Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերզլյակովը վատ չի սկսել

Սեպտեմբեր 11,2003 00:00

Մերզլյակովը վատ չի սկսել Հիրավի, բազմահմուտ դիվանագետների մի ստվար կոնտինգենտ արժանին պետք է հատուցի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, քանզի դիվանագիտական հմտությունների մի զգալի մասը նրանք ձեռք են բերել հենց «ղարաբաղյան» դպրոցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն այդ դպրոցի նոր սաներից է։ Վերջինս երեկ ՀՀ նախագահի աշխատակազմում լրագրողներին պատմում էր, թե ինչպես է ընթանում իր ուսումնառությունը։ Այսպես։ Մերզլյակովի տարածաշրջանային այցը ճանաչողական է. վերջին օրերին նա հասցրել է ճանաչել հակամարտության մեջ ներքաշված կողմերի դիրքորոշումները։ Ուսումնասիրե՞լ է արդյոք նորեկը համանախագահների նոր առաջարկները եւ, ընդհանրապես, նո՞ր են արդյոք դրանք, թե՞ հների համակցությունն են։ Այս հարցերի պատասխաններն ապացուցում են, որ Մերզլյակովն արդեն հաջողություններ է արձանագրում «ղարաբաղյան» դպրոցում։ Ըստ նոր համանախագահի, դրանք «նոր են» եւ «համակցություն» են եւ, ընդհանրապես, կարող են տարբեր անվանումներ ունենալ։ Առաջարկների էությունը, բնականաբար, «սանը» չբացեց։ Փոխարենը նշեց, որ բանակցային գործընթացը, որը հայտնի պատճառներով ընդմիջվել է, ըստ ամենայնի, Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո (կողմնորոշաբար՝ նոյեմբերին) կվերսկսվի։ Իսկ որքանո՞վ են ակտիվ հատկապես ռուսական միջնորդական ջանքերը խնդրո առարկա գործընթացում։ Ըստ Մերզլյակովի, իր նախորդը բավականաչափ ակտիվ մասնակցություն էր բերում առաջարկների մշակմանը։ Ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա «ես իմ ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերներին դեռ չեմ էլ հանդիպել»։ Մերզլյակովը մյուս համանախագահների հետ լիարժեքորեն կգործակցի առաջիկայում Վիեննայում կայանալիք հանդիպումից հետո, իսկ մինչ այդ կուսումնասիրի հակամարտության «դետալները»։ Կողմերը պատրա՞ստ են արդյոք, իր տպավորությամբ, փոխզիջումների, եւ որքանո՞վ է հավանական ռազմական գործողությունների վերսկսումը։ Իբրեւ սկսնակ «ղարաբաղագետ-դիվանագետ», Մերզլյակովն այս հարցերի տակից էլ «պատվով» դուրս եկավ. կողմերը պատրաստ են փոխզիջումների, բայց դեռեւս պետք է ճշտել, թե ինչ չափով։ Եվ ապա՝ հակամարտության «շփման գոտիներում» երբեմն արձանագրվում են կրակոցներ, սակայն «հույս ունենք, որ ռազմական գործողությունների վերսկսման կանխումը հնարավոր է»։ Եվ վերջապես՝ մի հարց եւս, որի պատասխանից հետո Յուրի Մերզլյակովի «զաչոտնիկում» արդեն կարելի էր հանգիստ խղճով դրական նիշ դնել. Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները որքանո՞վ կազդեն բանակցային գործընթացի վրա։ Պատասխան՝ ընտրությունները կլինեն, կտեսնենք։ Բրավո, «ստուդենտ»։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել