Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տղամարդ կա, բայց չի ուզում»

Սեպտեմբեր 10,2003 00:00

«Տղամարդ կա, բայց չի ուզում» ԱԺ հայտարարությունների ժամին Արշակ Սադոյանն ու Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրին իրենց պոտենցիալը «Փորձ է արվում ներկայացնել, թե՝ տեսեք, կառուցողական այս կողմը այսպես, մյուս կողմն՝ այսպես։ Ոչ մի նման բան էլ չկա։ Կա հստակ մի մոտեցում, իսկապես ընդդիմությունն ամբողջությամբ գտնում է, որ իշխանությունը բռնազավթված է, որ այս ընտրական մարաթոնը ծայրից-ծայր այլանդակ երեւույթ է հայոց աշխարհի համար, որ այլանդակել են մեր մարդկանց հավատն ու սպասումները»,- սա Արշակ Սադոյանն է, որը, ըստ ամենայնի, այսպես որոշեց պատասխանել մեկ այլ ընդդիմադիրի՝ «ԱՄ»-ական Հմ. Հովհաննիսյանի այն մտքին, թե իսկական «գաղափարական» ընդդիմությունն իրենք են՝ Արտաշես Գեղամյանի ղեկավարությամբ։ Խորհրդարանական հայտարարությունների ժամը երեկ ոչնչով չէր տարբերվում նախորդ ԱԺ-ի նույն ժամից՝ ոչ պոպուլիզմի պակաս կար, ոչ՝ ամպագոռգոռ խոսքերի։ Արշակ Սադոյանը իր ելույթը, իհարկե, չէր կարող այսքանով ավարտել, նա չգիտես ում կոչ արեց՝ «չգնալ քաղաքացիական պատերազմի»։ Կարելի է ենթադրել՝ մի քանիսն արդեն ճամփա են ելել։ 4-րդ խոսափողի տերը կարծես արդարանում էր, թե ինչո՞ւ իրենք ժամանակին չգնացին «քաղաքացիականի»։ Ահա թե ինչու. «Իսկապես ուզում ենք գոնե ելք գտնել, որովհետեւ այդ քաղաքացիական պատերազմը, հրացանով պայքարը շատ ծանր հետեւանքներ է ունենալու այս երկրի համար»։ Անխոնջ պատգամավորը փորձում էր համոզել, որ երկրում տղամարդ կա, կա՝ բայց չի ուզում. «Ի՞նչ է, ուրեմն, էս երկրում տղամարդ չկա՞, կա՛, բայց չենք ուզում, չենք ուզում արյուն թափել»։ Սակայն պրն Սադոյանը զգուշացնում է. «Քաղաքացիական պատերազմն անխուսափելի է, եթե վստահության հանրաքվե չանցկացվի, եթե ոչ լեգիտիմ իշխանությունները շարունակեն իշխանությունը պահել իրենց ձեռքում»։ Այս ելույթից հետո ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, որն, ի դեպ, ճիշտ նույն ռազմատենչ ոճով էր ելույթներ ունենում իր ընդդիմադիր լինելու ժամանակ, շնորհակալություն հայտնեց «արյուն չթափելու համար»։ Մինչդեռ Արշակ Սադոյանի մտքինը դա չէր, նա պարզապես հակադարձեց Հմ. Հովհաննիսյանի մի ռեպլիկին, թե իրական, «գաղափարական» ընդդիմությունը իրենք են՝ «ԱՄ»-ն եւ անձամբ Արտաշես Գեղամյանը։ ԱԺ-ում հերթական պարոնյանական իրավիճակն է, երբ յուրաքանչյուր պատգամավոր կամ խմբակցության ներկայացուցիչ փորձում է «ինքզինքը» գովաբանել եւ ստացվում է հետեւյալը՝ «անցան այն ժամանակները, երբ անոնք լույս էին, մենք՝ խավար, անոնք՝ վարունգ էին, մենք՝ պտուղ», հիմա՝ լույսն էլ, վարունգն էլ, խավարն էլ՝ իրենք են։ Հմ. Հովհաննիսյանն իր հերթին համոզում էր, թե «կոալիցիոն խունտայի եւ ընդդիմության միջեւ ոչ մի մեղրամիս էլ չկա»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել