Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆԹԻ ԳՈՐԾ Է ԱՐՎԵԼ

Սեպտեմբեր 06,2003 00:00

ՓՆԹԻ ԳՈՐԾ Է ԱՐՎԵԼ Գտնում է ԱԺ պատգամավոր Արամ Զավենի Սարգսյանը Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործի դատաքննության առանցքային իրադարձությունները դեռ առջեւում են, թեեւ արդեն տեղի ունեցած նիստերում էլ քիչ անակնկալներ չեն մատուցվել: «Հանրապետություն» կուսակցության անդամ Արամ Սարգսյանը դատաքննության արդեն կայացած նիստերի վերաբերյալ իր գնահատականն ունի. «Իմ կարծիքով, քննչական գործողությունները, որոնք կատարվել են նախաքննական շրջանում, կատարվել են բավականին փնթի եւ ուղղորդված, եւ ես դրա մասին առաջին անգամ չէ, որ ասում եմ: Ես ցույց եմ տվել նաեւ ուղղորդողի տեղը՝ ներկա իշխանություններ եւ Ռոբերտ Քոչարյան, որն իր հայտնի հարցազրույցով դատախազությանն ուղղակի հրահանգ իջեցրեց»: Այդուհանդերձ, իրենց նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու մասին երկու ամբաստանյալների հայտարարություններն այդ իմաստով ինչ-որ բան փոխեցի՞ն: «Քանի որ գործի նախաքննությունը, կրկնում եմ, կատարված է բավականին փնթի, ուստի՝ նույնիսկ նախաքննական ցուցմունքների շրջանակներում, առանց նկատի ունենալու վերջին հայտարարությունները, մեր փաստաբանները վստահ են, որ կարող են հերքել Արմեն Սարգսյանի՝ որպես պատվիրատուի, մասնակցությունն այդ գործում: Ինձ համար նորություն էր դատարանի դահլիճում ցուցադրված Ջոն Հարությունյանի ցուցմունքների տեսաժապավենը, որտեղ քննիչն իր հարցերով նրան ուղղակի իմ դեմ էր ուղղորդում: Հավանաբար, սկզբնական շրջանում խնդիր է դրված եղել ինձ ներքաշել այդ գործում, բայց երեւի հետո հրահանգը փոխվել է»,- նկատեց Արամ Սարգսյանը: Արդյոք, պատգամավորը կարծո՞ւմ է, որ դատաքննությունը շարունակո՞ւմ է մնալ նախաքննությամբ նախանշված սցենարի շրջանակներում, թե՞ դուրս է եկել այդ շրջանակներից: «Միանշանակ գտնում եմ, որ սխալ է դատաքննության այս փուլն անցկացնել Արմեն Սարգսյանի բացակայությամբ, քանի որ նա չի ճանաչում դատարանում ներկա գտնվող ամբաստանյալների ճնշող մեծամասնությանը, արդեն ցուցմունք տված մարդկանց: Բացի այդ, ցուցմունք տվողներն իրենք պետք է ասեին՝ նրա ներկայությունից կաշկանդվո՞ւմ են, թե՞ ոչ: Նման որոշում ընդունվեց դատախազի միջնորդությամբ. չգիտեմ, դատախազը Նոստրադամո՞ւս էր, թե՞ հոգեբան: Ի վերջո, արդեն հարցաքննված երկու ամբաստանյալների ցուցմունքներից պետք է եզրակացնել, որ Արմեն Սարգսյանի՝ դահլիճում գտնվել-չգտնվելը որեւէ դերակատարում չէր կարող ունենալ նրանց ցուցմունքի բովանդակության վրա: Նրանք Արմեն Սարգսյանի ներկայությունից կաշկանդվելով չէր, որ հրաժարվեցին իրենց ցուցմունքներից: Ընդհանուր առմամբ հակված չեմ դատաքննության ընթացքից բողոքել»: Պատասխանելով մեր այն հարցին, թե իր գնահատմամբ, Ջոն Հարությունյանի եւ Ֆելիքս Առուստամյանի՝ իրենց նախաքննական ցուցմունքերից հրաժարվելն ինչի՞ արդյունք էր, Ա.Սարգսյանը խոստովանեց, որ դա իր համար միանգամայն անսպասելի է եղել: «Այս քրգործն ամբողջությամբ կառուցված է հետեւյալ սխեմայով. քրգործով պետք է լիներ մարդ, որն իր վրա կվերցներ, կընդուներ, որ կատարել է այդ սպանությունը եւ՝ որ կատարել է վճարովի: Քրգործի հաջորդ մեխը, որ փորձում է պաշտպանել դատախազությունը՝ ի հայտ բերել այն մարդուն, ով պատվիրել է սպանությունը: Դատավարության մնացած մասնակիցները դատախազությանը կամ քննչական խմբին պետք էին սակարկելու համար: Առեւտուրը հիմնականում եղել է իմ, հետո արդեն Արմենի անունն այս գործին կապելու շուրջ: Բոլոր դեպքերում առեւտուր, այո, տեղի է ունեցել: Դատարանում Արմեն Սարգսյանի պաշտպանները, որ այդքան հաճախ հիշեցնում են ամբաստանյալների նկատմամբ մինչեւ Տ.Նաղդալյանի սպանությունը նույն հանցախմբի կատարած եւ ՔՕ 399 հոդվածով կարճված գործերի մասին ամենեւին պատահական չէ: Ես չեմ ուզում այլոց նման անմեղության կանխավարկածը ոտնահարել, բայց եթե գործի նյութերին ծանոթանաք, կտեսնեք, որ այդ խումբը լուրջ գործունեություն է փորձել ծավալել: Հենց այդ համատեքստում ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է մեկնաբանվել այն փաստը, որ այդ խմբի կողմից պայթեցվող մեքենաներից մեկն էլ իմ քեռու մեքենան է եղել: Այսինքն, նրանք մեր հարազատի նկատմամբ գործողություն են ձեռնարկում, հետո մեր ընտանիքից սպանության պատվե՞ր ստանում: Կա՞ այստեղ տրամաբանություն: Հավանաբար, նախկինում հարուցած քրգործերի կարճումը՝ Տ.Նաղդալյանի սպանությունը մեր ընտանիքի հետ կապելու տեսանկյունից, ինչ-որ դերակատարում, ունեցել է»,- նկատեց Ա.Սարգսյանը: Դատարանի դահլիճում ներկաների համար, անակնկալ էր, երբ Ջ.Հարությունյանից հետո Ֆ.Առուստամյանն էլ հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից, տուժող կողմից ոմանք կարծիք հայտնեցին, թե նրան էլ են «առել», «իրենցով արել», «գրել-տվել են ձեռքը, որ կարդա» եւ այլն: Ի դեպ, նման կարծիք, թե Ջ.Հարությունյանն իր ցուցմունքից հրաժարվելով սակարկության առաջարկ է արել, հնչել է նաեւ մեր թերթում: «Այդ հարցին ես մեծ հումորով եմ մոտենում: Իսկ ավելի լուրջ, ասեմ, որ այդ ամբաստանյալները պահվում են ԱԱ մեկուսարանում ու, եթե մենք կարող ենք այդ մեկուսարանում խնդիրներ լուծել, ուրեմն՝ իշխանությունը մենք ենք: Մյուս կողմից, այդ մեկուսարանից Արմեն Սարգսյանին, որ արդեն մի քանի ամիս ջերմում է, հազար ու մի ատյաններ դիմելուց հետո էլ չենք կարողանում տեղափոխել բուժմաս, որ մարդուն հետազոտեն եւ պարզեն, թե ինչից է, որ նա արդեն վեց ամիս շարունակ ամեն օր ջերմություն ունի: Ի վերջո, որեւէ մեկը չի հերքում, որ նա այդ վիճակում է, դեղեր են տվել, նորից նույն վիճակում է: Եթե մենք կարողանայինք ամբաստանյալների հետ խնդիրներ լուծել, ապա՝ նախ եղբորս առողջության եւ նրա ստացիոնար բուժման հարցը կլուծեինք: Այդ մեղադրանքներն ուղղակի անհեթեթ են»,- հայտարարեց Ա.Սարգսյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել