Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերադարձ «Գյուլխանե»

Սեպտեմբեր 10,2003 00:00

Վերադարձ «Գյուլխանե» Հեյդար Ալիեւի հիվանդության ողջ պատմությունն ամենադիդակտիկ կերպով ցուցադրում է, թե ինչ ասել է պաշտոնական կոչված լրատվություն Ադրբեջանի եւ Հայաստանի տիպի երկրներում: Մարդը վաղուց արդեն նստած է Ալլահի ընդունարանում, մինչդեռ պաշտոնական Բաքուն նրա ապաքինման «բարեհաջող» ընթացքի մասին ավելի հաճախ է հաղորդագրություններ տարածում, քան Քլիվլենդի կլինիկայի բուժանձնակազմը հասցնում է հերթական ներարկումն անել Ադրբեջանի դե-յուրե նախագահի գրեթե անկենդան մարմնի մեջ: Ընդ որում, այդ հաղորդագրություններն առանձնանում են շատ յուրահատուկ, մի տեսակ երջանկավետ ոճով, որոնց ենթատեքստը մոտավորապես հետեւյալն է. ցնծա, ով համայն Ադրբեջանի ժողովուրդ, քանզի այսօր մեր հայր Ալիեւի ձախ երիկամն, ի փառս հայրենիքի եւ պետականության, շուրջ 15 րոպե աշխատեց: Այսինքն թե՝ էլ դրանից ավելի ի՞նչ էիք ուզում երջանիկ լինելու համար, հանգիստ գնացեք ձեր տներն ու տեղներդ վեր ընկեք: Եվ Աստված մի արասցե, որ ինչ172որ մեկը, ասենք որեւէ լրագրող կամ ընդդիմադիր քաղաքական գործիչ (էլ չենք խոսում հասարակ մահկանացուների մասին) հանդգնի ակնարկել, թե դրանից բացի ինչ-որ բաներ իրենց, այնուամենայնիվ, պետք են: Այդ «խայտառակ» փաստին անմիջապես կհետեւեն ազգի դավաճանության թեմայով «հրետանային նախապատրաստությունն» ու պետական նմուշի հալածանքները: Այն, թե հարավկովկասյան մենթալիտետի շաղախով ծեփված պետական համակարգերի համար որքան սարսափելի է ճշմարիտ լրատվությունը, պարզորոշ երեւում է Հեյդար Ալիեւի հիվանդության քաղաքական «էպիկրիզի» վերջին մի քանի դրվագներից: Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը, հղում անելով ադրբեջանական հավաստի աղբյուրներին, նշում է, թե Ադրբեջանի իշխանական կլանը լրջորեն մտմտում է Հեյդար Ալիեւին Թուրքիայի «Գյուլխանե» ռազմաբժշկական ինստիտուտ վերադարձնելու ուղղությամբ (Իլհամ Ալիեւն անձամբ այս հարցով բանակցություններ է վարում Անկարայում): Բանն այն է, որ ԱՄՆ -ում տեղի է ունեցել ադրբեջանական եւ ամերիկյան մենթալիտետների «փոքրիկ» կոնֆլիկտ: Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պացիենտի վախճանի դեպքում ամենեւին մտադիր չէ թաքցնել այդ մասին տեղեկատվությունը: Իսկ դա հենց այն է, ինչը բացարձակապես չի մտնում Իլհամ Հեյդարիչի ծրագրերի մեջ: Ըստ ամենայնի, նա պատրաստ է անհրաժեշտության դեպքում հոր մահվան լուրը ամիսներով (ավելի ճիշտ՝ մինչեւ հոկտեմբերի 15-ը) պարտակել, միայն թէ որեւէ կերպ չվնասվի իշխանության ժառանգման նախօրոք մտահղացված պրոցեդուրան: Իսկ այն, որ կրտսեր Ալիեւն արդեն ցայտնոտի եզրին է, վկայում են վերջին օրերին նրա կատարած մի քանի հապճեպ քայլերը: Ըստ ադրբեջանական մամուլի, Իլհամ Ալիեւը հոր անունով հրամանագրեր է պատրաստել կառավարության մի շարք, ըստ իրեն՝ անվստահելի անդամների պաշտոնազրկելու մասին, սակայն նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը ոչնչացրել է դրանք: Ինչեւէ, Ադրբեջանի նախագահին, որի օրգանիզմն առանձին օրգանների մակարդակով, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մահացած է, երեւի շուտով դարձյալ կտեղափոխեն «Գյուլխանե», եւ Ադրբեջանի հասարակայնությունը վերջինիս «կայտառացման» մասին պաշտոնական լուրերն այլեւս կստանա Թուրքիայից: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել