Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՀԻՄՆԱՐԿՆ ԱՆՏԵՐ Է

Սեպտեմբեր 10,2003 00:00

ԵՐԲ ՀԻՄՆԱՐԿՆ ԱՆՏԵՐ Է Ուրիշներից բողոքելուց առաջ Հանրագիտարանի ղեկավարությունը պետք է փորձեր ինքն ամեն ինչ անել՝ եզակի գիտական հաստատությունը փրկելու համար: Սկիզբը՝ նախորդ համարում Եթե վերջին երկու տարում պետբյուջեից Հանրագիտարանին գումարներ են տրվել, եթե գույքի վաճառքից եւ «Ինեկոբանկի» /եւ այլ վարձակալների/ վարձակալությունից հիմնարկը եկամուտներ է ստացել, ապա ինչո՞ւ «Հայկական համառոտ հանրագիտարանի» 4-րդ հատորն անգամ, որը մշակված-պատրաստ է, մինչեւ հիմա դեռ լույս չի տեսել: Մի քանի տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը 2000 տպաքանակով «Քրիստոնյա Հայաստան» գրքի տպագրման համար Հանրագիտարանին $20000 էր շնորհել: Ուր անհետացավ այդ գումարի մի մասը /մի մասն, իբրեւ հոնորար, աշխատակիցներին էր տվել նախկին տնօրեն Կ.Խուդավերդյանը՝ մեծ մասը պահելով հրատարակչական ծախսերի համար/, ոչ ոք չիմացավ: Արդյունքում՝ գիրքը լույս տեսավ ընդամենը 2002թ., այն էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի Հայրապետական օրհնությամբ եւ լիբանանահայ բարերարներ տեր եւ տիկին Ժիրայր եւ Հասմիկ Գաբրիելյանների նվիրաբերությամբ: Գաբրիելյանների ընտանիքը նվիրաբերել էր $10000: Իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը ընդամենը շնորհակալություն է հայտնում գրքի պատրաստմանը ցուցաբերած նյութական աջակցության համար: Ներկայիս տնօրեն Հովհաննես Այվազյանը հերքում է «Քրիստոնյա Հայաստանի» համար տրված գումարների յուրացման մասին շրջող լուրերը. «Քրիստոնյա Հայաստանը» պատրաստվել է տասներկու տարվա ընթացքում։ Դա շատ ծանր ու երկար աշխատանք էր: Ճիշտն ասած, դեռ գումար յուրացնելու տեխնոլոգիան գլխավոր խմբագիրը չի մարսել, գուցե հետո հնարավոր լինի յուրացնել ինչ-որ մեկի գումարը, բայց մինչեւ այսօր նման բան դեռեւս չի եղել։ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հաշվետվություն ներկայացվել է։ Այս համակարգում ոչինչ չի յուրացվում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գումարից աշխատավարձ ստացել են նաեւ մարդիկ, որոնք որեւէ առնչություն չեն ունեցել այս գրքի հետ, որովհետեւ նրանց պահելու խնդիր է եղել։ Հետագայում տպագրության համար էր գումար պետք»։ Պրն Այվազյանը իր իսկ ղեկավարած երբեմնի գիտական հիմնարկության շենքի սեփականաշնորհման դեմ ոչինչ չձեռնարկեց: «Ինեկոբանկին» շենքը վաճառելուց հետո միայն որոշ մտավորականներ ուշացած աղմուկ բարձրացրին եւ բանկը հրապարակավ սկսեց արդարանալ: Պարզ է, որ ցանկացած ընկերություն կձգտեր քաղաքի նման հատվածում այդպիսի շենք ունենալ, մանավանդ, եթե թե՛ շենքի եւ թե՛ Հանրագիտարանի համար պայքարող չկար: Իհարկե, մեղավոր է նաեւ Պետական գույքի կառավարման վարչությունը, որը չգիտակցեց, թե երկրի համար ինչ նշանակություն ունի Հանրագիտարանը: «Ինեկոբանկի» արդարացումներն էլ են փոքր-ինչ տարակուսելի. բանկն ասում է, որ գնաց այդ քայլին՝ հաշվի առնելով այն, որ տվյալ շենքում աշխատում են արդեն շուրջ ութ տարի, ունեն մշտական հաճախորդների ստվար զանգված, որոնք ընտելացել են բանկի տեղին: Ի գիտություն «Ինեկոբանկի», Հանրագիտարանի գտնվելու վայրին մարդիկ ընտելացել են 1971 թվից եւ դիրքը նույնպես հարմար է ու ներկայանալի: Այլ բան է, որ վերջին տարիներին Հանրագիտարանը թալանվել-անտարբերության է մատնվել: Եվ այս առումով բանկի ներկայացուցիչները պնդում են. «Կարծում ենք, որ հայկական մշակույթի դեմ քայլ է Հայկական հանրագիտարանի հրատարակչությանը ապաշնորհ տնտեսվարման պատճառով սնանկացման եզրին հասցնելը, ինչի տխուր եւ ցայտուն օրինակ է նկուղներում պահվող շուրջ 25 000 կտոր չիրացվող գրականությունը»: Այնպես որ, բացի շենքից, նախեւառաջ պետք է փրկել Հանրագիտարան երեւույթը: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել