Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային նվագարանները չեն մեռնում

Սեպտեմբեր 10,2003 00:00

Ազգային նվագարանները չեն մեռնում Վստահեցնում է Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը «Այսօր շատ են հոլովում «մշակութային գլոբալիզացիա», «մշակույթի զարգացման ստրատեգիա» արտահայտությունները, որոնք դարձել են հոգեւորի մեկնաբանման բանալի»,- համոզված է պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։ Նա տեղեկացրեց, որ այս տարի կոնսերվատորիա չեն դիմել թառ, քամանչա նվագարաններով նվագող դիմորդներ։ Բայց, ըստ Սերգեյ Սարաջյանի, դա չի նշանակում, թե ժողովրդական նվագարանները մեռնում են։ Կոնսերվատորիայի ռեկտորը չի կիսում ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի նման կարծիքը («Առավոտ», 20.08.2003թ.)։ Սակայն համաձայն է նրա հետ մեկ հարցում՝ որ ժողնվագարանների նկատմամբ անտարբերությունը ճիշտ մենեջմենթի բացակայության արդյունք է։ Ս. Սարաջյանը, ի թիվս մշակույթի այլ ոլորտների, այստեղ էլ կարեւորում է պետական հոգածության գործոնը, մանավանդ յուրաքանչյուր ազգ աշխարհին նախեւառաջ ներկայանում է իր ժողովրդական արվեստով։ «Երաժշտական ուսումնարանները ժողնվագարանների մասնագիտությամբ ավարտած շատ շնորհալի երաժիշտներ այսօր ոչ միայն չեն շարունակում ուսումը կոնսերվատորիայում, այլեւ մի կողմ են դնում նվագարաններն ու ստացած դիպլոմները՝ անցնելով այլ աշխատանքի՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ հեռանկար չտեսնելու պատճառով»,- ասաց Ս. Սարաջյանը։ Բայց մյուս կողմից նա այն կարծիքին է, որ եթե նույնիսկ ամեն տարի կոնսերվատորիան ավարտեն տասնյակ երաժիշտներ՝ ժողովրդական նվագարաններով նվագող, հաստատ համապատասխան աշխատատեղեր չեն ունենա։ «Բոլորը չէ, որ մրցույթների դափնեկիրներ են։ Բնականաբար, նրանք չեն կարող ընտրել մենակատար-երաժշտի ուղին։ Իսկ հանրապետությունում գործող ժողգործիքների նվագախմբերում (որոնք մի քանիսն են) երաժիշտներն աշխատում են 25-30 տարի, ուստի նորավարտների կարիք չի զգացվում։ Այնպես որ, միանշանակ չի կարելի ասել, թե ժողնվագարանները մահանում են, վերանում»,- համոզված է Ս. Սարաջյանը։ Կոնսերվատորիայի ռեկտորը գտնում է, որ նման մասնագիտությունների գծով ընդունելություն պետք է լինի 2 տարին մեկ։ Ըստ Ս. Սարաջյանի, ստեղծված վիճակից դուրս գալու համար պետք է աշխատել երեք հիմնական ուղղություններով։ Առաջինը, ըստ նրա, մենեջմենթի խնդիրն է։ Երկրորդը՝ ժողերաժշտարվեստի գրագետ պրոպագանդան, իսկ երրորդը՝ երաժշտական դպրոցների, ուսումնարանների սովորողների շրջանում պիտի վերականգնել մրցույթները։ Նա տեղեկացրեց, որ կոնսերվատորիան նույնիսկ պատրաստ է հոգալու ժողնվագարաններով նվագող տաղանդավոր ուսանողների վարձը, եթե, իհարկե, դա չկրի զանգվածային բնույթ։ Ս. Սարաջյանը կարեւորում է նաեւ հանրապետությունում գործող տարբեր մշակութային ֆոնդերի աջակցությունը շնորհալիներին. «Շուտով Վ. Սպիվակովի ֆոնդը նախատեսում է կրթաթոշակ սահմանել ժողնվագարաններով նվագող երաժիշտների համար»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել