Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԱԳՈՒԼՈՎԻ ՏԱՆԸ

Սեպտեմբեր 12,2003 00:00

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԱԳՈՒԼՈՎԻ ՏԱՆԸ Հուլիսի 17-ի գիշերը Ռոբերտ Շաքարյանի դիակը հայտնվեց Ստեփանակերտի մորգում: Մեր աղբյուրը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում, հայտնեց, որ գիշերը ժամը 2-ին ոստիկանության աշխատողները ահազանգ են ստացել եւ մեկնել ԼՂՀ ՆԳ նախարար Արմեն Իսագուլովի՝ քաղաքի կենտրոնում գտնվող նորակառույց առանձնատունը: Առանձնատան ներքին հարդարման աշխատանքները դեռ ավարտված չէին եւ Երեւանից շինարարների մի խումբ այնտեղ դեռ աշխատում էր: Ռոբերտ Շաքարյանը Իսագուլովի տան պահակն էր: Նույն օրը մորգում Ռ.Շաքարյանի կնոջը՝ Գալյային հայտնել են, որ ամուսինը մահացել է սրտի կաթվածից: Գալյա Շաքարյանը բուժքույր է եւ աշխատում է հիվանդանոցում: Մորգում հարազատները դիակը տեղաշարժելու ժամանակ նկատել են, որ գլխի հետեւի ոսկորները ջարդված են եւ դուրս ցցված, իսկ շորերը՝ ամբողջովին արյունոտ: Նրանք բնականաբար չեն հավատացել, որ Ռ.Շաքարյանը մահացել է սրտի կաթվածից: Մորգում գտնվող հարազատների վկայությամբ՝ Ռ. Շաքարյանի մարմնի տարբեր մասերում կային նաեւ բազմաթիվ կապտուկներ: Իսկ քաղաքում այդ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Շաքարյանին ծեծելով են սպանել: Մահվանից հինգ օր անց հարազատների բազում դիմումներից հետո տվեցին մահվան պատճառը արձանագրած փաստաթուղթը, ըստ որի Ռ.Շաքարյանը մահացել է ալկոհոլային թունավորումից: Հարազատները, իհարկե, չեն հավատում, որ Ռ.Շաքարյանի մահվան պատճառը ոգելից խմիչքն է եղել: Սակայն նրանք վախենում են բողոքել: Կնոջ հետ հանդիպելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին: Ռ.Շաքարյանի բարեկամները, որոնց հետ հանդիպել էի մի քանի անգամ, փոխանցեցին կնոջ ասածները՝ ինքը որդի ունի եւ վախենում է նրա համար: Քաղաքում խոսում են նաեւ, որ այս դեպքից հետո Ա. Իսագուլովի որդին մեկնել է Ստեփանակերտից: Մի բան հստակ է, քանի ԼՂՀ ՆԳ նախարարը Ա. Իսագուլովն է, Ռ. Շաքարյանի մահվան իրական պատճառների մասին որեւէ բան չի պարզվի: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել