Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ ուշացած էր»

Սեպտեմբեր 06,2003 00:00

«Նույնիսկ ուշացած էր» Քաղաքական ուժերը հիմնականում ողջունում են կառավարության պահանջը՝ զրկել «ԱրմենՏելին» մենաշնորհից «ԱրմենՏելին» նվիրված բաց ժողովում կառավարության պահվածքը տարատեսակ մեկնաբանությունների եւ անգամ կառավարության նկատմամբ թերահավատության տեղիք է տվել։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը կառավարության պահանջին հավելեց իր պահանջները. «Պետք է խստորեն պատասխան տան այն մարդիկ, ովքեր ժամանակին հավանություն են տվել ու կնքել են այդ լիցենզիան»։ Ապա, միանալով՝ «բոլոր այն քայլերին, որոնք տանելու են ժողովրդի հոգսերը թեթեւացնելուն» ու միաժամանակ բարձրացնելու են կապի որակը, պարոն Թովմասյանը չմոռացավ վերապահում անել. «Եթե սա կառավարության հերթական շոուն չէ՝ ժողովրդի ուշադրությունը շեղելու ամեն տեսակ թանկացումներից»։ Կառավարության որոշումներին նույնպես թերահավատորեն վերաբերվելով, Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վահագն Եսայանը հայտարարեց, որ ինքը՝ «միանշանակ լավ» է գնահատում հիշյալ քայլը։ Պարոն Եսայանն այդ կարծիքին է, որովհետեւ համոզված է, որ «որեւէ մրցակցության արդյունքում ոլորտը առաջընթաց կապրի։ Այս ճաշն իրենք են եփել, հիմա փորձում են տակից դուրս գալ. ողջունելի է»,- եզրափակեց Վ. Եսայանը։ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը նույնիսկ ուշացած է համարում կառավարության այս քայլը։ Համոզված չլինելով, որ «այս փուլով ամեն ինչ կավարտվի», պարոն Հարությունյանը գտնում է, որ «ԱրմենՏելն» իրեն կոռեկտ չի պահել»՝ չապահովելով այն, հատկապես ինչի համար ընկերությանը մենաշնորհ էր տրված։ Մեր զրուցակիցը նկատի ուներ բջջային ցանցի ընդլայնումը եւ գյուղերում հեռախոսակապի զարգացումը։ Խնդիրն, ըստ ՔԴՄ նախագահի, այն է, որ «OTE-ն ինքը պետական կառույց է, եթե լիներ մասնավոր՝ արդյունքն անհամեմատ լավ կլիներ»։ Ստեղծված իրավիճակի միակ մեղավորը, պրն Հարությունյանի կարծիքով, OTE-ն կամ «ԱրմենՏելը» չեն. «Մեր կառավարությունն էլ հետեւողական վերահսկողություն չի տարել (խոսքը 97-ից սկսած բոլոր կառավարությունների մասին է- Ն. Գ.)։ Դա եղել է միայն ժամանակ առ ժամանակ՝ քաղաքական անհրաժեշտությունից ելնելով»։ Բայց, քանի որ «ԱրմենՏելը» գործընկերոջ վստահություն չի թողել եւ սպառել է իրեն, Խ. Հարությունյանը վստահ է, որ կառավարությունը հետամուտ կլինի լիցենզիայից զրկելուն։ «Իսկ ո՞ւմ ենք տալու» հարցը ՔԴՄ նախագահն արդիական համարեց։ «Եթե տալու ենք շատ փող ունեցող, բայց ոլորտում վարկ չունեցող կառույցի՝ վիճակն էապես չի փոխվի»,- եզրակացրեց մեր զրուցակիցը։ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը նույնիսկ զարմանք արտահայտեց, թե ինչո՞ւ էր կառավարությունն այդքան ուշացնում խնդրի առաջադրումը, որովհետեւ «դա վաղուց էր հասունացել»։ Մինչ քաղաքական ուժերի մեծ մասը ոգեւորություն է ապրում, «Ազգային միաբանությունը» «կայֆով» է վերաբերում այդ ամենին։ Համենայնդեպս, մեզ հետ հեռախոսազրույցում այդպես ասաց Աղասի Արշակյանը։ Նա նաեւ «ԱրմենՏելին» չի մեղադրում. «Մեղավորը մեր կառավարությունն է, թող հիմա էլ փորձեն իրենց բրդոշը ուտել, իսկ մենք կզվարճանանք… Էսօրվա մասին թող մտածեին այն ժամանակ, երբ այդպիսի ստորացուցիչ պայմանագիր էին կնքում»,- նշեց Ա. Արշակյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Երեկ տարածած մամուլի հաղորդագրությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ՀՅԴ-ն մշտապես եղել է այն կարծիքին, որ ոչ միայն այս ոլորտում, այլ ընդհանրապես, մենաշնորհայնության օրինական եւ անօրինական ոչ բնական դրսեւորումները չեն կարող տնտեսության խթան հանդիսանալ։ Պարոն Ռուստամյանը նաեւ հավաստիացրել է, որ «ՀՅԴ պատգամավորական խմբակցությունը խորհրդարանում կապի ոլորտում եղած մենաշնորհը վերացնելու օրինագծին անպատճառ կողմ է քվեարկելու»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել