Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՊԵՆԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ

Սեպտեմբեր 05,2003 00:00

ՊԱՊԵՆԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ Հայկական միջնադարյան հուշարձանների՝ երկրաշարժերին դիմակայելու գաղտնիքը ժողովուրդը բացատրում է շաղախի մեջ ձվի առկայությամբ։ Իրականում դրանց կանգուն լինելը պայմանավորված է մեր պապերի կողմից կիրառված ճարտարապետական ու շինարարական բազմաթիվ հնարքներով, որոնց նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ճապոնացի մասնագետները։ Վերջիններս կարծում են, որ հայ ավանդական ճարտարապետաշինարարական տեխնիկան կարելի է կիրառել նաեւ այսօր։ Պատահական չէ, որ Ճապոնիայի կառավարությունը գրանտ է հատկացրել հայկական պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության նպատակով։ Սկզբում ճապոնացիները տարերայնորեն էին համապատասխան ուսումնասիրություններ իրականացնում։ ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր հուշարձանների պահպանության գործակալությունը վերջիններիս առաջարկել է համագործակցել։ Մանավանդ, պատմամշակութային հուշարձանները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են եւ արտասահմանցիների ուսումնասիրությունների արդյունքները պիտի նաեւ հայերի սեփականությունը լինեն։ Ճապոնացի մասնագետները հասցրել են լինել Հայաստանի բոլոր մարզերում, Թուրքիայում, Ադրբեջանում, Իրանում, այսինքն, բոլոր այն տարածքներում, ուր կան հայկական հուշարձաններ։ Ամենուր նրանց ուղեկցել են հայ մասնագետները՝ ճարտարապետության տեսության մասնագետ Մուրադ Հասրաթյանը, ճարտարապետ-ռեստավրատոր Գրիգոր Նալբանդյանը, նյութագետ Վահագն Իսրայելյանը եւ այլք։ Ճապոնացիները զինված են գերժամանակակից սարքավորումներով։ Դա նրանց հնարավորություն է տալիս թեկուզ սովորական չափագրման աշխատանքները կատարել ընդամենը 1 ժամում՝ ֆոտոգրանոմետրիկ սարքերի միջոցով։ Այն դեպքում, երբ նման աշխատանքները Հայաստանում կատարվում են թելով ու լարով եւ տեւում են մի քանի օր։ Բացի այդ, նրանց սարքավորումները թույլ են տալիս հնագիտական ուսումնասիրություններ կատարել մինչեւ 20 մ խորությամբ, առանց հողը փորելու, ինչը նաեւ հնագիտական արժեքները չվնասելու երաշխիք է։ Այս ամենի կողքին, սակայն, ճապոնացիները խոստովանում են, որ իրենք չեն կարող յոլա գնալ առանց հայ մասնագետների։ Ավելին, ըստ Սեյսմոլոգիայի եւ երկրի ֆիզիկայի ասոցիացիայի նախագահ Սերգեյ Բալասանյանի, ճապոնացիները չունեն միջնադարյան քարե կառույցներ, որոնց վրա «գրանցված» է երկրաշարժերի պատմությունը։ Իսկ հայկական միջնադարյան կառույցների բարձր սեյսմակայունության գաղտնիքը պարզելու դեպքում, վերջիններս հնարավորություն կունենան հենց իրենց երկրում հնարավորինս ապահովագրվել ավերիչ երկրաշարժերից։ «Թող ճապոնացին իմանա Հայաստանում ինչ կա։ Միեւնույն է, մենք դրանից ոչինչ չենք կորցնում։ Ենթադրենք ճապոնացի մասնագետը տեղեկացավ, որ Նորավանքի տակ քարանձավ կա։ Դա մեր երկրինն է ու գոնե մենք նրանց շնորհիվ տեղեկանում ենք այդ խոռոչի մասին»,- ասաց Հուշարձանների պահպանության գործակալության պետ Գագիկ Գյուրջյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հոկտեմբերին, երբ ճապոնացիները նորից կժամանեն Հայաստան, գործակալությունը Հայաստանի համար ավելի շահավետ պայմաններով կաշխատի վերջիններիս հետ։ «Այն, ինչ հանրահայտ է մեր ճարտարապետության մեջ, ճապոնացիների համար նորություն է։ Նրանց հետաքրքրում են ե՛ւ մեր շինությունների կոնստրուկտիվ լուծումները, ե՛ւ հորինվածքը, ե՛ւ պատերի ձեւը, ե՛ւ շաղախի բաղադրությունը, որովհետեւ բոլորն էլ երկրաշարժակայունության էլեմենտներ են»,- ավելացրեց Գ. Գյուրջյանը։ Գ. Գյուրջյանը խոսեց նաեւ հայկական ճարտարապետության մեջ տարածված այսպես կոչված «թմբուկների» (պայմանականորեն ասած՝ բազմանկյուն գմբեթների) հնարքի մասին։ Երկրաշարժերի ժամանակ դրանք ցնցվել ու վայր են ընկել, իսկ եկեղեցիները մնացել են կանգուն։ 1988-ի երկրաշարժից հետո ավանդական այս մեթոդը կիրառվել է նաեւ Վանաձորում։ Սեյսմոլոգ Միշա Մելքոնյանի մտահղացմամբ, կառույցներից մեկի վրա ազատ հարկ են դրել, որը հնարավոր երկրաշարժի ժամանակ ճոճվելով՝ կմարի ալիքի հզորությունը։ Հետաքրքիր է, որ Սաղմոսավանքի գմբեթը երկրաշարժի ժամանակ 13 սմ պտտվել է ու կանգնել, իր վրա վերցնելով ալիքը։ Մինչդեռ, ըստ Հուշարձանների պահպանության գործակալության պետի, 88-ի երկրաշարժի պատճառով Գյումրիի Ամենափրկիչը ավերվեց, որովհետեւ, երբ վերակառուցվում էր 70-ականներին, նրա թմբուկը երկաթբետոնով անշարժացրել էին։ Փոխարենը, նրա դիմաց գտնվող փոքրիկ Պլպլան ժամը չտուժեց, ցնցումներից միայն խաղացկուն գմբեթները վայր ընկան։ Ճապոնացի մասնագետների հետ համագործակցում է նաեւ Ս. Բալասանյանի ղեկավարած Հայաստանի սեյսմոլոգիայի եւ երկրի ֆիզիկայի ասոցիացիան։ Ս. Բալասանյանը եւս այն կարծիքին է, որ ավանդական մեթոդներով ստեղծված շինություններն ավելի կայուն են։ Եվ պետք է հայտնի մեթոդները ժամանակակից նյութերով արտահայտել. «Թե չէ ավանդականը միանգամից դրել ենք մի կողմ ու անցել նորարարության, միայն մետաղ ու ապակի ենք օգտագործում»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել