Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԸ ՓԱՍՏ Է ԾՆՈՒՄ

Սեպտեմբեր 11,2003 00:00

ՓԱՍՏԸ ՓԱՍՏ Է ԾՆՈՒՄ Արդարադատության նախարարությունը բանավիճում է ինքն իր հետ Օգոստոսի 30-ի «Առավոտում» արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը սպառնում է, որ «այլեւս չի բանավիճելու»: Այդ վերնագրով նրա պարզաբանումներից բաղկացած ծավալուն հոդվածի նպատակն է վերջակետ դնել օգոստոսի վերջերին ծագած հեռակա բանավեճին՝ իր եւ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի, ապա նաեւ՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի միջեւ: Բանավեճի թեման թվում է, թե արդեն ժամանակավրեպ է, քանի որ վերաբերում է 2003թ. փետրվար-մարտ ամիսներին հանրահավաքներին եւ ցույցերին մասնակցած եւ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց: Արդարադատության նախարարությունը վերջիններիս թվաքանակի վերաբերյալ բերում է որոշակի տվյալ, որին վերապահումով են մոտենում Տ. Տեր-Եսայանը եւ Ա. Իշխանյանը: Եվ ծայր է առնում բանավեճը: Սակայն վերջին՝ «Այլեւս չեմ բանավիճելու» հոդվածի մեջ տեղ գտած որոշ «փաստեր» առաջ են բերում նորանոր հարցեր, որոնց ուզում ենք անդրադառնալ: Արա Սաղաթելյանը նշում է՝ «փաստ է, որ փետրվարի 27-ին Հայաստանի հելսինկյան կոմիտեին որեւէ տվյալ չի տրամադրվել, քանի որ փետրվարի 27-ին նախարարությունում որեւէ ցուցակ գոյություն չի ունեցել (առաջին ցուցակի կազմումը, անհրաժեշտ համատեղ միջոցառումների շնորհիվ, ավարտվել է փետրվարի 28-ի ուշ երեկոյան եւ պարունակել վարչական պատասխանատվության ենթարկվածների ընդամենը հարյուր հոգու տվյալներ, որոնցից ամենեւին 86-ը չէ, որ ենթարկված էին վարչական կալանքի)»: Մինչ այս «փաստին» անդրադառնալը, Ա.Սաղաթելյանը այլ «փաստ» էր բերել, համաձայն որի «արդարադատության նախարարությունը կուտակում է զուտ վիճակագրական տվյալներ եւ տույժերի ենթարկվածների ցուցակ»: Իսկ դեռես օգոստոսի 19-ին, բանավեճի սկզբում, Արա Սաղաթելյանը «Առավոտին» պարզաբանել էր, թե «այն մասին, որ պարոն Տեր-Եսայանը թերեւս իրոք պատշաճ տեղեկացված չէր այդ գործընթացի մասին, վկայում է այն, որ մատնանշել է, թե արդարադատության նախարարությունը հրապարակել է 86 հոգու վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, բայց երբեւէ չի եղել նման թիվ»: Այնինչ, մի քանի օր շարունակ հայկական մամուլը հասարակությանը մատուցում էր Ա.Սաղաթելյանի բերած տվյալները, որոնց մեջ կար այդ թիվը: Դեռ փետրվարի 26-ին «Այբ-Ֆե» օրաթերթը տպագրել է Ա.Սաղաթելյանի ստորագրությամբ տարածված հաղորդագրությունը, որում ամենայն մանրամասնությամբ գրված են փետրվարի 25-ի դրությամբ վարչական պատասխանատվության ենթարկվածների՝ 125 եւ կալանավորվածների՝ 70 թիվը, ինչպես նաեւ նշվում է, որ դրանց մեջ զգալի թիվ էին կազմում նախկինում քրեական պատասխանատվության ենթարկվածները: Ապա, հաջորդ օրվա՝ փետրվարի 27-ի «Օրրան» օրաթերթում նույն Ա.Սաղաթելյանը հաղորդագրություն է տպագրել, համաձայն որի՝ փետրվարի 26-ին վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը հասել է 134-ի, որոնցից 78-ը՝ կալանավորվել են: Դրանցից 24-ը նախկինում դատվածներ են, ընդ որում՝ թեթեւից մինչեւ ծանրագույն հանցագործությունների համար: Փետրվարի 28-ին, «Հայկական ժամանակ» օրաթերթը, վկայակոչելով արդարադատության նախարարության մամլո քարտուղար Արա Սաղաթելյանին, տպագրել է հետեւյալը. «Երեկ երեկոյան վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը կազմում էր 155, իսկ կալանավորվածներն արդեն 86-ն են»: Իսկ նույն օրվա «Առավոտը» գրում է. «Ըստ արդարադատության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանի, փետրվարի 27-ի դրությամբ վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը հասել է 158-ի: Իսկ կալանավորվածներն երեկ արդեն 86-ն էին»: Ավելին, մարտի 4-ին «Հայկական ժամանակը» գրում է, որ «մարտի 1-ի ժամը 20-ի դրությամբ, կալանքի տակ գտնվող 86 քաղաքացիներից 48-ն արդեն ազատության մեջ էին»: Հետաքրքիր է, եթե արդարադատության նախարարությունում առաջին ցուցակն ի հայտ է եկել փետրվարի 28-ի ուշ երեկոյան, ապա մի քանի օր շարունակ ինչի՞ հիման վրա էին այս տվյալները հաղորդվում: Եթե միայն զուտ վիճակագրական տվյալների, ապա ինչո՞ւ է պարոն Սաղաթելյանը նշում, որ իրենց նախարարությունը կուտակում է «տույժերի ենթարկվածների ցուցակ», եւ կամ մի՞թե վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը պիտի անցներ մեկուկես հարյուրյակը եւ նոր միայն կազմվեր այդ ցուցակը: Իսկ նկատեցի՞ք, թե քանի անգամ է ինքը՝ պրն Սաղաթելայնը հիշատակել 86 վիճահարույց թիվը: Փաստ է, որ նման թիվ «եղել է»: Բայց էական չէ, որ պրն Սաղաթելյանը չի հիշում, թե կես տարի առաջ ինչ թվեր է ներկայացրել լրատվամիջոցներին: Էականն այն է, որ թեկուզ մի դեպքի առկայությունը կարող էր հիմք տալ Տիգրան Տեր- Եսայանին, եւ ցանկացած իրազեկ անձի, վերապահումով մոտենալ արդարադատության նախարարության բերած տվյալներին: Ինչը եւ արձանագրվել է օգոստոսի 19-ին՝ Տիգրան Տեր-Եսայանի «Առավոտին» տված հարցազրույցում: Սակայն այն, որ առ այսօր չեն հրապարակվել վերջնական տվյալներ, թե այդ լարված օրերին իրականում քանի մարդ ենթարկվեց վարչական պատասխանատվության, քանիսը՝ կալանավորվեց, քանիսը՝ տուգանվեց, եւ առավել եւս, այդ տվյալների հավաստիությունը ընդգծելու համար որեւէ տեղ չի հրապարակվել վարչական պատասխանատվության ենթարկվածների ճշգրիտ եւ վերջնական ցուցակը, հերթական եւ թերեւս ամենակարեւոր փաստն է: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Գ. Երբ պրն Սաղաթելյանից խնդրեցինք իրենց իսկ կազմած ցուցակը, որպեսզի համեմատենք բոլոր կասկածելի թվերը, պարզվեց, որ նման ցուցակ արդարադատության նախարարությունում չկա, քանի որ «ցուցակ կազմելու գործառություններ արդարադատության նախարարությունը չունի»: Բայց Ա.Սաղաթելյանը պատրաստակամորեն առաջարկեց արխիվից հանել վարչական կալանքի ենթարկվածների գործերը եւ միասին կազմել նոր ցուցակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել