Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

Սեպտեմբեր 12,2003 00:00

ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ Նաիրի Հունանյանն ու իր նմանները հնարավորություն չեն ունենա ազատության մեջ հայտնվել ո՛չ քաղաքական իրավիճակի փոփոխման, ո՛չ բանտում բավարար վարք ցուցաբերելու կամ որեւէ այլ պատճառով: Այս հնարավորությունը կընձեռվի, եթե ընդունվի «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը նա պատրաստվում է շրջանառության մեջ դնել հաջորդ շաբաթ: Այն է՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ահաբեկչության կամ մանկահասակ աղջկա բռնաբարության համար ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա չպիտի տարածվի «Քրեական օրենսգրքի» 76-րդ հոդվածի 5-րդ կետը, ըստ որի՝ «Ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 20 տարին»: Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Առավոտը» փորձեց պարզել խմբերի եւ խմբակցությունների դիրքորոշումն այս նախաձեռնության նկատմամբ: Միանգամից նշենք, որ դեմ չարտահայտվեց եւ ոչ մեկը: Միայն որոշ խմբակցություններ՝ ՄԱԿ-ը եւ «Օրինաց երկիր»-ը նշեցին, թե կարիք ունեն իրավաբանների հետ նախնական քննարկումների եւ միջազգային փորձի ուսումնասիրության: «ՕԵ» փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այնուամենայնիվ ասաց. «Սկզբունքորեն գտնում ենք, որ կարելի է մտածել առանձին ծանր հանցատեսակների դեպքում նման մոտեցման մասին»: ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը դեռ մահապատժի վերացման քննարկման ժամանակ էր ասել, որ կմիանա այդ նախաձեռնությանը, իսկ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ խոստացավ, թե շատ ակտիվորեն կմասնակցեն այս հարցի քննարկումներին: Խորհրդարանական 6 կազմավորումների կեսը միանգամից կողմ արտահայտվեցին այս նախաձեռնությանը, որը կարելի է գնահատել իբրեւ «Քրեական օրենսգիրքը» գործողության մեջ դնելու մասին» օրենքով սահմանված, բայց կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը վավերացնելուց հետո ուժը կորցրած բացառությունների նորովի իրականացում: «Ժողովրդական պատգամավոր»-ի ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը պատմեց, որ 6-րդ արձանագրությունը խմբում քննարկելիս «միաժամանակ քննարկել էինք այս հարցը: Խումբն այս հարցում միակարծիք էր՝ պաշտպանելու ենք այն թեզը, որ մեր ազգին ոչ հարիր այդ 3 հանցատեսակները գործողները չպիտի հնարավորություն ունենան 20 տարի հետո հայտնվել ազատության մեջ: Այսինքն՝ պաշտպանելու ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը»: «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի պատասխանից դատելով՝ նրանք եւս կողմնակից են, որ որոշ ծանր հանցատեսակների պարագայում ցմահ ազատազրկում նշանակի՝ իրոք ամբողջ կյանքում զրկվել ազատությունից: Իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը դեռ մահապատժի վերացման առնչությամբ իր ելույթում էր նշել, թե կողմ են առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկմանը: Մեր հարցին, թե արդյոք սա Դաշնակցությա՞ն դիրքորոշումն է՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Ոչ միայն Դաշնակցության ներկայացուցչի, այլ նաեւ մի շարք պատգամավորների ելույթներում նշվում էր, որ թերեւս կարելի է հասարակության մեջ առկա մտահոգությունը վերացնել՝ ավելի խստացնելով «Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածները: Հիմա մենք աշխատում ենք մեր իրավաբան խորհրդատուների հետ, փորձում համեմատել այլ երկրների քրեական օրենքները: Սակայն կողմ ենք, որ իսկապես որոշակի հանցագործությունների համար պատժաչափը լինի ցմահ բանտարկությունը՝ առանց ներման իրավունքի: Սա մեր դիրքորոշումն է»: Մնում է, որ օրենսդրական այս նախաձեռնությունն առավելագույն արագությամբ դրվի շրջանառության մեջ եւ քննարկվի՝ քանի դեռ չի կայացվել «27»-ի գործով դատավճիռը: Այլապես հետո՝ համաձայն «Քրեական օրենսգրքի» 13 հոդվածի՝ պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը չի ունենա հետադարձ ուժ: Նշենք նաեւ, որ որոշ հանցագործությունների պարագայում վաղաժամկետ ազատ արձակվելու կամ երբեւէ ներման չարժանանալու հնարավորությունը կարեւորում ենք ոչ միայն հատկապես «27»-ի գործի առումով, այլ նաեւ այն ծանր հանցագործությունների, որոնք առանձնակի վտանգ են ներկայացնում հասարակության եւ պետության համար: Այս առումով՝ նախաձեռնությունը կարող էր վերաբերվել ոչ միայն վերոհիշյալ 3 հանցատեսակներին: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ՝ նոր «Քրեական օրենսգրքի» առաջարկվող փոփոխությունները վերաբերելու են նաեւ զրպարտությանը եւ վիրավորանքին: Ընդդիմությունը պատրաստվում է նախաձեռնել բոլոր այն փոփոխությունները, որ ԱԺ ղեկավարությանն անպտուղ առաջարկում էին եվրոպական երկրների դեսպանները: «Մեր մոտեցումն այն է, որ այս հանցանքների համար տարբերակումը պաշտոնատար անձանց եւ սովորական քաղաքացիների միջեւ պետք է հանվի,- հայտնեց Վիկտոր Դալլաքյանը:- Եվ երկրորդը՝ պետք է ապաքրեականացվի եւ ազատազրկում չպետք է նախատեսվի վիրավորանքի եւ զրպարտության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել