Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարքո՞վ, թե՞ ձեւով եվրոպացի

Սեպտեմբեր 11,2003 00:00

Վարքո՞վ, թե՞ ձեւով եվրոպացի Մահապատժի վերացումը խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը նույնպես միանշանակ չեն ընդունում։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը կարծում է, որ ոչ միայն 6-րդ արձանագրության ընդունումը, այլ՝ «ընդհանրապես Եվրախորհրդի պահանջներն այդպիսի շտապողականությամբ կատարելը չի սազում հնագույն պատմություն ունեցող երկրին, որի ձեռք բերած արժեքներն այսօր հենց Եվրոպան պետք է ընդօրինակի»։ Մեր քաղաքական դաշտի կարմիր ներկապնակը ներկայացնող մեկ այլ առաջնորդի՝ Վազգեն Սաֆարյանի (առաջադիմական Կոմկուս) կարծիքով, «եթե «27»-ը չլիներ, գուցե հարցն այսպիսի հնչեղություն չստանար, քանզի օրինագծին «կողմ» քվեարկած պատգամավորներից շատերն այսօր որպես տուժող են հանդես գալիս»։ Միաժամանակ՝ որ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծը, ըստ Վ. Սաֆարյանի՝ «խոսում է այն մասին, որ մեր պատգամավորներից շատերն իրենց եվրոպական ընտանիքի անդամ են զգում։ Այսինքն՝ իրենց կեցությունը հարմար է այդպիսի ապրելակերպին»։ Այն, որ «ժողովուրդն ըմբոստությամբ է դա ընդունում», առաջադիմական կոմունիստների կարծիքով, վկայում է, որ. «ժողովուրդը ետ է մնացել իր պատգամավորներից»։ Ուստի պարոն Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ հարցը հանրության համար պետք էր լայնորեն քննարկել։ Պրն Սաֆարյանը նշեց մահապատիժը՝ իր քաղաքական միջավայրի կողմից մերժելու գլխավոր պատճառը. «Ես պատգամավոր եղած ժամանակ կողմ եմ եղել, որ մահապատիժը լինի. այն ժամանակ ես «կողմ» եմ քվեարկել եւ չեմ փոշմանել»։ «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանն այսպես ձեւակերպեց. «ՀՀ հիմնադիրների վերաբերմունքը մահապատժի նկատմամբ եղել է աներկբա՝ այն պետք է վերացվի։ 1990-ին իշխանության գալուց հետո առաջին անհապաղ քայլերից մեկը եղավ մահապատժի արգելումը Հայաստանում։ Ու թեեւ այս տարիների ընթացքում դատարանները վճիռներ կայացրել են, սակայն անկախ Հայաստանում մահապատիժներ ի կատար չեն ածվել»։ Մյուս կողմից պրն Սաֆարյանը խոստովանեց. «Մեր համոզմունքի հիմքում ժողովրդավարական, հումանիստական արժեքներն են եւ՝ ամենեւին ոչ ԵԽ արտաքին պարտադրանքը կամ կոնկրետ քրեական գործով, կոնկրետ ամբաստանյալների նկատմամբ վերաբերմունքը»։ Նա նաեւ նկատեց, որ «եթե չլիներ 1998-ի հեղաշրջումը՝ Հայաստանում մահապատիժն ավելի շուտ կվերացվեր»։ Իսկ Հայաստանի քրիստոնեադեմոկրատների առաջնորդ Խոսրով Հարությունյանը գտնում է, որ «եթե մենք բախում ենք Եվրոպայի դուռը եւ ասում, որ ցանկանում ենք դառնալ այդ ընտանիքի անդամ՝ պիտի ապրենք այդ ընտանիքի կանոններով։ ԱԺ-ն ոչ թե պետք է այդ ապրելակերպն ընդուներ իբրեւ պարտավորություն, այլ հստակորեն ամրագրեր, որ ընդունում ենք այդ սկզբունքներն ու մոտեցումները եւ կամովին գնում ենք ընդառաջ»։ Նաեւ, Խ. Հարությունյանի համար կուսակցական՝ ՔԴՄ-ի տեսանկյունից՝ «անընդունելի է սպանությունը. կյանքը մարդու բնական իրավունքն է եւ որեւէ մեկը՝ անհատ թե պետություն, չի կարող առավելություն ունենալ։ Չնայած այս հարցն այսօր «27»-ի հետ է կապվում, բայց սա սկզբունք է, որ վաղ թե ուշ պիտի որդեգրենք»։ ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանը նույնպես գտնում է, որ լինելով ԵԽ անդամ, պետք է կատարենք մեր պարտավորությունները։ Այդուամենայնիվ, նա միանշանակ է համարում, որ «27»-ի դատավարության վրա դա պետք է ազդեցություն չունենա։ Իսկ ընդհանրապես, Գ. Ասլանյանի համոզմամբ՝ «մահապատիժը Հայաստանում վերացնելը ճիշտ չէ։ Մեր երկիրն ու հասարակությունը դեռեւս պատրաստ չեն դրան։ Ուստի բացասական հետեւանքները կարող են շատ ավելի մեծ լինել»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել