Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՆ

Սեպտեմբեր 10,2003 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՆ Թե՞ նա միայն թանկացումների «տերն» է Առաջիկա թանկացումների եւ այդ կապակցությամբ սոցիալական լարվածությունը մեղմելուն ուղղված կառավարության հնարավոր քայլերի մասին մեր հարցումներին պաշտոնյաները չգիտես ինչու «մուննաթով» են պատասխանում: Կարծես մեզ շատ հաճելի է, որ պետությունն այնքան հարուստ չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկացած թանկացում հանգիստ փոխհատուցի իր անապահով քաղաքացիներին: Մի կողմ թողնենք այն, որ ի վերջո պարզվեց, որ մեր զրուցակից պաշտոնյաները տեղյակ չէին իրենց ոլորտում տեղի ունեցածին: Նրանց «մուննաթի» պատճառն ամենեւին էլ այդ մտահոգությունը չէր: Առաջին անհրաժեշտության ապրանքներից հացն արդեն թանկացել է, մետրոյի երթեւեկության արժեքը՝ բարձրացել, սպասվում են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների բարձրացում: Ինչպե՞ս է մեր պետությունը պատրաստվում պաշտպանել իր առավել կարիքավոր քաղաքացիներին, արդյո՞ք առաջիկա թանկացումների կապակցությամբ նախատեսվում է փոխհատուցում կամ ընտանեկան նպաստի բարձրացում, արդյո՞ք ուսումնասիրվում է քաղաքացիների վճարունակությունը թանկացումների դեպքում: Սոցիալական ապահովության փոխնախարար Արա Պետրոսյանն ի պատասխան մեր հարցերի «մուննաթ եկավ», թե այդ թանկացումների մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Մեր հավաստիացումները, թե մետրոյի երթեւեկության արժեքն էլ բարձրացել է (զրույցը հենց այդ օրն էր տեղի ունենում), չհամոզեցին պրն Պետրոսյանին: «Էս աշխարհից չլինելու» տպավորություն թողեց նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը: Բենզինի ու հացի գների բաձրացումը, ըստ վերջինիս, ժամանակավոր է, դրանք ամսեամիս կիջնեն-կբարձրանան. «Շուկայի բան է, ելնում-իջնում է՝ պահանջարկից ելնելով»: Երբ դրանք ֆիքսվեն, նոր հնարավոր է՝ կառավարությունն ինչ-որ բան մտածի: Եթե Ջրային տնտեսության պետ Գ ագիկ Մարտիրոսյանի հայտարարությունն այն մասին, որ 2004-ին ջրի սակագինը կարող է բարձրանալ մինչեւ 105-120 դրամ, պաշտոնականի տպավորություն չի թողնում, ուրեմն կառավարությունում պետք է գոնե սկսեն թերթ կարդալ: Իհարկե, միամտություն է կարծել, թե որեւէ թանկացման մասին առաջին իսկ խոսք ու զրույցից հետո մեր պաշտոնյաները պետք է կորցնեն քուն ու հանգիստ՝ մտածելու, թե ինչպես գտնեն ու մշակեն փոխհատուցման մեխանիզմներ անապահով խավերի համար, ինչպես նրանց պաշտպանեն շուկայի ռիսկերից: Սակայն կառավարության օղակներից ի վերջո գտնվեց մեկը, որի գործողություններից Ա. Կարապետյանն ու Ա. Պետրոսյանն առնվազն պետք է տեղյակ լինեին, մանավանդ որ սոցապը այս դեպքում համագործակցության կողմ է: Մասնավորապես նրանք տեղյակ չեն (կամ պարտիզանաբար թաքցնում են), որ այս տարվա մայիսին սկսել է իրականացվել «Հայաստանում քաղաքային ջրամատակարարման տնտեսության բարեփոխումների փուլում սպառողների պաշտպանություն. վճարունակությունը եւ կարիքավոր տնային տնտեսությունների սոցիալական պաշտպանությունը» նախագիծը: Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ֆինանսների եւ էկոնոմիկայի ու Սոցիալական ապահովության նախարարությունների համագործակցությամբ իրականացվող այս ծրագրի նպատակն է 1) որոշել բնակչության վճարունակությունը ինչպես այսօրվա սակագներով, այնպես էլ թանկացման դեպքում, 2) մշակել եւ կառավարության քննարկմանը ներկայացնել միջոցներ սակագների բարձրացման դեպքում սպառողների սոցիալական պաշտպանության գործուն համակարգի ստեղծման համար: Արդեն իսկ հարցում է արվել 200 ընտանիքի Վանաձորում եւ 1000 ընտանիքի Երեւանում, որոնք գնահատել են իրենց նյութական ապահովվածության մակարդակը, կարծիք հայտնել ջրամատակարարման որակի եւ սակագների ու նաեւ հետագայում ավելին վճարելու պատրաստակամության մասին: Նախնական արդյունքներն արդեն ներկայացվել են կառավարություն: Կոնկրետ ում են ներկայացված այդ տվյալները, եթե սոցիալական վարչության պետն անտեղյակ է: Այսօր արտասահմանյան փորձագետները մշակում են այն ընտանիքների սոցիալական պաշտպանության արդյունավետ միջոցները, որոնց համար ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունները սակագների բարձրացումից հետո կարող են անմատչելի դառնալ: Ինչպե՞ս որոշել այդ ընտանիքներին, ի՞նչ չափով պետք է լինի սոցիալական օգնությունը, ի՞նչ կարժենա դա պետությանը: Թեեւ 200 ընտանիքը Վանաձորում եւ 1000-ը՝ Երեւանում, կարծում ենք, փոքր թվեր են Հայաստանի ողջ բնակչության մասին պատկերացում կազմելու համար, սակայն այս հարցերի պատասխանները կստացվեն ծրագրի արդյունքների հետ միաժամանակ՝ այս տարվա նոյեմբերին: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել