Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-2

Սեպտեմբեր 06,2003 00:00

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-2 Կարելի է լինել արեւմտամետ, ամենեւին չլինելով դեմոկրատ Անշուշտ, ձեւանալու տեսակետից երկուսն էլ բավականաչափ հեշտ են, սակայն արեւմտամետ ձեւանալը շատ ավելի հեշտ է՝ ելնելով մշակութային արժեհամակարգերի ամենամեծ ընդհանրությունից՝ քրիստոնեությունից՝ առանց դավանանքների տարբերությունների մեջ խորանալու հաշվառման։ Որովհետեւ, ինչ էլ ասելու լինենք, արեւմտյան արժեհամակարգը իր ներկայիս ժողովրդավարական ձեւերով ու հաստատություններով այլ բան չէ, քան քրիստոնեական արժեհամակարգի փոխակերպում: Դա թերեւս, միակ պատճառն է, որ ավելի ու ավելի դժվարացնում է նրա տարածումը այնպիսի երկրներում, որտեղ մշակութային ուրիշ համարժեքներ կան եւ խարսխվում են կրոնական այլ ավանդույթների վրա, ինչպես իսլամը, հինդուիզմը, բուդդիզմը եւ այլն։ Եվ բնական է, որ այս երկրներում ընդունելով հանդերձ տնտեսության զարգացման եւ արդիականացման արեւմտյան կաղապարները, լուրջ չեն վերաբերվում կամ սկսում են անտարբեր դառնալ ժողովրդավարության հանդեպ։ Կապված տվյալ երկրում ավանդականորեն ձեւավորված կառավարման համակարգերի խնդրի հետ, բավական է նշել մի էական տարբերություն, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսին է լինելու ժողովրդավարության ճակատագիրը առաջիկա տասնամյակներում։ Այսպես. հայտնի է, որ Արեւմուտքում եկեղեցին գերազանցապես անջատված է պետությունից, այսինքն՝ կա հստակ բաժանում, որով, պայմանական ասած, առանձնանում են Աստծո եւ կեսարի թագավորությունները։ Նույնն է պատկերը հնդկական քաղաքակրթության մեջ՝ կրոնական բարձրագույն կաստա եւ աշխարհիկ իշխանություն։ Իսլամական աշխարհում՝ Ալլահն ինքը կեսարի ներկայությունն է, Չինաստանում եւ Ճապոնիայում, թեկուզ կառավարման համակարգի ահռելի տարբերության, պահպանված է մշակութային դոմինանտը՝ կեսարն է Աստված, իսկ արեւելյան ուղղափառության մեջ՝ կեսարն Աստծո փոքր գործընկերն է։ Հայաստանում, ինչպես մյուս ոլորտներում, լուծումը չափազանց ինքնատիպ է եւ տեղավորվում է արեւելյան ուղղափառության տրամաբանության մեջ. եկեղեցու հարկադիր բաժանումը պետությունից խորհրդային տարիներին, որ ենթադրում էր նաեւ մեկուսացում լայն զանգվածներից, իներցիայով դեռեւս պահպանվում է եւ անկախությունից տասը տարի անց հազիվ երկչոտ քայլեր է կատարում մոտենալու ժողովրդին, չնայած կրոնական զգացման զարգացման համեմատական վերելքին, որը, ցավոք, զանազան հիվանդագին դրսեւորումներ է ունենում՝ ի դեմս այլամուտ աղանդների։ (Միջանկյալ ասեմ, որ որքան էլ 70-ամյա աթեիզմի ուղի անցած մեր ինտելեկտուալների աչքին նսեմացված լինի եկեղեցու եւ հավատի կարեւորությունը, առանց նրա դերի մեծացման եւ գործառույթների ընդլայնման, հնարավոր չէ հատել ժողովրդավարության սահմանը, որովհետեւ բացառապես այդպես է ձեւավորվել մշակույթի զարգացման արեւմտյան մոդելը (ներառյալ ԱՄՆ եւ Լատինական Ամերիկայի երկրները)։ Այս հեռապատկերին, երբեմն, իհարկե, հարց է ծագում, թե ինչու Հայաստանը պետք է անպայմանորեն առաջնորդվի արեւմտյան արժեհամակարգով: Հիշենք ԱԺ ընտրություններից հետո, երբ եվրոպական դիտորդները բացասական գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ ակնկալվում էին որոշակի պատժամիջոցներ, իշխանության բարձր օղակներից ելույթ ունեցողները կասկածի տակ դրին արեւմտյան ժողովրդավարության «իդեալականությունը» եւ տնտեսական ինտեգրման այլ ուղիներ (՞) նշեցին: Անառարկելի է, որ քրիստոնյա ժողովուրդները գրեթե առանց բացառության արեւմտամետ են։ Իրոք. չկա իրեն քրիստոնյա համարող մի ժողովուրդ (չհաշված Կուբան), որ չընդունի զարգացման արեւմտյան ունիվերսալությունը, ապա ժամանակի ընթացքում բռնած չլինի ժողովրդավարության ճանապարհը։ Այնպես որ, դա ոչ թե ընտրություն է, այլ ճակատագիր եւ համաշխարհային պատմության թատերաբեմում օրավուր կոշտացող պայքարի պարագայում, որ քաղաքակրթությունների բախման երանգներ է ձեռք բերում, հայ ժողովուրդը հազիվ թե կարողանա ընդդիմանալ այդ ճակատագրին (Աֆղանստանում, Իրաքում, Չեչնիայում, հետագայում, հավանաբար՝ Իրանում, ինչու չէ՝ Աբխազիայում, Բոսնիայում, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները նմանօրինակ բախման նախնական իլյուստրացիաներն են, եթե չասենք՝ փորձարարական փուլը)։ Բայց անկախ այս ամենից, կարծես թե մինչեւ մշակութային ինքնության գիտակցումը, Հայաստանը դատապարտված է միջանկյալ ճանապարհ անցնելու, որը պատճառաբանված է 300-ամյա ռուսական կայսրության գերիշխանության եւ կառավարման գրեթե ասիական համակարգով, ինչը նույնպես տեղավորվում է արեւելյան ուղղափառության տրամաբանության մեջ։ Դեռեւս դպրոցական դասագրքերից է հայտնի ռուսական իրականության երկու՝ սլավոնասերների եւ արեւմտամետների պայքարի պատմությունը։ Չմանրամասնելով այդ պայքարի ընթացքը, միայն նշենք, որ այն շարունակվում է (ատլանտիզմ եւ եվրասիականություն անունների տակ)։ Եվ ահա 80-ական թվականներին, երբ Ռուսաստանում արդեն զգալի էր լիբերալ բարեփոխումների շունչը, հիշյալ կողմնորոշումները դարձյալ գլուխ բարձրացրին գրեթե ավանդական կերպարանքով։ Դարձյալ, ինչպես միշտ, դեմոկրատները առավելապես արեւմտամետ էին, իսկ արեւմտամետները դեմոկրատ չէին: Մտածողության այս անհամադրելի տարամիտությունը, որ մենք նախորդ հոդվածում կոչեցինք արեւմտյան վիրուս եւ մշակութային շիզոֆրենիայի տանող բեւեռացում, ցայտուն երեւում է ելցինյան ներքին եւ արտաքին քաղաքականության տատանումներում։ Նշանակալի է ռուսական պատմության մի այլ օրինաչափություն. սոցիալ-տնտեսական բարեփոխումների ցանկացած ծրագրի իրագործումը ուղեկցվում է իշխանության կենտրոնացմամբ։ Այս օրինաչափությունը չխախտվեց նաեւ 17 թվականի հեղափոխությունից հետո, իսկ ելցինյան ոչ համասեռ տասնամյա դեմոկրատիայից հետո՝ Պուտինի ամբողջ գործը դարձյալ իշխանության կենտրոնացումն է, ինչը նույնպես անհամատեղելի է ժողովրդավարության հետ։ Առաջ ընկնելով նշենք, որ Հայաստանում այս օրինաչափությունը փոքր-ինչ տեղական գունավորում ունի. մեզ մոտ արեւմտամետ են նրանք, ովքեր Արեւմուտքի աջակցությունն են ակնկալում, ասենք, ընտրությունների ժամանակ, իսկ դեմոկրատ են նրանք, ովքեր իշխանություն չունեն։ Սա եւս անհամատեղելի է դարձնում արեւմտամետ դեմոկրատի եւ դեմոկրատ արեւմտամետի կերպարները։ Այլ տեսակետից անհնար է շրջանցել նաեւ այնպիսի արմատական առանձնահատկություն, որ զարմանալիորեն կապված է ժողովրդավարության մուտքի հետ. ժողովրդավարության ալիքը կարճատեւ վերելքից հետո ակտիվացնում է ազգայնական ուժերին եւ թեթեւակի դիմադրություն ցույց տալով՝ իշխանությունը զիջում նրանց։ Այդ մասին կխոսենք հոդվածաշարի շարունակության մեջ։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել