Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Սեպտեմբեր 11,2003 00:00

ՀԻՄԱ ԷԼ՝ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ Խմբագրությանը հասցեագրված ԳԱԱ Լեզվի ինստիտուտի «բազմաչարչար գիտնականների» նամակում բողոք կար աշխատավարձերի ուշացման հետ կապված։ Նամակագիրը, սակայն, կարեւորը դա չի համարում, այլ իրենց «բացահայտումը», որ «որոշ ագահ օլիգարխներ» փորձում են վաճառքի հանել ԳԱԱ շենքերը (այդ թվում եւ՝ Լեզվի ինստիտուտինը), իբր աշխատավարձ տալու համար, ինչից, համենայնդեպս, մեզ դիմող գիտնականների խումբը հրաժարվում է՝ «այդ գնով ստացած աշխատավարձը մեզ պետք չէ»։ «Աշխատավարձի ուշացում վերջին տարիներին չկա»,- խնդրի շուրջ պարզաբանումն սկսեց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։ Հետո նշեց, որ «Գիտությունների ակադեմիայի բոլոր կազմակերպություններն իրենց աշխատավարձը ստանում են Գիտության եւ կրթության նախարարությունից, եւ վաճառքից ստացված գումարով աշխատավարձ վճարել ոչ մի ինստիտուտ չի կարող»։ Ավելին, «Գիտության մասին օրենքով ակադեմիան ոչ մի շենք վաճառելու իրավունք չունի»։ Նա չթաքցրեց, որ «վերջին տարիներին շատ ոտնձգություններ են եղել, որպեսզի գրավվի Լեզվի ինստիտուտի շենքը, բայց հենց նույն օրենքով կարողացել ենք պահպանել»։ Բողոքի բովանդակության մեջ ակադեմիայի նախագահը նկատեց տեղեր, «որոնց հետ ես համաձայն եմ, բայց ընդհանուր առմամբ նյութը գրված է անտեղյակ մարդու կողմից»։ Քանի որ տեքստում հիշատակված է նաեւ Գրիգոր Լուսավորչի 15 հասցեն (որտեղ ԱԻՄ-ի գրասենյակն է), նաեւ՝ որ նամակը ստորագրած Ս. Ղազարյան անունով գիտնականին չճանաչեցին նույնիսկ հայրենի լեզվի ինստիտուտում, հնարավո՞ր է, որ այս գործում Հայրիկյանի մատը խառը լինի։ Պարոն Սարգսյանն այդ մասին (եւ նամակագրի մասին) սահմանափակվեց ձեռնպահ պատասխանով՝ «չգիտեմ, չեմ կարող ասել, թե ով է գրել եւ ինչ նկատառումներով»։ Ասենք, որ Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը նույնպես լսել էր լուրեր, որ «շենքն ուզում են մասնավորեցնել, բայց ո՞վ, ե՞րբ՝ հստակ չէ։ Այդպիսի անուն-ազգանունով մարդ չկա, այդպիսի նախաձեռնող խումբ չկա, ինստիտուտն արդեն ստացել է օգոստոսի աշխատավարձը եւ այդ խնդիրը չկա»։ Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել