ չհավատալով, որ հանձնաժողովի անդամը դիմորդին մոտենում է միայն խնդիրը թարգմանելու նպատակով, շարունակ կանգնում է երեխայի գլխին, վերցնում գրավորը, նայում: Այնքան, որ երեխան չի կարողանում կենտրոնանալ, ու արդյունքում ցածր է ստանում: Իսկ ռուսերենի գրավոր քննության ժամանակ հանձնաժողովի անդամներն ու լիազորները չեն կարողանում հաջողացնել «օգտակար լինել» մի դիմորդի, եւ հատուկ նիստով որոշվում է այդ դիմորդի համար կրկնակի քննություն նշանակել: (Փաստ, որ նախկինում միայն մեկ անգամ է գրանցվել՝ Էդվարդ Ղազարյանի նախարարության օրոք): Բայց դիմորդն այս անգամ էլ չի կարողացել գլուխ հանել, եւ հանձնաժողովն ստիպված է եղել նրա քննությունն անցկացնել առանձին սենյակում: ՀԸՀ-ն անընդհատ ճնշումների տակ է պահել նաեւ փորձագետներին: Վերջիններս զրկված են եղել որեւէ գրավորի գնահատական բարձրացնելու իրավունքից: ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Կիրակոսյանը, որ նախորդ երկու տարիներին ընդունելության քննություններում եղել է ֆիզիկա առարկայի գծով փորձագետ, նշում է, որ ինքն անցյալ տարի ֆիզիկայից կրկնակի բողոքարկված 60 գրավորներից 30-ը զգալի փոփոխության է ենթարկել: Եղել են դեպքեր, որ խնդրի 0 գնահատականը բարձրացվել է մինչեւ 3 միավոր: Եվ իր աշխատանքին երբեւէ որեւէ նախարար չի միջամտել: «Այս տարվա քննական աշխատանքներին ծանոթանալիս ընդհանուր տպավորությունն այն է, որ, կարծես, հատուկ առաջադրանք է կատարվում՝ ամեն կերպ, անգամ խախտելով Կանոնակարգը, հնարավորինս իջեցնել գրավորների գնահատականները: Ֆիզիկայի քննական հանձնաժողովի նման «օբյեկտիվ» աշխատանքի արդյունքում Երեւանի պետհամալսարանում թափուր մնաց 20 վճարովի տեղ եւ 19 տեղ՝ առանց տարկետման իրավունքի, Երեւանի պետական բժշկական համալսարանում 47 թափուր տեղ՝ առանց տարկետման իրավունքի: Նշված թերությունները հիմնականում հետեւանք են ֆիզիկայի քննական հանձնաժողովի ձեւավորման պրոցեսի անհասկանալի գաղտնիության, շահագրգիռ բուհերի եւ ֆակուլտետների ղեկավարների, այդ բուհերում աշխատող ճանաչված մասնագետների կարծիքների անտեսման, կարեւորագույն պետական գործն անհրաժեշտ փորձ եւ հմտություն չունեցող մարդկանց վստահելուն»,- ասում է Ա. Կիրակոսյանը: Նա ներկայացրեց մի քանի մասնագիտական դիտարկում՝ ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: Կարդացեք վաղվա համարում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել