Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցը լսվեց եւ մնաց օրակարգում

Սեպտեմբեր 12,2003 00:00

Հարցը լսվեց եւ մնաց օրակարգում Պետական ատյանները բավարար չափով մտահոգվա՞ծ են պարենային անվտանգության խնդիրներով «Սա ներկայացրել ենք Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն: Առաջին արձագանքն ուշ է եղել եւ լավ չի եղել»,- երեկ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին ներկայացնելով հանրապետության շուկայում առկա կեղծ եւ ժամկետանց սննդամթերքի մասին իրենց ուսումնասիրությունները՝ ասաց Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը: Պրն Եղոյանը հույս հայտնեց, որ նախարարությունից ոչ միայն համագործակցելու անորոշ պատրաստակամություն կհայտնեն, այլեւ կոնկրետ պատասխաններ կտան Միության կոնկրետ առաջարկներին: Դրանք ներկայացվեցին նաեւ Հանձնաժողովում՝ «Սպառողների իրավունքները եւ սննդի անվտանգության հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկմանը: Մասնավորապես Միությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում: Դրանցով սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներին իրավունք կտրվի շուկայում կեղծ եւ ժամկետանց ապրանքներ հայտնաբերելու դեպքում պետական մարմիններից պահանջել օգտահանել այդ ապրանքները շուկայից: Միությունը նաեւ առաջարկում է, որ որեւէ պետական կառավարման մարմին կոորդինացնի սպառողների շահերի պաշտպանության հարցերը, քանի որ մի քանի գերատեսչություններ են դրանցով զբաղվում: «Մենք կգերադասեինք, որ դա լիներ Ազատ տնտեսական մրցակցության հանձնաժողովը, որը չունի կոնկրետ ճյուղային ուղղվածություն, բայց կկարողանա կոորդինացնել՝ ելնելով միջազգային, նաեւ ԱՊՀ փորձից: Այդ առաջարկությունը դեռ չենք ներկայացրել այդ մարմնին, բայց գիտենք, որ այնտեղ կա նույն մտահոգությունը»,- ասաց պրն Եղոյանը: Վերոնշյալ առաջարկությունները եւ վերջին ութ ամիսներին 34 ապրանքների լաբորատոր ստուգման անմխիթար արդյունքները Սպառողների շահերի պաշտպանության միությունը ներկայացրել է Առողջապահության, Գյուղատնտեսության, Առեւտրի եւ տնտեսական զարգացման, Բնապահպանության նախարարություններ եւ Ազատ տնտեսական մրցակցության հանձնաժողով՝ այն հույսով, որ կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որն էլ կզբաղվի սպառողների շահերի պաշտպանությամբ: Իսկ զբաղվելու հարցեր, ինչպես ներկայացրեց երեկ զեկուցող Ա. Եղոյանը, շատ կան: Մասնավորապես, գործող օրենսդրությունն այսօր թույլ է տալիս պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների փոքր խմբաքանակ ներկրել առանց սերտիֆիկատի: Սա կեղծ եւ ժամկետանց սննդամթերքի ներկրման հիմնական ճանապարհն է համարվում: Ի դեպ, այդ ճանապարհն սկսվում է Թուրքիայից եւ անցնում է Վրաստանով: Կարելի է պատկերացնել, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը ինչքան կհեշտացնի այդ գործը: «Մանավանդ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց հետո մենք ավելի ենք լիբերալիզացրել մեր շուկան»,172 ասաց Ա. Եղոյանը: Նման ինֆորմացիայի հաղորդումից հետո, թվում էր, թե հանձնաժողովը պետք է սկսի ամենաբուռն քննարկումները, մանավանդ որ սկզբում հայտնված այն հանրահայտ մտքին, թե սննդի անվտանգություն նշանակում է ազգային անվտանգություն, բնականաբար ոչ ոք չառարկեց: Սակայն հանձնաժողովականները մի քանի մասնավոր (ընդ որում միաժամանակյա) զրույցներ ունեցան իրենց հարեւանների հետ, մի քանի այնպիսի հարցեր տվեցին զեկուցողին, որ նախագահ Հովհաննես Ասրյանը ստիպված էր դիտողություն անել. «Դա դու՛ք պիտի իմանայիք»: Այնուհետեւ հավանաբար ի գիտություն ընդունելով այդ խնդիրները հանձնաժողովի պարբերական ուշադրության տակ պահելու առաջարկությունը՝ ցրվեցին: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել