Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ԲԱՆԱԿՈՒՄ

Սեպտեմբեր 05,2003 00:00

ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ԲԱՆԱԿՈՒՄ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո ֆուտբոլի մեր ընտրանին կմեկնի Բելֆաստ, որտեղ սեպտեմբերի 10-ին Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում ուժերը կչափի 6-րդ խմբի ետնապահ Հյուսիսային Իռլանդիայի թիմի հետ։ Ապագա մրցակիցը, որի նկատմամբ մեր ազգայինը հաղթանակ է տոնել Երեւանում, ներկայումս մարզական առումով բարվոք վիճակում չէ։ Հյուսիսիռլանդացիների գլխավոր մարզիչ Սեմմի Մաքիլրոյը անհաջող մեկնարկից հետո թիմի երիտասարդացման կուրս է վերցրել ու շարունակում է այն զարգացնել։ Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի հետ արտագնա հանդիպմանը նախապատրաստվելու համար մարզչի հրավիրած ֆուտբոլիստների ցուցակում գործնականում վետերաններ չկան։ Այնպես որ, Մաքիլրոյը հույս ունի, որ հենց երիտասարդությունը կարող է աշխատել, որպեսզի իրենք սեւերես չլինեն։ Ներկայացնում ենք Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմը՝ ենթադրելով, որ այն էական փոփոխությունների չի ենթարկվի նաեւ Հայաստանի հետ հանդիպումում։ Դարպասապահներ. Մայք Թեյլոր («Բիրմինգհեմ», Անգլիա), Ռոյ Քերոլ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա)։ Պաշտպաններ. Դաննիա Գրիֆֆին «Դանդի Յունայթեդ», Շոտլանդիա), Ջորջ Մակքարթի («Սանդերլենդ», Անգլիա), Արոն Հյուզ («Նյուքասլ», Շոտլանդիա), Քրիս Բեյրդ («Սաութհեմպթոն», Անգլիա), Պիտեր Քեննեդի («Ուիգան», Անգլիա), Քոլին Մերդոկ («Հայբերնիան», Շոտլանդիա), Գրանտ Մակքան («Չելտենհամ», Անգլիա)։ Կիսապաշտպաններ. Դամյեն Ջոնսոն («Բիրմինգհեմ, Անգլիա), Մայքլ Հյուզ («Կրիստալ Փելաս», Անգլիա), Կիթ Գիլլեսփի («Լեսթեր», Անգլիա), Թոմի Դոերթի («Բրիստոյլ Սիթի», Անգլիա), Ֆիլիպ Մալրունի («Նորվիչ», Անգլիա), Սթիվ Ջոնս («Քրյու», Անգլիա)։ Հարձակվողներ. Դեւիդ Հիլի («Պրեսթոն», Անգլիա), Փոլ Մաքվեյ («Նորվիչ», Անգլիա), Էնդրյու Կիրք («Հարթս», Շոտլանդիա), Հարի Հեմիլթոն («Պորտադաուն»), Էնդրյու Սմիթ («Գլենտորան»)։ Թիմի երիտասարդացման գիծ է վերցնում նաեւ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ինյակի Սայեսը։ Իսպանացիների հետ հոկտեմբերի 11-ին երեւանյան հանդիպումով էլ մեր հավաքականը կավարտի Եվրոպայի 2004թ. ընտրական մրցաշարը։ Իսպանիան սեպտեմբերի 10-ին հյուրընկալելու է Ուկրաինային։ Սայեսը երկրի գլխավոր թիմ է հրավիրել երիտասարդական հավաքականի երկու առաջատար հարձակվողների՝ Ֆերնանդո Տորեսին (Մադրիդի «Ատլետիկո») եւ Խոսե-Անտոնիո Ռեյեսային («Սեւիլիա»)։ Այս ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելուց հետո Սայեսը հայտարարել է. «Ես ցանկացա վստահություն ցուցաբերել երիտասարդներին՝ նրանց հասուն թիմում իրենց դրսեւորելու հնարավորություն տալով»։ Իսկ մինչ այդ, երիտասարդ նորեկներն ու ամբողջ թիմը շաբաթ օրը Գիմարաեշում ընկերական հանդիպում են անցկացնելու Պորտուգալիայի հավաքականի հետ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել