ԵՐԲ ՀԻՄՆԱՐԿՆ ԱՆՏԵՐ Է Հանրագիտարանի փլուզման համար պատասխանատու է ոչ միայն կառավարությունը Պատմում են, որ երբ 1999թ. հոկտեմբերի սկզբին, մինչեւ 27-ի ողբերգական դեպքերը, «Հայաստանի հանրագիտարանի գլխավոր խմբագրության» աշխատակիցներից մեկը շենքի՝ սեփականաշնորհման ցուցակներում հայտնվելու կապակցությամբ դիմել է ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վերջինս զարմացել է. «Էդ ախմախներից ամեն ինչ սպասելի է: Երբ ցուցակը կգա ԱԺ, ես ուշադիր կլինեմ եւ թույլ չեմ տա»: Այսօր «Հայաստանի հանրագիտարանի գլխավոր խմբագրության» շենքը վաճառված է «Ինեկոբանկին»: Ըստ Հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանի, շենքի սեփականաշնորհում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել, քանզի սեփականաշնորհման առաջնային իրավունք նախ ուներ կոլեկտիվը, ավելին՝ անգամ աճուրդ տեղի չի ունեցել։ «Մենք բավական միամիտ էինք, չգիտեմ ինչու մի անիմաստ հավատ կար, որ ազգային հարստություն Հանրագիտարանը չէինք պատկերացնում ինչ-որ մեկի սեփականությունը»,-ասում է պրն Այվազյանը։ Դեռեւս 1996 թվին Հանրագիտարանի՝ Թումանյան 17 հասցեում գտնվող շենքը հայտնվել էր սեփականաշնորհման ցուցակներում, սակայն նախկին տնօրեն Կոնստանտին Խուդավերդյանը իր հեղինակությամբ կարողանում էր ընդդիմանալ եւ ցուցակից այն հանել: Նույն թվից պրն Խուդավերդյանը վարձակալական հիմունքներով «Ինեկոբանկին» տվեց շենքի մի մասը, որից ստացվող գումարներով նա վճարում էր աշխատակազմի աշխատավարձերը, իսկ բյուջեից տրված գումարները ծախսվում էին միայն գրքերի հրատարակման համար: Ներկայիս տնօրեն Հովհաննես Այվազյանի հավաստմամբ, արդեն մեկ տարուց ավելի Հանրագիտարանի շենքն անցել է Պետական գույքի կառավարման նախարարության հաշվեկշիռ։ ««Ինեկոբանկը», որպես վարձակալ, բավական գումար է մեզ տվել. տարեկան ստանում էինք 20մլն դրամ, իսկ Պետական գույքի կառավարման նախարարության հաշվեկշիռ անցնելուց հետո կառավարությունը բանկի հետ պայմանագիր կնքեց, շենքի արդեն կեսը բանկին վարձակալության տվեց եւ մինչեւ 2003թ. հունվարի 9-ի որոշումը, որով վաճառվեց շենքը, վարձավճարը գնում էր կառավարություն»,-ասաց Այվազյանը՝ հավելելով, որ Հանրագիտարանը չէր ստանում ոչ բյուջետային աշխատավարձ, ոչ դոտացիոն գումարներ։ Հովհաննես Այվազյանը «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է եւ 2003թ. ԱԺ ընտրություններում «Հզոր հայրենիք» կուսակցության համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: Վերջինս տնօրեն դառնալուն պես Հանրագիտարանի փորձառու մասնագիտական կազմը գլխատեց՝ աշխատանքի ընդունելով գործից անտեղյակ իր մտերիմներին ու համերկրացիներին: Եթե Կ. Խուդավերդյանի օրոք 120 մարդ էր աշխատում, ապա այսօր արդեն այդ երբեմնի գիտական-մշակութային օջախում մնացել է 40-50 մարդ: Կամաց-կամաց վաճառեց Հանրագիտարանի գույքը, սկսած՝ դահլիճի աթոռներից, կահավորանքից: Հսկա գիտական օջախը վերածեց շարքային հրատարակչության, որտեղ նա տպագրում է իր ղեկավարած «Ջավախք» հայրենակցական միության թերթը եւ սրա-նրա այցեքարտերը: Ժամանակին մարդիկ Հանրագիտարանի հատորները բաժանորդագրվել էին 10 ռուբլով, սակայն հետագայում, երբ ամեն մի հատորը դարձավ 6000 դրամ, հայաստանցիներն այլեւս ի վիճակի չէին դրանք գնել եւ գրքերը չվաճառվեցին։ Պրն Այվազյանը որոշեց աշխատակիցների մի մասի աշխատավարձերը վճարել «բնամթերքով», ասելով՝ գումարի փոխարեն գրքեր վերցրեք ու որտեղ ուզում եք վաճառեք՝ փողոցում կամ Վերնիսաժում: Տնօրենի բացատրությունը հետեւյալն է. «Գուցե թե այսօր մեր մտավորականի կերպարին վայել չէ առեւտուր անելն ու գիրք իրացնելը, բայց ամբողջ աշխարհում ընդունված ձեւ է, պրոֆեսորներն ու գիտնականները վաճառում են իրենց գրքերը»։ (Բայց ոչ ոք գրքով աշխատավարձ չի ստացել)։ Մեր հավաստի տվյալներով, Այվազյանն իր որդուն ասպիրանտուրայի խնդիրների համար աշխատանքի է ձեւակերպել՝ սկզբում որպես վարորդ, ապա որպես Արտադրական ծառայության բաժնի պետ՝ 29000 դրամ աշխատավարձով, այն դեպքում, երբ փորձառու մասնագետներից քչերն են այդքան ստանում: «Իմ տղան մասնագիտությամբ դիզայներ է, ճարտարապետ, ինչո՞ւ չէր կարող արտադրական բաժնի հետ կապված գործերն անել: Ես նրան իսկապես նշանակել եմ, սկզբում ձեւակերպվել է իբրեւ տեխնիկական խմբագիր, որը ճիշտ եւ ճիշտ արտադրական բաժնի աշխատանք է։ Այո, ասպիրանտուրայում է այսօր, արտադրական գործերը հրաշալի ձեւակերպում է»։ Նույն տրամաբանությամբ Այվազյանը, որ քիմիկոս է, վստահ է. «Ես կարող եմ պատմության հոդված պատրաստել ինչ-որ մեկից էլ լավ։ Որեւէ խնդիր չկա»։ (Շարունակելի) ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ