Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Սեպտեմբեր 12,2003 00:00

Ո՞Վ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ Մեր քաղաքական ասպարեզի առանձնահատկությունը շարունակում է մնալ այն, որ իշխանամետներն իրար դեմ են պայքարում, իսկ ընդդիմադիրներն՝ ընդդիմադիրների: «Ազգային միաբանության» եւ «Արդարության» գզվռտոցի նոր շրջափուլը սկիզբ դրեց «ԱՄ» պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, որը երեկ ճեպազրույցում էլ ակնարկներ արեց ընդդիմադիր գործընկերների հասցեին. «Թող որեւէ մեկը սնափառությամբ չտարվի եւ իր համար պատրանքներ չստեղծի, որ կարող է հեղինակել բազմաթիվ օրինագծեր եւ սակարկությունների մեջ մտնելով կոալիցիայի հետ՝ կյանքի կոչել այդ օրինագծերը»: Թեեւ նաեւ նշեց, որ ընդդիմությունը պետք է պարտադրի կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են ընտրարշավի ժամանակ: Ինչը, ի դեպ, եւ անում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը՝ ներկայացնելով այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղակի կրկնում են կոալիցվածների նախընտրական խոստումները, եւ նրանք ստիպված են լինում միանալ դրանց: «ՀԺ»-ն նկատեց, թե Հմայակ Հովհաննիսյանի խոսքերից դատելով՝ «ԱՄ»-ն խանդում է, որ «Արդարությունը» համագործակցում է կոալիցիայի հետ: «Եթե նրանք իրենց առաքելությունը բողոքավոր ընտրազանգվածի նկատմամբ տեսնում են ձայնակցելու մեջ՝ հանձնաժողովների ստեղծման հարցում՝ դա իրենց գործն է»,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը: Իսկ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը հավելեց. «Եթե իշխանությունների հետ լավ լինելը եւ համագործակցելը համարում եք խանդի առիթ՝ ժողովուրդը հակառակն է համարում: Դա հիմնավորում է այն միտքը, որ նրանք իրոք կապ ունեն իրար հետ»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, նշեց, թե որեւէ գործարք չկա. «Պարզապես ընդդիմության արծարծած որոշ խնդիրներ, հարցեր մեզ էլ են հետաքրքրում եւ մենք պիտի շարունակենք այդ փոխհարաբերությունները»: Իսկ ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանն «ԱՄ» մեղադրանքներին ի պատասխան նախ նշեց, թե բոլոր քաղաքական ուժերի հետ էլ համագործակցելու են այն օրինագծերի շուրջ, որոնք ի շահ ժողովրդի են: Հետո հիշեցրեց, թե ընդդիմադիրներից հատկապես ով նախագահի ընտրության 1-ին փուլից հետո խախտեց պայմանավորվածությունները եւ «Ռոբերտ Քոչարյանին հնարավորություն տվեց նկարելու լրացուցիչ 18%-ը»: Իսկ Վիկտոր Դալլաքյանը նշեց. «Կարծում եմ, որ իշխանությունների հետ գործարքի մեջ են այն քաղաքական ուժերը, որոնք կողմ քվեարկեցին մահապատժի վերացմանը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել