Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առանց կռիվ-ղալմաղալի

Սեպտեմբեր 11,2003 00:00

Առանց կռիվ-ղալմաղալի Փոսի թատրոնի տնօրենը՝ «Մետրոյի» մասին Սեպտեմբերի 9-ին հրավիրված մամլո ասուլիսում «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը գուժեց իրենց թատրոնի հնարավոր փակման մասին։ Նա նաեւ անհեթեթություն էր համարում «Մետրո» թատրոնի տանիքի տակ եւս մեկ՝ Երեւանի պետական երիտասարդական (Փոսի) թատրոնի գործունեությունը։ Փոսի թատրոնի տնօրեն Գուրգեն Սեդրակյանը, սակայն, գտնում է, որ երկու թատրոնների համագործակցությունը կտա ցանկալի արդյունք եւ «դրա ձայնը դեռ կլսվի»։ «Նիկոլայ Ծատուրյանը տաղանդավոր մարդ է եւ դա փաստ է։ Բայց եթե տարեկան 8 մլն դրամով չի կարողանում թատրոն պահել, ներկայացում անել՝ դա էլ է փաստ։ Երբ ես եկա Փոսի թատրոն, մեր բյուջեն ընդամենը 5 մլն էր, բայց մենք տարեկան 4-5 ներկայացում էինք պատրաստում»,- նկատեց Գ. Սեդրակյանը։ Նա տեղեկացրեց, որ շուտով Փոսի թատրոնն իր ողջ կոլեկտիվով իսկապես կտեղափոխվի «Մետրո» թատրոնի շենք, որովհետեւ իրենց մոտ «կռիսանոց» է եւ «հաճախ քիչ է մնում ներկայացման ժամանակ կռիսները հանդիսատեսի ոտքերի տակ ընկնեն»։ Ի դեպ, Գ. Սեդրակյանը երկու թատրոններում էլ կհամատեղի տնօրենի պաշտոնը, «Մետրոյում»՝ անվճար։ Նա հավաստիացրեց, որ երկու թատրոնների «միաձուլման» արդյունքում «Մետրոյի» աշխատակիցները չեն կրճատվի։ Ինչ վերաբերում է վերջինիս գեղղեկավար Ն. Ծատուրյանին, պատրաստ են համագործակցել, «եթե, իհարկե, նա ցանկանա»։ Ըստ Փոսի թատրոնի տնօրենի, իրենց գեղարվեստական ղեկավար Ազատ Գասպարյանը չի պատրաստվում վերադառնալ «հայրական տուն»՝ «Մետրո» թատրոն, ուր աշխատել է երկար տարիներ եւ «չի էլ պատրաստվում իրենց բաժանումը կռիվ-ղալմաղալով, թերթ ու ասուլիսով նշանավորել»։ Գ. Սեդրակյանի խոսքերով, Ա. Գասպարյանը պարզապես ավելորդ է համարում փոքրիկ թատրոններում գեղարվեստական ղեկավարի հաստիքը. «Ճիշտը տնօրենն է ու հրավիրված ռեժիսորներից բաղկացած գեղխորհուրդը։ Որովհետեւ այսօրվա գեղարվեստական ղեկավարներն իրենց ինքնիշխանությամբ հաճախ վնասում են գործին»։ Նիկոլայ Ծատուրյանի հետ Գուրգեն Սեդրակյանի երկխոսությունը նոր թատերաշրջանը սկսելուց առաջ՝ կարծես չի ստացվում. «Քանի անգամ զանգահարել եմ Ծատուրյանին, ավտոմատն ասել է՝ տանը չէ։ Թողել եմ հաղորդագրություն, որ ուզում եմ անպայման իր հետ հանդիպել, խոսել։ Սակայն որեւէ արձագանք առայսօր չեմ ստացել»։ Գ. Սեդրակյանը հակառակվեց նաեւ Ն. Ծատուրյանի՝ ասուլիսում արած հայտարարությանը, թե իրենց թատրոնում վերջին անգամ մի քանի ամիս առաջ ներկայացում է եղել. «Ես երեկ եղել եմ «Մետրո» թատրոնում։ Էնտեղ հաստատ մի քանի ամսվա փոշի ու կեղտ չէր։ Նրանք ունեն հրաշալի բեմ ու պայմաններ՝ ստեղծագործելու համար։ Ախր ինչո՞ւ են անընդհատ ամեն ինչում ուրիշներին մեղադրում։ Աշխատելու հազար ու մի ձեւ կա։ Օրինակ, մենք պայմաններ չունենք, բայց ողջ ամառ արձակուրդ չենք գնացել։ Փոխարենը մարզերում ենք խաղացել՝ Սեւանում, Ծաղկաձորում։ Երբեմն քիչ են վճարել, երբեմն՝ ոչինչ չեն վճարել, բայց քիչ գումարով էլ գործ ենք արել»։ Հասցեի փոփոխությունից («Մետրո» թատրոնը 3-րդ մասում է, Փոսի թատրոնը՝ Թումանյան փողոցում) Գ. Սեդրակյանը չի վախենում։ Կարծում է, որ կարեւորը լավ ներկայացումներն են, որոնք ավելի կշահեն, եթե թատրոնը «թարմացվի» նոր կադրերով։ Իսկ երիտասարդների ուժերով, ըստ Գ. Սեդրակյանի, տասն անգամ ավելի քիչ գումարով երբեմն ավելի լավ ներկայացում է ստեղծվում, «քան դա անում են որոշ գեղարվեստական ղեկավարներ՝ պահանջելով 1500-2000 դոլար»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել