Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿԻ ՉԻ ՀԱՍԵԼ»

Սեպտեմբեր 12,2003 00:00

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿԻ ՉԻ ՀԱՍԵԼ» Գտնում է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հակոբյանը: – Լրացավ Նյու-Յորքի ահաբեկչության երկրորդ տարելիցը, եւ ահաբեկչության չհնացող թեման նորից թարմացավ: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է տեսակավորել ահաբեկչությունը, կա՞ ընդունելի եւ անընդունելի ահաբեկչություն: – Եթե մենք ահաբեկչություն ասելով հասկանում ենք այն գործողությունները, որոնք միջազգային իրավական նորմերում այդպես են բնութագրվում, ուրեմն պիտի բացառենք ահաբեկչության այդօրինակ տեսակավորումը՝ ընդունելի եւ անընդունելի: Ճիշտ այնպես, ինչպես չի կարող ընդունելի լինել սպանությունը, մանկապղծությունը, դավաճանությունը: Հակառակ դեպքում պետք է ընդունենք մարդակերների բարոյական նորմերը. ես խորովեցի եւ կերա քո ազգականին՝ եւ դա լավ է, դու կերար իմ հարազատին՝ դա արդեն վատ է: Մերոնց սպանելը ցավ է պատճառում, ձերոնց ոչնչացնելը՝ միայն հաճույք: Եւ եթե այդպիսի «բարոյականությունը» մերժելի է մեզ համար, ուրեմն մերժելի պետք է լինի նաեւ ահաբեկչությունը իր բոլոր դրսեւորումներով: Ի վերջո ամեն ինչ կարելի է բացատրել: Ուղղակի որոշ դեպքերում պետք է սահման դնել, որ այս բանը մերժում ես եւ դրա որեւէ բացատրություն չես ընդունում: Ցավոք, մեր հասարակությունը պատրաստ չի այդ մերժմանը: – Սովորաբար որպես նման դատողությունների հակափաստարկ բերում են Սողոմոն Թեհլերյանի օրինակը: – Թեհլերյանի եւ հայ մյուս վրիժառուների գործողությունները անցյալ դարի 20-ական թթ. ահաբեկչություն չէր: Ահաբեկչությունը հասցեագրված է հասարակությանը եւ պետությանը, այն փորձ է կատարում ոչնչացնել հասարակական եւ իրավական համակարգը: Այս դեպքում բռնությամբ փորձում են լուծել այս կամ այն պրոբլեմը եւ պահանջում՝ բռնությանը ենթարկված պետությունից եւ հասարակությունից, արդարացնել ահաբեկիչների գործողությունները: Իսկ Սողոմոնը ընդամենը իրականացրեց Անկարայի տրիբունալի Թալեաթի նկատմամբ մահապատժի դատավճիռը: Դա արդարացի վրեժխնդրություն էր: – Չե՞ք ընդունում, որ կախված ազգի մենթալիտետից, ահաբեկչությունը կարող է տարբեր դեմքեր ունենալ: Ասենք, «քյաբաբային» մենթալիտետի դեպքում կարելի է ընդունել սպանության կամ ահաբեկչության որոշ դրսեւորումներ, իսկ «ժյուլյենայինի» դեպքում՝ մերժել բոլորը: – Մի անգամ արդեն հրապարակավ ասել եմ. ահաբեկչության նախապատրաստումը սկսվում է ոչ թե զենք հայթհայթելուց, այլ՝ այդպիսի գործողության արդարացումից: Չգիտեմ ինչ են գերադասում համտեսել մեր որոշ մտավորականները, կամ քաղաքական գործիչները՝ քյաբա՞բ, թե՞ ժուլյեն, բայց եթե նրանք փորձում են բացատրել հասարակությանը /օրինակներն անսպառ են/, որ սպանությունը հանուն իսկական ազատության, իսկական արդարության, ազգի համար եւ այլն արդարացված է, ուրեմն նրանք նույն ահաբեկիչներն են: Ահաբեկչությունը չունի մենթալիտետ եւ ազգություն: Այն համընդհանուր չարիք է: – Ահաբեկչության կողմնակիցներն ասում են, որ դա ծայրահեղ միջոց է, երբ այլեւս ոչնչի չեն կարող հասնել մյուս մեթոդներով: Արդյոք չկա՞ նպատակ, որը կարդարացնի բոլոր միջոցները, ընդհուպ՝ ահաբեկչությունը: – Ահաբեկչությունը երբեք որեւէ նպատակի չի հասել. ոչ պաղեստինցիները, ոչ չեչենները, ոչ բասկերը, ոչ կորսիկացիները, ոչ հյուսիսային իռալանդացիները, ոչ էլ հայերը պայթյուններով որեւէ խնդիր չեն լուծել: Բայց ես այլ կերպ կձեւակերպեի հարցը. այդ ինչ՞ նպատակ է, որ արդարացնում է անմեղ մարդկանց սպանությունը8230 – Իսկ ահաբեկչության դեմ պայքարը որեւէ արդյունք կտա՞, եւ արդյո՞ք այդ պայքարն ինքը չի վերածվում պետական ահաբեկչության: – Կարծես թե այդ պայքարը արդյունավետ չէ: Ամերիկան որքան շատ է պայքարում, այնքան նրա դեմ գործողությունները շատանում են: Իսրայելն ունի ամենահզոր հակաահաբեկչական կառույցները, բայց դա չի փրկում այդ երկիրը բազմաթիվ կորուստներից: Այսինքն, պայքարել է պետք առաջին հերթին ահաբեկչությունը ծնող պատճառների դեմ: Կարծում եմ, չի կարելի ներքաշել ամբողջ հասարակությունը, պետությունը ահաբեկչության դեմ պայքարի մեջ, քանի որ ահաբեկիչները հենց այդպիսի արդյունքի մասին են երազում՝ ազդել այս կամ այն քաղաքական որոշման վրա: Ամերիկայի դեպքում՝ ազդեցին. ամերիկացիները խայծը կուլ տվեցին, գրավեցին Աֆղանստանն ու Իրաքը: Այդպիսով ահաբեկիչները լեգիտիմացրին իրենց հետագա գործողությունները: Հիշենք ոնց էինք կարեկցում ամերիկյան ժողովրդին երկու տարի առաջ: Դրանից գրեթե բան չմնաց, քանի որ ԱՄՆ-ն պայքարելով հրեշի դեմ՝ ինքը սկսեց ձեռք բերել հրեշի որոշ հատկություններ: – Եթե ահաբեկչությունն արդյունքի չի բերում, ինչո՞ւ դարեր շարունակ այն չի մարում: – Ահաբեկչությունը ձգողական ուժ ունի: Այն նյութական շահ չի հետապնդում, այն կատարվում է հանուն «վեհ գաղափարների», այն հիմնված է սոցիալական արդարության, ազգային անկախության, կրոնական մաքրության հասնելու իսկապես բարձր գաղափարների վրա: Այսպես, օրինակ, նացիոնալ-սոցիալիզմը ծնվեց 19-րդ դարի ռոմանտիզմից, ահաբեկչությունը՝ պարտիզանական կռիվներից, նույն հայկական ահաբեկչությունը ծնվեց 20-րդ դարի սկզբի միանգամայն արդարացված ազգային-ազատագրական պայքարից: Ծնունդը վեհ է, շարունակությունը բերում է իսկական չարիքի: Դրա համար միանգամից պետք է հարցը կտրուկ դնել. ահաբեկչությունը մերժելի է՝ անկախ գաղափարական հիմքից: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել