Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՔԸ

Սեպտեմբեր 10,2003 00:00

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՔԸ Ինչպես երեւում է, Հունաստանում ճիշտ չեն հասկացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ շաբաթ օրն արած հայտարարության բուն իմաստն ու նպատակը եւ նրան փորձում են մեղադրել Հունաստանի ու այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի բարի անունը ստվերելու մեջ։ Ի պատասխան հունական կողմի արձագանքի, ՀՖՖ նախագահն արդեն հայտարարել է, որ ինքը նման մտադրություն չի ունեցել եւ Հունաստանի ու այդ երկրի իր գործընկերների հասցեին մեղադրանքներ չի հնչեցրել, այլ լրագրողներին տեղեկացրել է, որ Հունաստանից իրեն զանգել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանը եւ հայտարարել, թե ինքը լիազորված է խոսել Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի անունից։ Ռուբեն Հայրապետյանը պատրաստակամություն է հայտնել նաեւ հունական կողմին տրամադրել իր եւ Երվանդ Սուքիասյանի հեռախոսազրույցի ձայներիզը։ Ստեղծված իրավիճակն, իրոք, բարդ է ու լարված։ Այս ընթացքում մի քանի անգամ լսել ենք այդ ասուլիսում Ռ. Հայրապետյանի խոսքերի ձայնագրությունը, որտեղ կա մի այսպիսի դրվագ։ Երբ լրագրողներից մեկը հարց տվեց, որի մոտավոր բովանդակությունն այն էր, թե որքանո՞վ է վստահ Ռ. Հայրապետյանը, թե Սուքիասյանն ու Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գործարքի մեջ են մտել (հարցը մաքուր չի ձայնագրվել- Ա. Հ.), Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Ի տարբերություն Վարուժան Սուքիասյանի (վերջինը ժամանակին հավաքականի գլխավոր մարզիչը լինելով, դարպասապահ Ռոման Բերեզովսկուն մեղադրում էր Ուկրաինային խաղ վաճառելու մեջ։ Ա. Հ.), ես օդից որեւէ բան ասել չեմ կարող։ Ես դա ասացի, որպեսզի բոլորդ հետեւություն անեք, թե ժամանակին Ռոման Բերեզովսկի՞ն է խաղերը «ծախել», թե՞ եղբայրներով միասին։ Խոսքը դրա մասին է»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել