Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 11,2003 00:00

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Սոցիոլոգիայի աշխարհում ամենահայտնի ինստիտուտներն իրենց հեղինակությունն այսպես են վաստակում եւ բազմապատկում՝ ընտրություններից հետո հրապարակում են ավելի վաղ արված իրենց հարցումները եւ այդպիսով հաստատում, որ իրենց ուսումնասիրությունները ճշգրիտ են: Եթե այդ փորձը հանկարծ համարձակվեին փոխառել Հայաստանի սոցիոլոգները՝ անխտիր բոլորը պիտի իրենց գրասենյակները փակեին եւ գնային այլ աշխատանք փնտրելու: Այլապես նրանցից ոչ ոք չէր կարողանա բացատրել, թե ինչպես էր ստացել այնպիսի տվյալներ, որոնք իրականության հետ չունեն որեւէ աղերս: Ասենք, նախագահի ընտրությունից առաջ «Գլոբ Նյուզ» վերլուծական գործակալությունը հրապարակեց իր «համապետական հարցումների» տվյալները: Ուսումնասիրությունն անցկացվել էր 2002-ի դեկտեմբերի 17-20-ին՝ հանրապետության բոլոր մարզերում՝ 43 բնակավայր, եւ Երեւանում՝ 33 թաղամաս: Ընդգրկվել էր 2151 մարդ, որոնց հարցումներով Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, հայտնվել էր առաջին տեղում՝ գրեթե քառակի առավելություն ունենալով իրեն հաջորդող մրցակիցներից: Ըստ «Գլոբ Նյուզի»՝ 2-րդ տեղում պետք է լիներ Արտաշես Գեղամյանը՝ 9,4% ձայներով, իսկ Ստեփան Դեմիրճյանը պետք է ստանար քվեների միայն 8,2%-ը: «Վարկանիշ» սոցիոլոգիական կենտրոնը հունվարի 17-ին հրապարակեց դեկտեմբերին եւ հունվարին անցկացված իր հարցումների արդյունքները, որով Ռոբերտ Քոչարյանն էլի մի քանի անգամ գերազանցում էր իր մրցակիցներին: Ըստ «Վարկանիշի»՝ Ստեփան Դեմիրճյանը վայելում էր ընտրողների միայն 12%-ի վստահությունը, իսկ Արտաշես Գեղամյանը պիտի ստանար 9% ձայներ: Այս տվյալներն ընտրություններում արձանագրված արդյունքների հետ համեմատելուց հետո կմնա միայն ենթադրել, որ հայ սոցիոլոգները իրենց «ուսումնասիրությունները» կառուցում են այն ենթադրությունների հիման վրա, թե որքան ձայն կկեղծվի իշխանության թեկնածուի օգտին, եւ որքան քվե թույլ կտան ունենալ մյուս թեկնածուներին: Բայց իրականությունը երբեմն ավելի հետաքրքիր շրջադարձներ է ունենում, քան այն կարող են կանխատեսել սոցիոլոգները՝ իրենց համապետական հարցումներով: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել