Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱՆԻՔԸ» ՓԵՍԱՆ Է

Սեպտեմբեր 06,2003 00:00

«ՏԱՆԻՔԸ» ՓԵՍԱՆ Է Կարլոս Պետրոսյանի ընտանիքի վարորդն իր վկայականով հարցե՞ր է լուծում Օրերս խմբագրություն այցելած Աբովյան 26բ շենքի մի բնակչի բողոքի ձեւակերպումն այսպիսին էր. «Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն համայնքի որոշ պաշտոնատար անձանց անպատասխանատու եւ կամայական գործողությունների արդյունքում ճարտարապետական, շինարարական ու սեյսմիկ նորմերի կոպիտ խախտմամբ կայացվել է որոշում, որով թույլատրվել է 26բ շենքի 4-5 բնակչի շենքի կողային ճակատին կից կառուցելու վեց հարկանի կցաշենք։ Դրա հետեւանքով հատվել են ութ պտղատու եւ դեկորատիվ ծառեր, ոչնչացվել են խաղողի վազեր»։ Բնակչի ահազանգին արձագանքեցինք՝ փորձելով տեղում պարզել։ Հիշատակված հասցեում շինհրապարակի համար տարածքը փորված էր, հողհանման աշխատանքներ էին կատարված, ինչի արդյունքում վթարվել էր այդ հատվածով անցնող կոյուղին՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Բացվել էր նաեւ շենքը սպասարկող բարձր լարման հոսանքագիծը, սակայն շինարարություն որպես այդպիսին դեռեւս սկսված չէր։ Նախատեսվող շինարարության դեմ հարակից թիվ 33, 35 շենքերի, Սայաթ Նովայի նրբանցքի թիվ 72 սեփական տան բնակիչները եւս բողոքում էին։ Առաջինները վրդովված էին, որ կառուցվելիքը սահմաններով շատ է մոտենում իրենց շենքերին, ինչի հետեւանքով կզրկվեն արեւից ու լույսից։ Իսկ բնակիչ Գոհար Գասպարյանի (մեծ երգչուհու անվանակիցն է) սեփական տունը, կցաշենքը կառուցելու դեպքում, պարզապես «շրջափակման» մեջ կհայտնվի։ Բացի այդ, «կանաչ տարածքը տարիներ ի վեր բակի մեծ ու փոքր բնակիչների համար խաղատեղի, հանգստավայր եւ ժամանցի հաճելի վայր է եղել։ Տարիների ընթացքում մեր իսկ ձեռքերով ստեղծածը մեկ օրում ավերեցին»,- պատմում էին բակում հավաքվածները։ Շինարարության հեղինակին կամ աշխատող բանվորներին տեղում չգտանք, քանի որ Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի՝ օրերս շինարարության վայր այցելելուց հետո շինաշխատանքները դադարեցվել են։ Այժմ քաղաքապետարանի եւ թաղապետարանի կողմից գործն ուսումնասիրվում է։ Տուժողների խոսքերով, շինարարությունը նախաձեռնողը նույն 26բ շենքի բնակիչ Նորիկ Մարտիրոսյանն է, որի «թեւ ու թիկունքը», ըստ բնակիչների, Ազգային անվտանգության ծառայության պետ Կառլոս Պետրոսյանի ընտանիքի վարորդն է, վերջինս էլ Ն. Մարտիրոսյանի փեսան է. «Անօրինականությունը Կառլոս Պետրոսյանի անունն օգտագործելով ու շահարկելով են կատարում։ Մինչ շինարարության հողային աշխատանքները սկսելը, երբ պատրաստվում էին ծառերը կտրատել, բնակիչների բողոքներին արձագանքած եւ տեղում եղած իրավասուները միջոցներ չէին ձեռնարկում շինարարությունը կանխելու համար։ Կ. Պետրոսյանի վարորդը ծառայողական վկայականն էր ցույց տալիս ու նրանց հետ ուղարկում»,- պատմում էին բնակիչները։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930