ՆՈՐԻՑ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ ՎԱՐԿԵՐԸ Հաստատ՝ նույն արդյունավետությամբ Հայրենի ընդդիմությունն ու իշխանությունը պոպուլիստական հայտարարություններ անելու իմաստով էլ միմյանցից ետ մնալ չեն ուզում: Հենց այդ պոպուլիզմն էլ ճակատագրի հեգնանքով նրանց, ըստ էության, միավորեց: Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը հանդիսացող երեք կուսակցությունների համանուն խմբակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ «Օրինաց երկիր», երեկ միացան ընդդիմադիր «Արդարություն» խմաբկցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ ՀՀ անկախացումից ի վեր «Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների եւ մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը: Եթե հիշում եք նախորդ՝ 95-99 թթ. գումարման խորհրդարանն էլ ճիշտ նույն նպատակներով ժամանակավոր հանձնաժողով էր ձեւավորել, որն այն ժամանակ ղեկավարում էր պատգամավոր Պետրոս Մակեյանը: Տարբերությունն, ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, այն է, որ այս նոր նախաձեռնությունն ուսումնասիրությունների ավելի մեծ ծավալ է նախատեսում՝ արդեն ուսումնասիրված փոխառություններին ու վարկերին ավելացել են նաեւ դրամաշնորհներն ու մարդասիրական օգնությունը՝ շուրջ 4 մլրդ. 800 մլն դոլար: Ինչ վերաբերում է Պ.Մակեյանի գլխավորած հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններին, ապա՝ Վ.Դալլաքյանը չթաքցրեց, որ դրանք «մենք կարող ենք շատ սիրուն օգտագործել», նաեւ հավելեց, թե նոր նախաձեռնությունը պոպուլիզմ չէ, որովհետեւ «երբ ժամանակին Մակեյանի հանձնաժողովը ներկայացրել էր իր հաշվետվությունը, ԱԺ-ն որոշում չընդունեց հավաքված նյութերը դատախազություն ուղարկելու մասին եւ դրանք, փաստորեն, օդում մնացին: Հիմա ես ասում եմ՝ բերեք նաեւ Մակեյանի նյութերին տեր կանգնենք, ուղարկենք դատախազություն»: Այս պատրաստակամությունը պարոն Մակեյանին տարօրինակ թվաց ու ահա թե ինչու. «Ժամանակին մեր հանձնաժողովն ուսումնասիրեց այդ պահի դրությամբ ստացված 800 մլն դոլարի վարկերից մոտ 400մլն. դոլարի վարկերը: Արդյունքում պարզվեց, որ դրա 45 տոկոսը կամ՝ յուրացվել է, կամ՝ փոշիացվել: Մնացած մասը պարզապես՝ ժամանակի առումով, չհասցրինք ուսումնասիրել՝ պետության սաբոտաժի պատճառով: Այդուհանդերձ, ուսումնասիրություններից հետո մենք պահանջեցինք բոլոր այդ նյութերն ուղարկել դատախազություն, բայց այն ժամանակվա ԱԺ իշխանական մեծամասնությունը՝ ի դեմս նաեւ «Երկրապահ», «Օրինաց երկիր» խմբակցությունների, դրան դեմ քվեարկեց: Ի դեպ, դրանց թվում էին նաեւ այն պատգամավորները, ովքեր այսօր էլ օրենսդիրներ են եւ այդ նոր նախաձեռնության համահեղինակներ են՝ Արթուր Բաղդասարյան, Վիկտոր Դալլաքյան»: Ամբողջ խնդիրն, ըստ պրն Մակեյանի, այն է եղել, որ իր ղեկավարած հանձնաժողովը ժամանակին եկել է այն եզրակացության, ըստ որի, օտարերկրյա վարկերն անարդյունավետ են օգտագործվել առավելապես Ռ.Քոչարյանի վարչապետության եւ նախագահության տարիներին՝ սկսած 97-ից, թեեւ նախորդ իշխանությունների օրոք էլ չարաշահումներ, անշուշտ, եղել էին: Խոսքը գնում էր 1997-99-ականներին շուրջ 165 մլն. դոլարի չարաշահման կամ յուրացման մասին: Ընդ որում, դրա պատասխանատուների մեծ մասն այսօր էլ իշխանության կրողներ են՝ մարզպետներ, դեսպան, քաղաքապետ եւ այլն: Պ.Մակեյանը շեշտեց մասնավորապես Հենրիկ Քոչինյանի անունը՝ որպես տրանսպորտի նախարար «Մայրուղիներ» վարկերի անարդյունավետ օգտագործման մասով: Ի դեպ, նախորդ հանձնաժողովը եւս անդրադարձել էր մարդասիրական օգնություններին եւ հաշվետվություն ներկայացրել նաեւ 99-ի հունվարին որպես՝ մարդասիրական օգնություն ստացված մոտ 46 հազար տոննա ցորենի իրացման մասին: Իսկ այն, ըստ պրն Մակեյանի, ժամանակին տրվել էր Միխայիլ Բաղդասարովին եւ գործարքի արդյունքում պետությունը կորցրել էր մոտ 4 մլն. դոլար: «Աղետի գոտում հայտնաբերել էինք վարկերի յուրացում, որոնց հաշվին Գյումրիի Մուշ թաղամասում կաթսայատուն էր կառուցվել, բայց այդպես էլ ոչ մի օր չէր շահագործվել: Սրա պատասխանատուն Շիրակի մարզպետարանն էր եւ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Ֆելիքս Փիրումյանը, որն այնուհետեւ մարզպետ էր: Նույն աղետի գոտում դեռ ԽՍՀՄ օրոք 90 տոկոսով կառուցված ջրագծեր կային, որոնց վրա եւս մի քանի միլիոն էր ներդրվել եւ ներկայացվել, թե նոր ջրագիծ է կառուցվել»: Ի դեպ, Պ.Մակեյանի վկայությամբ, ժամանակին, երբ իր գլխավորած հանձնաժողովը դիմել էր ԱԺ-ին՝ նրա գործունեության ժամկետը երկարաձգելու համար, ԱԺ մեծամասնությունն ու խոսնակ Խոսրով Հարությունյանը ամեն կերպ աշխատում էին դրան խոչընդոտել. «Հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել էր, բայց ԱԺ մեծամասնությունը նստաշրջանի մեծ օրակարգ չէր ընդգրկում, որ կամ՝ ժամկետը երկարացներ, կամ՝ հաշվետվությունը լսեր»: Պ.Մակեյանի գնահատմամբ՝ օրենսդրակա ն այս նոր, բայց հին նախաձեռնությունը կոալիցիոն իշխանության համար հերթական շոու է լինելու. «Ցավում եմ, որ հատկապես ընդդիմության ներկայացուցիչները եւ հարգարժան Վ.Դալլաքյանը ներգրավվել են այս խաղի մեջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ