Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ

Սեպտեմբեր 11,2003 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ Եվրոպայի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար պայքարող ազգային հավաքականների հետ միասին Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար մրցում են նաեւ երիտասարդական հավաքականները։ Մեր երիտասարդները Հյուսիսային Իռլանդիայում 1։3 հաշվով զիջեցին տեղի իրենց հասակակիցներին։ Ընդ որում, արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացել է Լեւոն Փաչաջյանը։ Սակայն դաշտի տերերից Ֆինին (52-րդ րոպեին), Մաքֆլինը (72) եւ Դեյվին (87) վերջնական հաղթանակ են բերել իրենց թիմին։ Նույն օրը 6-րդ ընտրական խմբում Իսպանիան երկու անպատասխան գնդակ է անցկացրել Ուկրաինայի երիտասարդականի դարպասը։ Այստեղ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1. Իսպանիա՝ 16 միավոր (7 խաղից), 2. Հունաստան՝ 12(7), 3. Ուկրաինա՝ 11(8), 4. Հայաստան՝ 5(7), 5. Հյուսիսային Իռլանդիա՝ 4(7)։ Հայաստան-Հունաստան սկանդալը շարունակվում է «Մեդիամաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պաշտոնական նամակ է հղել իր հույն գործընկեր Վասիլիոս Գագացիսին, որում առաջարկել է պատժել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանին, որը Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անունից 1 մլն դոլար կաշառք էր առաջարկում հայկական կողմին։ Ռուբեն Հայրապետյանը Վասիլիոս Գագացիսին հայտնել է, որ Երվանդ Սուքիասյանը գտնվում է Հունաստանի տարածքում, եւ այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է նրա նկատմամբ իրավական քայլեր ձեռնարկել։ «Եթե Ե. Սուքիասյանը գտնվեր Հայաստանում, մենք նրան պատասխանատվության կենթարկեինք»,- հայտարարել է ՀՖՖ նախագահը։ Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանը Վ. Գագացիսին առաջարկել է տրամադրել խնդրո առարկա ձայներիզը, որում Ե. Սուքիասյանը Հունաստանի ֆեդերացիայի անունից կաշառք էր առաջարկում եւ նույնիսկ ճշտում գումարի փոխանցման մանրամասները։ Իսկ մինչ այդ… Նույն «Մեդիամաքս» գործակալությունը հաղորդում է, որ ՈՒԵՖԱ-ն որոշում է ընդունել կարգապահական տեսուչ նշանակելու մասին, որը կզբաղվի ՀՖՖ-ին կաշառելու փորձի մասին գործի քննությամբ։ ՈւԵՖԱ-ի մամլո ծառայությունում հայտնել են, որ տեսուչը կուսումնասիրի խաղը «գնելու» փորձերի մասին հայտարարությունները։ «Մենք խնդրել ենք տեսուչին ուսումնասիրել մեղադրանքների բոլոր տարրերը, ներառյալ այն, թե կոնկրետ ինչպե՞ս էին դրանք առաջադրվել։ Ուսումնասիրության ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն որոշում կընդունի հետագա միջոցների մասին»,- հայտարարել է այդ կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մայք Լին։ ՈՒԵՖԱ-ի տեսուչը պետք է իր զեկույցը ներկայացնի հոկտեմբերի 11-ից ոչ ուշ՝ հենց այդ օրն են անցկացվելու 2004 թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումները։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել