Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐՈՏԻԿ ԸՆԴԴԻՄԱՑՈՒՄ

Սեպտեմբեր 06,2003 00:00

ԷՐՈՏԻԿ ԸՆԴԴԻՄԱՑՈՒՄ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը դեմ է, որ սեռական դաստիարակության վերաբերյալ ձեռնարկի հեղինակները երեխաներին բացատրեն իրենց էրոգեն գոտիների տեղը: – Նախորդ ԱԺ-ում կոմունիստ Գագիկ Թադեւոսյանին էին պատկանում հայկական ադաթների եւ նամուսի՝ «կարմիր խնձորի» ավանդույթի պահպանման ջատագովի դափնիները: Թերեւս ներկա խորհրդարանում էլ Դո՞ւք եք հավակնում այդ դափնիներին: – Ո՛չ, Աստված մի արասցե: Այսինքն՝ ի՜նչ ուզում եք, վերագրեք ինձ: Բայց կարծում եմ, որ ցանկացած նորմալ մարդ՝ նայելով սեռական առողջության եւ դաստիարակության վերաբերյալ այդ գիրքը՝ գլուխը պիտի բռնի ու փախչի այս երկրից: Այդ ձեռնարկում նկարներով ներկայացված են բոլոր սեռական օրգանները՝ իրենց ֆունկցիաներով: Կրկնում եմ՝ ֆունկցիաներո՛վ, ավելի մանրամասն չեմ կարող ասել: Նշված է, որ զարմանալու բան չէ, եթե տղաներն իրար հետ են: Կամ՝ որ առաջին հղիությունը դեռահաս աղջկա մոտ դա էլ ոչինչ՝ սովորական բան է: Նաեւ նշված է, թե տղան ինչպես պիտի զբաղվի օնանիզմով, աղջկա էրոգեն կետերն ինչպես պետք է ճիշտ գտնի եւ այլն: – Կարծում եք, որ այդ տեղեկությունները կարեւո՞ր չեն: – Այդ գիտելիքները հայ ընտանիքում դարերով եկել ու փոխանցվել են հետեւյալ ձեւով. հայրը տղաներին է ամեն ինչ բացատրել՝ հատկապես հիգիենայի հետ կապված խնդիրները, հետո տվել է համապատասխան խորհուրդներ: Աղջկա հետ էլ խոսել է մայրը, եւ հատկապես հասունացման տարիներին՝ նրան բացատրել են բոլոր ֆիզիոլոգիական փոփոխությունների մասին: Մենք դրանով, պարզվում է՝ բավարարվել ենք դարեր շարունակ: Հիմա մեզ նոր այդպիսի «դաստիարակություն» պետք չէ, որն ուղղակի հանցագործություն է ազգի դեմ: Մենք ունենք լրի՛վ ուրիշ ավանդույթներ: – Ճիշտ էի կանխատեսել, որ վերջը հասնելու ենք «կարմիր խնձորի» ադաթին: – Հանգի՛ստ թողեք «կարմիր խնձորը»: Ես ասում եմ, որ նման դաստիարակությունն այլասերում է, քանի որ երեխան ժամանակից շուտ սկսում է իր ողջ միտքն ուղղել սեքսուալ հաճույքների կողմը, որը մեզ անհրաժեշտ չէ: Նկատի ունեցեք՝ սա 4-րդ դասարանցիների համար նախատեսված ձեռնարկ է: Եվ եթե դա արվեր պրոֆեսիոնալ մակարդակով, ինչպես այլ երկրներում ու շատ լուրջ ձեւով բացատրվեր՝ առանց այդ խայտառակ նկարների՝ կհասկանայի, քանի որ դա իրոք պետք է: Ասենք, 9-րդ, 10-րդ դասարաններում հատկապես անհրաժեշտ է, որ երեխաներին բացատրեն հիգիենայի կանոնները, բոլոր այն խնդիրները, որոնք կարող են առաջացնել հիվանդություններ եւ այլն: – Չե՞ք կարծում, որ այդ ժամանակ երեխաներն արդեն այդ տեղեկությունները ստացած են լինում փողոցից: Ուստի գրագետ կերպով այդ ամենը պիտի մատուցվի ավելի վաղ՝ սեռական հասունացման փուլում: – Միգուցե: Բայց դա պետք է արվի լուրջ մասնագետների կողմից: Այսօր մենք ունենք գինեկոլոգներ, կոնսուլտանտներ, որոնք զբաղվում են դեռահաս աղջիկներով: Մենք ունենք համապատասխան պրոֆեսիոնալ ծառայություններ: Նույնիսկ կան համապատասխան դասընթացներ: Ո՞վ է դեմ: Պարզ չէ՞, որ երեխան ոչ թե բակից պետք է իմանա այդ ամենը, այլ գիտականորեն: Բայց ո՛չ այս այլանդակությունը: Ինչ-որ մի Մերի Խաչիկյան ու եւս երկու հոգի՝ իրենց վերագրել են նման բաներ անելու իրավունք: Եվ ամենախայտառակը, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանավորությամբ է արվել այդ ամենը: Պարզ ասեմ՝ դեմոկրատական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն այժմ ակցիա է պատրաստում (ենթադրելի է, որ երիտասարդ դեմոկրատները պարզելու են «Ձեռքերդ հեռո՛ւ մեր էրոգեն գոտիներից», «Մի՛ թելադրեք մեր պատանիներին՝ ինչպես զբաղվել օնանիզմով» եւ նման բովանդակությամբ պաստառներ.- Ա. Ի.) հենց ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեմ: – Իսկ որպես պատգամավոր մտադի՞ր եք այդ ձեռնարկի խնդիրն արծածել նաեւ Ազգային ժողովում: – Ես արդեն «Արդարություն» դաշինքի նիստում զեկուցել եմ այդ մասին: Բացի այդ՝ ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամներին տեղյակ եմ պահել եւ նրանք կձեռնարկեն համապատասխան քայլեր: Եթե հարկ լինի՝ հարցում կանեմ նաեւ Սերգո Երիցյանին: Տեսնենք, թե ինքն ինչ կարծիք ունի այսպիսի «դաստիարակության» մասին: – Բայց այդ ձեռնարկը կրթության եւ գիտության նախարարությունը երաշխավորե՞լ է դպրոցներում դասավանդվելու համար: – Չգիտեմ: Սակայն արդեն նախապատրաստում են, որ 4-րդ դասարանցիներին այդպիսի «դաստիարակություն» տան: – Վերջում այնուամենայնիվ պնդեմ, որ ներկայիս 4-5-րդ դասարանցիներն այս ամենի մասին գիտեն առանց դասագրքերի էլ: – Նախ՝ մեկը գիտի, մյուսը չգիտի: Երկրորդը՝ այսպիսով այդ ամենն արդեն դարձնում են նորմ: Մյուս դեպքում՝ երեխան դեռ հոգեբանորեն հասկանում է, որ դա լավ բան չէ եւ չի կարելի նման բաներ անել: Սա է խնդիրը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. «Արդարություն» դաշինքին հազիվ թե հաջողվի վստահության հանրաքվե կազմակերպելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն անցկացնել խորհրդարանում: Գուցե դրա փոխարեն հաջողվի խափանել մանուկների սեռական դաստիարակության չարանենգ ծրագրե՞րը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել