Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 11,2003 00:00

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պե՞տք է արդյոք մեր երկրին երկու նախարարություն, որոնք զբաղվում են տնտեսական խնդիրներով Մեկը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն է, մյուսը՝ առեւտրի եւ տնտեսության զարգացմանը: Անգամ երկու նախարարությունների կանոնադրություններում կրկնվող գործառույթներ կան: Էկոնոմիկայի նախարարությունը անկախ Հայաստանի պատմության ընթացքում գրեթե միշտ տնտեսության առանցքային հարցերով զբաղվելու լիազորություններ է ունեցել: Ավելին, մեր մի քանի կառավարություններում այս նախարարությունը լայն լիազորություններ է ունեցել եւ այն քիչ նախարարություններից էր, առանց որի եզրակացության՝ որեւէ փաստաթուղթ, որոշման նախագիծ կամ հարց կառավարության նիստի օրակարգ չէր մտնում: Ինչպես նաեւ՝ այս նախարարության համակարգման ներքո էին գործում հարկային եւ մաքսային վարչությունները: Իսկ առեւտրի նախարարությունն ստեղծվել է 1997 թվականին, էկոնոմիկայի նախարարության լուծարումից հետո, որի արդյունքում ստեղծվեցին նաեւ արդյունաբերության եւ ներդրումների նախարարություններ: Հետո երկուսը միանալով կազմավորեցին առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, որը, ի դեմս նախարար Կարեն Ճշմարիտյանի, կառավարության տարբեր ժամանակների անդամների եւ աշխատակիցների վկայությամբ, միշտ էլ տնտեսության հարցերով զբաղվելու լիազորություններ ստանալու հավակնություններ է դրսեւորել: Արդյունքում նրան հաջողվել է նախարարության անունը «սիրունացնել», վերանվանելով առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն: Որպես Կարեն Ճշմարիտյանի արժանիք, լավատեղյակները նշում են նրա աշխատանքային բարձր կարգապահությունը: Մասնագետները միաժամանակ վկայում են, որ մեր պետության առջեւ այս նախարարության միակ ակնառու ծառայությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության գործընթացի համակարգումն է: Այն էլ, առանձին գնահատականներով, անդամակցությունն ավելի շուտ տեղի կունենար, եթե այդ հարցերով զբաղվեր ոչ այս նախարարությունը: Ոմանք հակված են «պտիչկան» այս նախարարության դիմաց դնել, երբ այս կամ այն գործարարը որեւէ օբյեկտ կամ գործարան է շահագործում. նման դեպքերում հենց Կարեն Ճշմարիտյանն է լինում նախագահ Քոչարյանի կողքին՝ ժապավենը կտրելու բարդ ու պատասխանատու գործը կատարելիս: Եվ սա չնայած այն բանին, որ վերլուծաբանները դժվարանում են նշել, թե հատկապես որն է այս կամ այն բիզնեսն սկսելու հարցում առեւտրի եւ տնտեսության զարգացման նախարարության դերը: Այս նախարարությունն է կազմակերպում արտասահմանյան զանազան ցուցահանդեսներ, որոնք, որպես կանոն, քննադատության են արժանանում հենց պետական մարմինների կողմից: Եթե ուշադրություն դարձնենք, Վարդան Խաչատրյանը, բացի ֆինանսներից եւ էկոնոմիկայից, միեւնույն ժամանակ, որպես կանոն, զբաղված է լինում բյուջեն՝ կամ կազմելով, կամ՝ կատարելով, կամ՝ աղքատությունը կրճատելով, կամ՝ հարկային օրենսդրությունը փոփոխելով, կամ՝ միջազգային վարկատու կազմակերպությունների հետ շփվելով՝ այստեղ նա երբեմն աչքի է ընկնում ոչ դիվանագիտական պահվածքով: Առանձնապես սիրված չլինելով հասարակության կողմից, պրն Խաչատրյանն իր վրա է վերցնում ոչ պոպուլիստական որոշումների պատասխանատվությունը՝ օրինակ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը: Մյուս կողմից՝ Վարդան Խաչատրյանի աշխատասիրությանն է վերագրվում նաեւ վերջին շրջանում պետբյուջեի կատարողականի կարգապահությունը, ինչը գրեթե անվերապահորեն ընդունում են բոլոր մասնագետները, անկախ քաղաքական հայացքներից: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը այսքան գործառույթներ չհիմնավորված տրամադրելը լավատեղյակները բացատրում են Կարեն Ճշմարիտյանի՝ նախագահ Քոչարյանի հովանավորությունը վայելելու հանգամանքով: Մինչդեռ, գործառույթների այս անհստակությունը խառնաշփոթ է ստեղծում, ինչպես նաեւ որոշակի կորուստներ ենթադրում, որոնցից ամենապրիմիտիվը ապարատի ծախսերն է: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել