Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՐԱԾՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 10,2003 00:00

ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՐԱԾՆԵՐԻՆ Ոչ շատ վաղուց պնդում էր ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Իսկ երեկ ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները «կողմ» քվեարկեցին մահապատժի առանց վերապահումների վերացմանը: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացմանը «դեմ» քվեարկեց միայն Մանուկ Գասպարյանը: «Արդարությունը» նախընտրեց ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, եւ այդ բոյկոտին միացան նաեւ որոշ երկրապահներ՝ Հակոբ Հակոբյանը, Հրանտ Գրիգորյանը, Արամ Հարությունյանը, Սուրիկ Խաչատրյանը, նաեւ որոշ արարատցի պատգամավորներ՝ Լեռնիկ Ալեքսանյանը (ՀՀԿ), Արայիկ Գրիգորյանը (ՀՅԴ խմբակցություն): Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը չմասնակցեցին 26 պատգամավորներ: Սակայն 92-ը կողմ էին մահապատժի լիակատար վերացմանը: «Պետության շահերն են պահանջում»՝ այսպես պատճառաբանեց կոալիցիոն մեծամասնությունն իր դիրքորոշումը: «Անկասկա՛ծ է, որ պետք է դավանենք ժողովրդավարությանը եւ եվրոպական արժեքներին: Բայց նույնքան անկասկած է, որ պետք է խստագույնս պատժվի ահաբեկչությունը»,- «Արդարության» անունից ելույթում ասաց Վիկտոր Դալլաքյանը: Նաեւ հիշեցրեց. «Եվրոպական արժեքներից եւ ժողովրդավարությունից ճառողները զարմանալիորեն մոռացել են ժողովրդավարության տարրական այբուբենը՝ այն է, որ ժողովուրդն ի՛նքն է ձեւավորում իր իշխանությունը: Նրանց հիշողության կորուստը հանգեցրել է նրան, որ մոռացել են 2003-ին Հայաստանում տեղի ունեցած խայտառակ ընտրություններին եվրոպական հեղինակավոր կազմակերպությունների տված բացասական գնահատականները»: Այս փաստարկը ոչ այնքան հմտորեն շրջանցում էին իշխանական կոալիցիայի գործիչներն իրենց ելույթներում: Թեեւ երեկ նրանք ջանասիրաբար հերքում էին բոլոր այն փաստարկները, որ ներկայացնում էին մահապատիժի լիակատար վերացման հակառակորդները: Այս առնչությամբ առավել բնութագրական է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի ելույթը (հիշեցնենք, որ ժամանակին նրան «31»-ի գործով առաջադրվել էր «Հայրենիքի դավաճանության» մեղադրանքը, որը ենթադրում էր մահապատիժ): Այն հիշեցումներին ի պատասխան, թե Վրաստանի նախագահը սխալ համարեց, որ վերացրել են մահապատիժը՝ պրն Հովհաննիսյանն ասաց. «Մի՛ խաբվեք, Շեւարդնաձեն բոլորովին նկատի չունի, որ մահապատիժը վերացնելով քրեածին իրավիճակն ավելացավ երկրում (Վրաստանի նախագահը հենց այդպես էլ պատճառաբանել էր, որ մահապատիժը լուրջ զսպիչ գործոն էր ծանր հանցագործությունների դեմ.- Ա. Ի.): Ո՛չ: Ուղղակի իր դեմ ուղղված հանցագործությունների համար էր նա դա ասում: Իսկ նա սխալներ թույլ տվել է: Եվ դա չէ իր սխալը, այլ՝ Աբխազիայի վրա հարձակվելը»: Այս ելույթը լսելուց հետո՝ բարեբախտություն է դիտվում, որ Արթուր Բաղդասարյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ միայն իր հայտարարություններն են ԱԺ անունից, եւ ոչ ԱԺ փոխնախագահներինը: Այլապես թերեւս հնարավոր չլիներ խուսափել Վրաստանի հետ հարաբերություններին նոր կնճիռ ավելացնելուց: Եվ ոչ միայն Վրաստանի: ԱԺ փոխնախագահը նաեւ կոչ արեց. «Եկեք չհամեմատվենք մեր հարեւանների հետ եւ չբերենք օրինակներ, որ Ռուսաստանն ու Թուրքիան չեն վավերացրել 6-րդ արձանագրությունը: Դրա՞նք են մեզ համար օրինակ: Թուրքիան եւ Ռուսաստա՞նն են ամենաժողովրդավարական երկրները»: Տեղից պրն Հովհաննիսյանին կոչ արեցին հետեւել ԱՄՆ օրինակին: Սակայն նա չարձագանքեց: Փոխարենն արձագանքեց այն պնդումներին, թե մահապատիժը վերացնելը 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանին տրված երաշխիքների ի կատար ածումն է. «Այո՛, այդպիսի բաներ ասվում են ժողովրդի մեջ: Եվ բավական ստվար զանգվածներում տարածված է այս թեզը: Բայց ոչ պակաս ստվար զանգվածներում տարածված է մյուս թեզը, որ նրանք, ովքեր անպայմա՛ն, արա՛գ, ամե՛ն գնով բոլորին գնդակահարելու ցանկություն ունեն՝ ուզում են հանցագործության իրական հեղինակների անուններն առհավետ թաքցնել»: Վահան Հովհաննիսյանը «27»-ի կազմակերպիչների մասին պնդողներին եւ ներկա դատավարությունից դժգոհողներին տրամաբանական հարց տվեց. «Բա որ գնդակահարեք, մի քանի տարի հետո բացահայտվելու հնարավորությունը ո՞նց կվերստեղծվի»: «Ազգային միաբանություն» խմբակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն իր ելույթում հարցրեց Դաշնակցությանը. «Այդ ձեր ցասումն ու ուղղամտությունը Պողոս Պողոսյանի սպանությունից հետո ինչո՞ւ ոչ մեկս չլսեցինք»: Գեղամյանը պնդեց, որ մահապատժի հարցի քննարկման մասնակիցները տեղավորվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ուրվագծած սցենարի մեջ. «Այն է՝ իմիտացիա անել, թե մե՜ծ դժվարությամբ ընդունվեց 6-րդ արձանագրությունը, եւ իշխանություններին մե՜ծ ջանքեր է պետք գործադրել, որ այն ընդունվի: Դրանով իսկ հասկացնելով Եվրախորհրդին, թե երբ դուք ասում էիք, որ նախագահի եւ խորհրդարանի ընտրությունները կեղծվել են, ապա չէի՞ք մտածում, թե իշխանությունն ո՞ւմ եք վստահելու՝ ապակառուցողական տարրերի՞ն, որոնք խոչընդոտում են ՀՀ-ում եվրոպական արժեքների ներդրմանը»: Նաեւ այս պատճառաբանությամբ «Ազգային միաբանությունը» կոալիցիայի եւ նրան հարող պատգամավորների հետ միասին՝ կողմ քվեարկեց վավերացմանը: Ի դեպ, երեկ միաձայն՝ 105 «կողմ» ձայնով ընդունվեց նաեւ «Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշումը: Սակայն մահապատժի վերացմամբ թերեւս չավարտվեն Եվրախորհրդի համար վիճելի հարցերը: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, թե «մեզ այլ պատճառներով էլ կարող են դուրս գցել՝ մենք այդ պատճառները միշտ կտանք»: Ու մատնանշեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրինագիծը՝ խոստանալով չզիջել ազգային անվտանգության կարեւորություն ներկայացնող հարցում (թերեւս խոսքն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն չսահմանելու հաստատակամության մասին էր). «Եվ եթե մեզ պետք է դրա համար դուրս գցեն Եվրախորհրդից՝ թող գցեն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրապարակավ խոստացավ, որ եթե որեւէ մեկը նախագիծ ներկայացնի փոփոխություն անել «Քրեական օրենսգրքում», որ որոշ հանցատեսակների պարագայում ցմահ ազատազրկման դատապարտվածներին չթույլատրվի 20 տարի անց դիմել վաղաժամկետ ազատման խնդրանքով՝ ինքը կմիանա այդ նախագծին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել