Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն խախտո՞ւմ է «Քաղծառայողի մասին» օրենքը

Սեպտեմբեր 06,2003 00:00

ԿԳՆ-ն խախտո՞ւմ է «Քաղծառայողի մասին» օրենքը Նախարարության չինովնիկները հրաժարվում են թերթին պարզաբանումներ տալ Միջազգային համագործակցության եւ սփյուռքի վարչությունում, օրինակ, վերջերս ազատել են հրամանագրված առաջին կարգի մասնագետին եւ աշխատանքի ընդունել համապատասխան մրցույթին չմասնակցած մեկին: Աշխատանքից ազատված Վարդուհի Մարգարյանը պարզաբանումների համար դիմել է աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանին, իսկ վերջինս կոպտորեն դուրս է արել նրան սենյակից՝ հայտարարելով, որ չի պատրաստվում «դակլադ տալ»: Հայտնի է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, քաղծառայության կարող են անցնել միայն քաղծառայողի խորհրդի կողմից իրականացված մրցույթի արդյունքում: Դեռեւս 2002 թ. ապրիլին, երբ Վ. Մարգարյանն աշխատանքի անցավ վերոնշյալ վարչությունում, վարչության պետ Արթուր Մկրտչյանը եւ նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մինասյանը հավատացնում էին, որ մինչեւ վերոնշյալ օրենքի ընդունումը աշխատանքի կարող են վերցնել պայմանագրային հիմունքներով, իսկ արդեն օրենքի ընդունումից հետո իբր պայմանագրային հիմունքներով աշխատողները մեխանիկորեն դառնալու են քաղծառայող: Օրենքի ընդունումից հետո արդեն նույն վարչության պետն ու աշխատակազմի ղեկավարը փոխեցին իրենց դիրքորոշումը՝ նշելով, թե քաղծառայող կարող են դառնալ միայն հիմնական հաստիքացուցակում ընդգրկվածները: Ավելի քան մեկ տարվա ընթացքում աշխատակցի կողմից այս հարցը բարձրացնելու դեպքում նրանք նախարարին զեկուցում էին, թե խնդիրն արդեն լուծված է, եւ Վ. Մարգարյանն ընդգրկված է հիմնական հաստիքացուցակում: Նախկին նախարարից հետո, երբ նոր նախարարը զբաղված էր միմիայն ընդունելության քննություններով եւ «մանր-մունր» գործերի ժամանակ չուներ, աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանը եւ վարչության պետ Ա. Մկրտչյանն անօրինականությունների մեծ հնարավորություն ստացան: Նրանք Վ. Մարգարյանին ասացին, որ նա արդեն տարիուկես 1-ին կարգի մասնագետ լինելով հանդերձ, պետք է մասնակցի քաղծառայողի խորհրդի կողմից անցկացվող մրցույթին՝ իր տեղում հաստատվելու համար, որի համար էլ Վ. Մարգարյանը պետք է ազատման դիմում գրի: Հակառակ դեպքում ստիպված կլինեն իրենք ազատել, ինչից հետո տվյալ անձն այլեւս հնարավորություն չի ունենա քաղծառայողի որեւէ պաշտոն զբաղեցնելու: Սակայն երբ արդեն իրենց ձեռքում ղեկավարներն ունեին Վ. Մարգարյանի «հաղթական դիմումը», այլեւս նրանց ոչինչ չէր կարող խանգարել, նույնիսկ՝ «Քաղծառայողի մասին» օրենքը: Մի քանի օր անց նրանք աշխատանքի են ընդունում մի մարդու, որն, իր խոստովանությամբ, չի մասնակցել համապատասխան մրցույթի, ավելին, ընդգրկված չի եղել քաղծառայողի խորհրդի մրցութային պահուստում: Փոխարենը, նոր աշխատակիցը մի առավելություն ունի. նա վարչության պետի մտերիմն է: Խնդրի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավարից: Վերջինս ասաց, որ տվյալ անձը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ երբ հիշեցրինք նրան իրականությունը, վերջինս թերթին էլ հարկ չհամարեց «դակլադ տալ»՝ պատասխանելով միայն, որ դա մեր գործը չէ: Վերջերս այս նախարարության որոշ վարչություններ, մեր որեւէ հարցին ի պատասխան, խոսքները մեկ արած, ասում են, թե դա մեր գործը չէ: Եվ, նկատենք, ԿԳՆ-ն Հետաքննող լրագրողների ընկերակցության ինֆորմացիայի ազատության կենտրոնի սեւ ցուցակի լավ թեկնածու է: Իսկ սեւ ցուցակի մեջ հայտնվում են այն պաշտոնյաները կամ գերատեսչությունները, որոնք հրաժարվում են լրատվամիջոցին ինֆորմացիա տրամադրել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել