Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉՈՐՍ ՏԱՐԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ»

Սեպտեմբեր 11,2003 00:00

«ՉՈՐՍ ՏԱՐԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ» Նկատի ունենալով իշխանական կոալիցիան, վստահեցնում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը – Պրն վարչապետ, կոալիցիոն կառավարությունն արդեն մոտ 100 օրվա կենսագրություն ունի, ինչպե՞ս եք աշխատում երկու այլ քաղաքական ուժերի՝ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ։ – Ինձ համար նոր դժվարություններ չեն առաջացել, որովհետեւ կառավարության գործունեությունը պայմանավորված է ոչ թե կուսակցությունների առկայությամբ, այլ՝ կառավարության ծրագրի իրագործմամբ։ Ես կարող եմ համեմատություն անցկացնել 2000-ի հետ, որովհետեւ դրանից հետո կառավարության գործունեությունն ավելի հստակ ռելսերի վրա է դրված եւ դա շարունակվում է նաեւ այսօր։ Մի քանի նոր նախարարի առկայությունը կառավարության ընդհանուր աշխատանքի փոփոխություններ չի պարտադրում։ – Կոալիցիայի կազմում գտնվող ՕԵԿ-ն նախընտրական շրջանում աչքի էր ընկնում պոպուլիստական խոստումների առատությամբ։ Այսօր էլ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայի անունից առաջինն է շտապում հայտարարություններ անել։ Արդյո՞ք առճակատում կա այդ իմաստով եւ որքանո՞վ այն կարող է խորանալ։ – Առճակատում չկա, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը պայմանավորվածությունները չի խախտել։ Իհարկե, ինքը հրապարակավ խոսեց մի հարցի մասին (խոսքը բուժական հիմնարկների սեփականաշնորհումը սառեցնելու մասին է.- խմբ.), որը մինչ այդ ես արդեն ներկայացրել էի կառավարության նիստում։ Իսկ ընդհանուր առմամբ, առճակատում չկա, ավելի շատ ցանկություն կա առճակատում ստեղծել կոալիցիայի ներսում։ – Ո՞ւմ կողմից է այդ ցանկությունը։ – Այն բոլոր ուժերի, ովքեր չեն ցանկանում կոալիցիայի արդյունավետ աշխատանքը։ – Որքա՞ն կարող է գոյատեւել կոալիցիան։ Մանավանդ գաղափարական տարբեր հենք ունեցող կուսակցությունների հետ համագործակցելը պետք է որ դյուրին չլինի։ ՀՀԿ-ն իր մասով արդյո՞ք զիջումների գնում է հանուն կոալիցիայի։ – Ըստ ինձ՝ չորս տարի կդիմանանք։ Կառավարությունն աշխատում է ոչ թե գաղափարական տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ, այլ՝ կառավարության ծրագրի իրականացման։ Այս պահին տարաձայնություններ չկան եւ եթե եղել են՝ ավելի շատ ընթացիկ խնդիրների շուրջ եւ՝ ոչ թե գաղափարական։ Մենք կշարունակենք աշխատել նույն ձեւով՝ համագործակցելով հանրապետության նախագահի եւ քաղաքական մյուս ուժերի հետ ու կփորձենք խնդիրները լուծել։ – ՀՀԿ-ի ներսում եւս որոշ խմորումներ են տեղի ունենում, համենայնդեպս, մամուլի հրապարակումներում խոսվում է այն մասին, որ որոշ հանրապետական նախարարներ ձեր թիկունքում ուզում են իրենց կուսակցությունները ստեղծել եւ հզորացնել, եւ առաջ ընկնել հանրապետականից։ – Դա բացառվում է, որովհետեւ ոչ մի նախարար չի կարող այդպես արագ ստեղծել այնպիսի քաղաքական ուժ, որը հանրապետականից առաջ կանցնի եւ մրցակցության մեջ կմտնի հանրապետականի հետ։ Մանավանդ, այնպիսի նախարարների անուններ են տալիս, որոնք իրենց աշխատանքով հանրապետականի վարչությունում եւ կառավարությունում ակտիվ ազդեցություններ չեն կարող ունենալ։ Եվ այդ լուրերը հանրապետականում արհեստական պրոբլեմներ ստեղծելու նպատակով են տարածվում։ Մենք դրան սովոր ենք, վերջին 4-5 տարվա ընթացքում անընդհատ այդպիսի խոսակցություններ եղել են, մենք բարեհաջող այդ խոչընդոտներն անցկացրել ենք։ – Գտնելով, որ ավանդների վերադարձը մոտ ապագայում անհնար է, ինչո՞ւ եք համաձայնել ԱԺ-ում համապատասխան հանձնաժողով ստեղծել։ – ՀՀԿ-ն համաձայնեց, որ ստեղծվի այդ ժամանակավոր հանձնաժողովը, նախորդ հանձնաժողովը մոտ երկու տարի աշխատեց, հսկայական ինֆորմացիա է հավաքվել, եւ պետք է այժմ մեխանիզմները քննվեն։ Մենք գտնում ենք, ինչպես եւ նախկինում, որ այսօր շատ դժվար է ավանդների հարցը լուծել։ Մենք չենք ցանկանում այնպիսի ինդեքսացիա կատարել, որը կխաբի ժողովրդին, մենք հարցին ավելի իրատեսական, ռեալ լուծումներ տալու կողմնակից ենք, սակայն այսօր դրա հնարավորությունը չկա։ – Դուք ժամանակին հայտարարեցիք, թե պետության դեմ ոտնձգություն կատարած հանցագործները պետք է մահապատժի ենթարկվեն։ Այժմ, ձեր ղեկավարած կուսակցությունը, որի կազմում են նաեւ Վազգեն Սարգսյանի նախկին զինակիցներն ու ընկերները՝ միաձայն կողմ քվեարկեց մահապատժի վերացմանը։ – Այն, ինչ մենք որոշել ենք, անհրաժեշտ էր մեր երկրի հետագա զարգացման համար։ Եվ դա ոչ թե մեզ պարտադրված էր, այլ կամավոր ենք վերցրել դեռեւս 2000 թ., երբ դեռ թարմ էին 99-ի հոկտեմբերի 27-ի վերքերը, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը եւ կառավարությունը ստորագրեցին ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների մասին փաստաթուղթը։ Մենք, իհարկե, ցանկանում էինք բացառություններ կատարել «27»-ի համար, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում էին, եւ 6-րդ արձանագրության վավերացումը ձգձգվեց հենց այդ պատճառով։ Մենք փորձում էինք բոլոր հնարավոր մեթոդներով այդ բացառությունն անցկացնել, եւ այդ գործում անձամբ զբաղված էր Տիգրան Թորոսյանը։ Բայց բոլոր հնարավորությունները սպառվեցին եւ ՀՀԿ վերջին համագումարում ես հայտարարեցի, որ այն, ինչ մենք ուզում ենք, հնարավոր չէ անել եւ այստեղ՝ պետության շահն ավելի բարձր գնահատելով, ավելի ճիշտ համարեցինք վավերացնել 6-րդ արձանագրությունը, որպեսզի պետության դեմ ծառացած բարդությունների դեմն առնենք։ Սա դեռ չի նշանակում, թե բոլոր բարդությունների դեմն առնելու ենք, բայց ավելի ճիշտ կլիներ, որ ինքներս մեր առջեւ նոր դժվարություններ չստեղծեինք։ – Ի՞նչ մթնոլորտ է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան եռյակում, ի՞նչ հարաբերություններ ունեք, եւ որտե՞ղ է այդ եռյակում գտնվում Արթուր Բաղդասարյանը։ – Մեր հարաբերությունները վերջին չորս տարիներին նույն մակարդակով պահպանվում են։ Արթուր Բաղդասարյանը նոր է մտնում իր գործի մեջ եւ Սահմանադրության համապատասխան իր տեղը կունենա պետության առաջ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել