Լրահոս
Օրվա լրահոսը

«Օբրազցովան կզանգի՞ Գեղամին»

Սեպտեմբեր 06,2003 00:00

«Օբրազցովան կզանգի՞ Գեղամին» Որ Օպերային թատրոնի գեղղեկավարը Սուսաննա Բագամյանին գլխավոր դերերգեր վստահի «Առավոտը» տեղեկացրել էր օգոստոսի 20-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Ելենա Օբրազցովայի անվան վոկալիստների երրորդ միջազգային մրցույթի մասին, որտեղ մեր վոկալ դպրոցը ներկայացնող 7 երգչուհիներից եզրափակիչ փուլ էր անցել միայն Սուսաննա Բագամյանը։ Երգչուհին արդեն վերադարձել է հեղինակավոր մրցույթից՝ իր հետ բերելով պատվավոր դիպլոմ։ Ս. Բագամյանի հավաստմամբ, բոլոր հայ երգչուհիներն էլ բավականին հաջող են հանդես եկել, իսկ ժյուրիի անդամները՝ Ժոան Սազրլենդը, Ռենատա Սկոտտոն, Գունջի Տադայոշը եւ Վաժա Չաչավան իրենց հիացմունքը ձեւակերպել են այսպես. «Դուք՝ հայերդ, երգում եք ձեր լեռների նման»։ Ինչպես տեղեկացրեց երգչուհին, գրեթե ոչ մի այլազգի չի արժանացել դափնեկրի կոչման, ոչ էլ սահմանված հատուկ մրցանակների։ Դրանք բոլորը տրվել են ռուսներին։ Կանացի ձայներից առաջին մրցանակի է արժանացել Օգսաննա Շիլովան, որի դասախոսը՝ Լարիսա Գերգիեւան, ժյուրիի կազմում էր։ Տղամարդկանցից մրցանակ է ստացել վրացի Միխայիլ Կոլելիշվիլին, որը նույնպես ներկայացնում էր Ռուսաստանը։ Մրցանակ է շնորհվել նաեւ Վիտալի Բիլին՝ Ուկրաինայից։ Ս. Բագամյանը տեղեկացրեց, որ մասնակիցների գերակշռող մասը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնին կից երաժշտական ակադեմիայի ուսանողներ էին։ «Առաջին փուլում Աիդայի արիայի իմ կատարումից հետո չէին լռում օվացիաները։ Տիկին Օբրազցովան ոտքի կանգնեց ու հայտարարեց հանդիսատեսին. «Մի ճնշեք մեզ, ժյուրին շատ լավ հասկանում է՝ ով է հրաշալի եւ ով վատ երգում։ Այնուհետեւ մոտենալով ինձ, ի լուր բոլորի ասաց՝ դու վայրի ձայն եւ մեղմ երգեցողություն ունես»,- հիշում է երգչուհին։ Իսկ Ելենա Օբրազցովայի աշխարհահռչակ կոնցերտմայստեր Վ. Չաչավան էլ ասել է, որ Սուսաննան երգում է իտալական դպրոցին հատուկ երգեցողությամբ։ Ժյուրիի անդամ, հանրահայտ կաստրատ Ռոբեր Էքսպերը հայտարարել է, որ Սուսաննան, բացի վոկալից, ունի նաեւ հիանալի դերասանական տվյալներ։ Լ. Գերգիեւային էլ զարմացրել է, որ հայ երգչուհին ուշ է սկսել վոկալիստի իր մրցութային կարիերան։ Սա այն դեպքում, երբ Սուսաննան Երեւանի օպերային թատրոնի մեներգչուհի է, թեեւ գլխավոր դերերգերով դեռ հանդես չի եկել։ Ի դեպ, Ելենա Օբրազցովան մրցույթի ժամանակ խոստացել է, որ այս առումով կօգնի երգչուհուն. «Կզանգահարեմ ու կասեմ Գեղամին քո մասին» (նկատի ունի Երեւանի օպերային թատրոնի գեղղեկավար Գեղամ Գրիգորյանին- Ս. Դ.)։ Ս. Բագամյանը տարօրինակ համարեց մրցույթի մյուս հայ մասնակցի՝ Նարինե Անանիկյանի (պրոֆեսոր Աննա Սարաջյանի սանը) երրորդ փուլ չանցնելու հանգամանքը։ Ըստ երգչուհու, նույնքան արտառոց էր, որ կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Դավթյանի ասպիրանտ Նունե Մուրադյանը նույնպես երրորդ փուլ չանցավ։ «Սա այն դեպքում, երբ 2-րդ եւ 3-րդ փուլերի միջեւ ընկած հատվածում Նունեն այն երջանիկներից էր, ում հնարավորություն ընձեռվեց մասնակցելու Օբրազցովայի կողմից անցկացվող բարձրագույն վարպետության միակ դասընթացին»,- նկատեց Ս. Բագամյանը։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել