Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը լվաց ձեռքերը

Սեպտեմբեր 05,2003 00:00

Դատարանը լվաց ձեռքերը «Բարի ծիծեռնակ» հյուրանոցի բնակիչ փախստականները վերաքննիչ դատարանից երեկ հեռացան իրենց բախտի ու աշխարհի վրա չարացած։ Դատարանը վճռել էր մերժել նրանց հակընդդեմ հայցը՝ հյուրանոցի սեփականատեր Սարգիս Սարգսյանից բնակտարածք կամ դրան համարժեք գումար ստանալու հետ կապված։ Նրանց պահանջի հիմքը 1999 թվականին ՀՀ սեփականաշնորհման նախարարության (այժմ՝ վարչություն) հետ Ս. Սարգսյանի կնքած պայմանագիրն է, որի 5-րդ կետով սեփականատերը պարտավորվել է մասնավորեցումից հետո 2 տարվա ընթացքում փախստականներին ապահովել ժամանակավոր կացարանով եւ աշխատանքով։ Չկատարելու դեպքում սեփականատերը պարտավորվում է փոխհատուցել գումարով (բնակտարածք ձեռքբերելու համար)։ Երկուսի փոխարեն անցել է չորս տարի, սակայն պարտավորություններից ոչ մեկը չի կատարվել։ Ավելին, սեփականատեր Սարգսյանն ինքն է փորձել դատարանի օգնությամբ վտարել 14 փախստական ընտանիքներին։ Նրա հայցը չէր բավարարվել 1-ին ատյանի դատարանում, չբավարարվեց նաեւ վերաքննիչում։ Սակայն վերաքննիչ դատարանը (դատավոր Տիգրան Սահակյան) խնդրի լուծումը տեսավ ոչ թե Ս. Սարգսյանի ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման, այլ՝ ՀՀ միգրացիայի եւ փախստականների վարչության թերի գործունեության մեջ, վերջինիս պարտավորեցնելով հոգալ այդ ընտանիքներին բնակտարածքով ապահովելու խնդիրը։ Հարցը դժվար լուծվողներից է, որովհետեւ հիշյալ վարչությունն արդեն տեղեկացրել է, որ «մեր տրամադրության տակ միայն հանրակացարաններ են», իսկ «բարիծիծեռնակցիները» բացառում են իրենց մուտքը որեւէ հանրակացարան։ «Մենք 14 տարի նրա համար չենք դիմացել այս անմարդկային պայմաններում, որ հանրակացարանից հանրակացարան գնանք»,- ասացին փախստականները: Իրենց ներկայիս բնակության պայմանները ներկայացրին այսպես. «Ամեն մեկիս տվել են 4-7 քառակուսի մետր տարածք, որտեղ նաեւ երեխաներ են մեծանում, ամբողջ հարկում մի զուգարան է՝ կանանց-տղամարդկանց էլ չկա, որ մարդ է մահանում, դնում ենք զուգարանի դռան մոտ՝ միջանցքի լայն մասում»։ Այսքանով հանդերձ, փախստականներն, ինչպես իրենց բռնագաղթման առաջին օրերին, այս «բնակարանը» գերադասում են գյուղական վայրում ամենաընտիր պայմաններով տնից։ Երեկ փախստականների շահերի ներկայացուցիչ Արման Կուրեխյանը դեռ չէր որոշել՝ կբողոքարկե՞ն վճիռը վճռաբեկում, թե՞ ոչ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել