Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ ՉԷ

Սեպտեմբեր 11,2003 00:00

ԳՅՈՒՄՐԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ ՉԷ Հարցազրույց Շիրակի մարզի դատախազ Համլետ Հովսեփյանի հետ – Մեկ ամիս է, ինչ ստանձնել եք մարզի դատախազի պաշտոնը։ Ի՞նչ գործեր են փոխանցվել ձեզ։ – Ըստ էության ծանր գործեր չկան փոխանցված։ Հուլիսի 11-ին ավտոկայանի տնօրենի սպանության գործը բացահայտված է. սպասում ենք փորձագիտական եզրակացություններին, որպեսզի ավարտենք եւ գործն ուղարկենք դատարան։ Ունենք մեկ սպանության դեպք էլ («Առավոտը» անդրադարձել է. 17-ամյա պատանին դանակահարել էր 14-ամյա դպրոցականին)։ Արտառոց դեպքեր չկան։ Իրադրությունը քաղաքում եւ մարզում կայուն է։ – Կա՞ն հանցագործություններ, որ առանձնահատուկ են Շիրակի մարզի համար։ – Սահմանամերձ շրջանում տարածված է անասնագողությունը։ 5 օր առաջ Ախուրյանի տարածքում բավականին լուրջ բացահայտում ունեցանք։ 22-ից ավելի անասնագողության դեպք բացահայտվեց։ Տարածված են նաեւ առեւանգումները՝ ամուսնության նպատակով։ – Դուք ասացիք, որ իրավիճակը կայուն է, սակայն հանրության մեջ կա տարածված կարծիք, որ Գյումրին, Էջմիածնից հետո, հեղինակությունների հավաքատեղի է։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։ – Այդպիսի բան գոյություն չունի, եւ ոչ ոք թույլ չի տա, որ ինչ-որ հեղինակություններ եղանակ ստեղծեն Գյումրիում։ – Գյումրիում շրջելիս, քաղաքացիների հետ զրուցելիս հաճախ էի լսում բողոքներ՝ կապված հոսանքի հավելագրման հետ։ Ինչ-որ միջոցառումներ չե՞ք ձեռնարկում այդ կապակցությամբ եւս։ – Մենք նյութեր ենք նախապատրաստել եւ քրեական պատասխանատվության հարց ենք դնում։ Գյումրու էլցանցի մասնաճյուղի ղեկավարությանն ենք նույնիսկ զգուշացրել։ – Պարոն Հովսեփյան, մի քանի օր առաջ հանդիպել եմ Խրիմյան Հայրիկի փողոցի 59 շենքի բնակչուհիների հետ, որոնք ծեծի էին ենթարկվել ԴԱՀԿ աշխատակիցների կողմից։ Տեղյա՞կ եք այդ մասին։ – Այդպիսի բան ինձ հայտնի չէ։ Մեզ չեն դիմել։ Ես գտնում եմ, որ եթե պաշտոնատար անձ է եւ թույլ է տվել իր լիազորությունների գերազանցում ու օրենքից իրեն վեր է դասել, պետք է պատժվի։ – Դուք, փաստորեն, տեղացի չեք։ Այդ հանգամանքը ձեզ չի՞ խանգարում։ – Տեղացու հանգամանքը հաճախ բացասական է անդրադառնում։ Տեղացիները շատ մեծ կապերի մեջ են եւ ինչ որ առումներով՝ կաշկանդված։ Ես այստեղ, եթե նկատեցիք, բարեկամներ եւ հարազատներ չունեմ, կաշկանդված էլ չեմ։ – Պարոն Հովսեփյան, Ազատամարտի վետերանների միության համանախագահի ձեր գործունեությունը «սառեցրե՞լ» եք եւ նորմա՞լ եք համարում, երբ քաղաքական գործիչը դատախազ է դառնում։ – Քաղաքական գործիչը նաեւ իր մասնագիտությունն ունի։ Ես իրավաբան եմ, դատախազության համակարգում նոր մարդ չեմ։ Եկավ պահը, երբ իմ մասնագիտությամբ պիտի աշխատեի։ Դատախազության, ոստիկանության, պաշտպանության նախարարության աշխատակիցներն օրենքով իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։ Ես դադարեցրել եմ իմ քաղաքական գործունեությունը, թողել եմ իմ ընկերներին՝ զբաղվելու քաղաքականությամբ։ – Շիրակի մարզի դատախազությունում կադրերի տեղաշարժ սպասվո՞ւմ է։ – Նախ տեղեկացնեմ, որ փորձառու կադրեր են աշխատում։ Նրանցից 4-ը տեղակալներ են, 5-ը՝ ավագ օգնականներ, 10-ը՝ դատախազի օգնականներ, 3-ը՝ ավագ քննիչներ, 4-ը՝ քննիչներ։ Նպատակ չունեմ նրանց փոխելու։ Իսկ եթե կլինեն առանձին դեպքեր, հնարավոր է՝ հարցը վերանայել։ – Քաղաքացիների բողոքների զգալի տոկոսը ո՞ր ոլորտին է վերաբերում։ – Ասենք, ծեծել են, դիմել են ոստիկանությանը, ընթացք չի տրվել։ Բողոքների բնույթը հիմնականում կենցաղային է։ Շատ հաճախ իրավաբանական օգնություն ենք ցույց տալիս։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Գյումրի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել