ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ԶՈՒՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑ Վստահ է Վազգեն Մանուկյանը Հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորության հարցին պատասխանելով, օրերս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե սահմանի վերաբացումն ամիսների խնդիր է. «Համենայնդեպս, այդպես մտածելու նախանշաններ կան»,- ասել էր պաշտպանության նախարարը, որը որեւէ վտանգ չի տեսնում սահմանի վերաբացման դեպքում՝ հիշեցնելով, որ նման մտավախություն կար նաեւ ժամանակին Իրանի հետ սահմանի վերաբացումից առաջ։ Սահմանի վերաբացման հնարավորության մասին այսպես վստահաբար խոսող հայ պաշտոնյաներին (այս մասին խոսել են կապի եւ տրանսպորտի, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները եւ մի շարք այլ պաշտոնյաներ եւս), անշուշտ, պետք է հայտնի լինեն թուրքական կողմի համապատասխան հայտարարությունները։ Օրերս Թուրքիայի վարչապետ Ռեջեւի Էրդողանը կրկին հայտարարեց, թե թուրքական կառավարության օրակարգում որեւէ հարց չկա Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը բացելու վերաբերյալ, իսկ ղարաբաղյան հարցում Թուրքիան շարունակելու է զորավիգ լինել Ադրբեջանին։ Այսինքն՝ նախապայմանները կան եւ մնում են, եւ լավատեսության հիմքեր առայժմ չկան։ Հայաստանի քաղաքական ուժերի միջեւ եւս կարծիքները խիստ տարբեր են եւ՝ եթե իշխանության մաս կազմող Դաշնակցությունը միանշանակ պնդում է, թե սահմանների բացումը հարկավոր չէ, հնարավոր չէ, իրատեսական չէ (համենայնդեպս՝ այս պահին), ապա ընդդիմության շարքերում գտնվող շատ քաղաքական ուժեր դեմ չեն սահմանների բացմանը։ Հասկանալի է, որ երկու դեպքում էլ խոսվում է «առանց նախապայմանների» բացման մասին։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով. «Հայաստանը միշտ էլ շահագրգռված է, որպեսզի սահմանները բացվեն եւ դա պետք չէ կապել քաղաքական հարցերի հետ, դա պետք է դիտարկել որպես զուտ տնտեսական հարց։ Իհարկե՝ տնտեսության ետեւից գալիս է նաեւ՝ քաղաքականությունը։ Այն վտանգը, որ ներկայացվում է, թե՝ իբր, Հայաստանի ներքին շուկան չի պաշտպանվի եւ այլն, կարծում եմ՝ մի քիչ շինծու, հնարված մեղադրանք է։ Եվ վերջիվերջո, Հայաստանի ներքին շուկան այնքան փոքր է, որ Հայաստանի ապագա զարգացումը հիմնականում պետք է ուղղված լինի դեպի դուրս։ Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, ճանապարհները բացելը յուրաքանչյուրի հնարավորություններն է մեծացնում։ Եվ եթե հասարակությունն ինքնապաշտպանության բնազդներ չունի, չկան արժեքներ, որոնք ինքը գնահատում է, խաչմերուկում գտնվելով, նա կարող է փոշիանալ։ Բայց սա այն պրոբլեմն է, որը միշտ է կանգնած մեր առջեւ։ Ո՞նց մենք ունենանք այն շաղախը, այն ազգային էթիկան, այն մտածողությունը, այն չգրված օրենքներն ու արժեքների գնահատումը, որոնցով պետք է կառուցված լինի ամեն մի հասարակություն։ Ցավոք սրտի, մենք անպաշտպան ենք այդ տեսակետից»։ Նկատեցինք, որ կոալիցիոն կառավարության անդամ Դաշնակցությունը միակն է, որ միանշանակ դեմ է սահմանների բացմանը։ Հնարավո՞ր է, որ այս հարցն առիթ դառնա կոալիցիայի պառակտման։ Պրն Մանուկյանն ասաց, որ այդպես չի կարծում. «Կոալիցիայի մեջ միավորվել են ոչ թե ընդդեմ կամ՝ կողմ Թուրքիային»։ Օրերս ՀՅԴ ներկայացուցիչը հանդես եկավ հայտարարությամբ, որում մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի վերը նշված հայտարարությունը, մասնավորապես ասվում է. «Սահմանը փակել է Անկարան եւ պետք է բացի Անկարան։ Իսկ Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը եւս մեկ անգամ փաստում է, որ Թուրքիայի իշխանությունները պատրաստ չեն լսելու միջազգային հանրության պահանջը, պատրաստ չեն տարածաշրջանում գործել համագործակցության եւ հանդուրժողականության մթնոլորտում եւ շարունակելու են ուրանալ Հայոց ցեղասպանությունը, ոտնահարել մարդկային եւ միջազգային բոլոր նորմերը եւ՝ շրջափակել Հայաստանը»։ ՀՅԴ հայաստանյան ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը երեկ «Առավոտին» ի հավելումն ասաց. «ՀՀ տարածքում արտաքին քաղաքականությունն իրականացվում է համապատասխան մարմինների եւ այրերի կողմից։ Մնացած բոլոր նախարարները եւ պաշտոնյաներն իրավունք ունեն դատողություններ անել եւ տեսակետներ արտահայտել, բայց դրանք մնում են սոսկ՝ իբրեւ սեփական տեսակետներ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ