Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլերի երկխոսություն

Սեպտեմբեր 11,2003 00:00

Խուլերի երկխոսություն Հայերն՝ ընդհանրապես, եւ ԱԺ պատգամավորները մասնավորապես, առայժմ չեն տիրապետել հարց տալու արվեստին։ Հարցի մեջ մենք սովորաբար այնքան սեփական դատողություններ ենք ներդնում, որ այն դառնում է ելույթ։ Հատկապես դա երեւում է ԱԺ-ում «հարց ու պատասխան» միջոցառման ժամանակ։ Արշակ Սադոյանը, սկսելով «ԱրմենՏելից» եւ «Զվարթնոցից» հասավ այնտեղ, որ կոալիցիոն կառավարությանն անվանեց «չակերտավոր կոալիցիոն կառավարություն»։ Վարչապետը որոշեց ջուր չլցնել Ա. Սադոյանի ջրաղացին եւ հարցին բավականին կոպիտ պատասխանեց. «Որպեսզի իրար նկատմամբ հանդուրժող լինենք եւ իրար հարգենք, ես պրն Սադոյանի ասածը համարում եմ կոալիցիայի նկատմամբ վերաբերմունքի բացակայություն կամ՝ միտումնավորություն, երբ նա խոսում է չակերտավոր կոալիցիայի մասին։ Կոալիցիան չակերտավոր չէ, եւ կառավարությունը պատրաստ է պատասխանել այն պատգամավորներին, ովքեր իրենց դիրքը եւ վերաբերմունքը պետության ինստիտուտների նկատմամբ ունեն։ Ես նույն հաջողությամբ կարող եմ ասել՝ չակերտավոր պատգամավորի հարցերին կառավարությունը չի պատասխանում»։ Արշակ Սադոյանն ասաց, թե ինքը հասկանում է, բայց երեւի այնքան էլ չէր հասկանում, որովհետեւ շարունակեց կրկնել իր հարցը՝ «կա՞ հայեցակարգ, կա՞ ծրագիր, խուսափել պատասխանելուց՝ չակերտավորը մատի փաթաթան դարձնելով, ես կարծում եմ, վայել չէ մեր կառավարությանը»։ Հմայակ Հովհաննիսյանը էստաֆետը վերցնելով Արշակ Սադոյանից, հայտարարեց, թե ինքը պատրաստվում է շրջանառության մեջ դնել դեռ չորս տարի առաջ ՕԵԿ-ի կողմից ներկայացված օրենքի նախագիծը՝ ավանդների վերադարձման վերաբերյալ։ Ավանդների վերադարձման հնարավորությունը քննող ԱԺ նորաստեղծ ժամանակավոր հանձնաժողովն ի՞նչ անելիք ունի, եթե կառավարության ստեղծած հանձնաժողովն արդեն զբաղվել է հարցով, ու կառավարությունը հնարավորություն կունենա՞ հանձնաժողովի որոշումն իրականացնել, մանավանդ որ արդեն հայտարարել է, թե նման հնարավորություն չկա։ Հարցին անձամբ վարչապետը պատասխանեց. «Ես նույն կարծիքին եմ մնում ինչպես մեկ տարի առաջ, եւ այդ կարծիքը մենք չենք փոխել նաեւ ընտրությունների ժամանակ։ Բայց կառավարությունը եւ հանրապետական կուսակցությունը համաձայնվեցին ստեղծել հանձնաժողով, որովհետեւ որոշակի աշխատանք կիսատ էր մնացել։ Բոլոր նյութերը պատրաստ են արդեն երկու տարի, երկու տարվա ընթացքում մենք հսկայական նյութ ենք կուտակել, որը հնարավորություն կտա մեխանիզմները ներկայացնել։ Մենք գտնում ենք, որ այն գումարը եւ այն մեխանիզմները, որ նախկինում ներկայացված էր, կառավարությունն ի վիճակի չէ կատարել, բայց եթե ԱԺ-ն կներկայացնի համապատասխան ինդեքսացիայի մեխանիզմ եւ քաղաքական համաձայնության կգա, թե ինչպես ենք փոխհատուցելու եւ ինչ ժամանակահատվածում, ապա կառավարությունը պատրաստ է այդ հարցը քննարկել հետագա տարիների բյուջեներում»։ Վարչապետի ասածից ակնհայտ էր, որ այս տարի եւ եկող տարի նույնպես ավանդատուները պետք չէ, որ հույսեր փայփայեն իրենց ավանդների ստացման համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել