ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մերժել է 1 միլիոն դոլարով «ծախվելու» Հունաստանի առաջարկը Համեմատած Իսպանիայի եւ Ուկրաինայի հետ, սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» ստադիոնում «Եվրո-2004»-ի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան հանդիպումում մեր հավաքականի խաղը համեմատաբար անհաջող ստացվեց ու մերոնք պարտվեցին 0։1 հաշվով։ Սակայն այս անգամ մեր ազգային հավաքականի հասցեին քննադատական ոչ մի խոսք չենք ասում, քանի որ դրա պատճառներին տեղեկացանք հանդիպումից անմիջապես հետո, երբ մամուլի ասուլիսի ժամանակ եկավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ հայտարարություն արեց. «Ուզում եմ բոլոր ֆուտբոլասերներից ներողություն խնդրել այսօրվա պարտության համար: Խնդրում եմ լրագրողներին հետեւություն անելիս չշտապել, որովհետեւ մեր հավաքականն ապագա ունի եւ նա այսօր դա ապացուցեց։ Բայց այս պահին խոսքը դրա մասին չէ։ Ներկաներին ուզում եմ տեղյակ պահել այն իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունենում հավաքականի խաղացողների շուրջ՝ վերջին 15 օրերին։ Հավանաբար, բոլորը հիշում են Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարուժան Սուքիասյանի հայտարարությունը Հայաստան-Ուկրաինա խաղից հետո (այն ժամանակ մեր թիմը պարտվեց 2։3 հաշվով- խմբ.), որում նա մեղադրում էր դարպասապահ Ռոման Բերեզովսկուն դիտավորյալ 3 գոլ բաց թողնելու մեջ, մի խոսքով, որ նա խաղը «ծախել» է։ Այդ հայտարարությունը չէր կարող չազդել դարպասապահի հոգեբանական վիճակի վրա։ Իսկ Բերեզովսկին, որ մեր հավաքականի լավագույն խաղացողներից է, բոլորս էլ գիտենք, թե որքան ազնվորեն ու նվիրումով է ծառայում թիմին ու հայկական ֆուտբոլին։ Հիմա ես ձեզ տեղեկատվություն կտրամադրեմ, որը վերլուծելով՝ ինքներդ կարող եք հետեւություն անել, թե իրականում ովքեր են խաղեր «վաճառում»։ Երկու շաբաթ առաջ մեր հավաքականի մի քանի լեգեոներականներ զանգահարեցին ինձ եւ ասացին, թե իրենց անանուն մարդիկ են զանգում եւ գումար առաջարկում խաղը Հունաստանին տալու համար։ Ի պատիվ մեր ֆուտբոլիստների՝ պետք է ասել, որ նրանք ոչ միայն մերժել են, այլեւ անմիջապես տեղյակ պահել ֆեդերացիայի ղեկավարությանը։ Մերժվելով՝ այդ անմաքուր գործարարները որոշեցին ավելի հեռուն գնալ։ Երկու օր առաջ ինձ զանգահարեց Երվանդ Սուքիասյանը՝ Վարուժան Սուքիասյանի եղբայրը եւ ասաց, որ իր հետ կապվել է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ հանձնարարել ինձ փոխանցել իրենց առաջարկը, որի էությունն իրենց անհրաժեշտ արդյունքը գնելն էր։ Ես անհապաղ ինձ մոտ հրավիրեցի մի քանի լրագրողների, ֆեդերացիայի ղեկավար մի քանի աշխատողների եւ նրանց ներկայությամբ հեռախոսի ձայնը բարձրացրած զրուցեցի Երվանդ Սուքիասյանի հետ։ Հեռախոսազրույցը ձայնագրվում էր։ Երվանդ Սուքիասյանը բաց տեքստով ինձ առաջարկում էր 1 միլիոն դոլար, որպեսզի Հայաստանի հավաքականն այսօր պարտվի հույներին։ Ես մինչեւ վերջին պահը չէի կարողանում հավատալ, որ նա կհամարձակվի ինձ նման ստոր բան առաջարկել։ Անկասկած, ստեղծված իրավիճակը չէր կարող բացասաբար չանդրադառնալ հավաքականի խաղացողների հոգեբանության վրա։ Կարծում եմ, որ իմանալով այն պայմանների մասին, որոնց առկայությամբ տղաները պատրաստվում էին այս խաղին, դուք այլ կերպ կգնահատեք նրանց գործողությունները՝ դաշտում։ Նրանց գործողություններում նյարդայնություն էր նկատվում։ Յուրաքանչյուրը վախենում էր սխալվել, որպեսզի հանկարծ իրեն չկասկածեն՝ մի բան, որը հանգեցնում էր սխալների։ Նախապատրաստության ամբողջ ընթացքում մենք ամեն կերպ ձգտում էինք բարձրացնել թիմի ոգին։ Երեկ Երվանդ Սուքիասյանը նորից զանգեց ինձ եւ ես, միացնելով հեռախոսի բարձրախոսը, նրա հետ կրկին զրուցեցի, որպեսզի ֆուտբոլիստներն էլ այն լսեն։ Հիմա կա իմ ու Երվանդ Սուքիասյանի հեռախոսազրույցի ձայնագրության չորս օրինակ։ Խաղից առաջ ես դրանց պատճենը տվել եմ ՈՒԵՖԱ-ի կոմիսար Թոմ Ռեստալլին, որի հետ պայմանավորվել ենք մեր հետագա անելիքների շուրջ։ Կրկին ուզում եմ նշել մեր ֆուտբոլիստների հայրենասիրությունը։ Հիմա դուք հետեւություններ արեք՝ խաղերն ո՞վ է «վաճառել»՝ Բերեզովսկի՞ն, թե՞ Սուքիասյան եղբայրները»։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ