Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» ինքնաթիռները «ոտքեր ունեն»

Սեպտեմբեր 05,2003 00:00

«Արմավիայի» ինքնաթիռները «ոտքեր ունեն» Ըստ էության, ռուսական ընկերության գույքը ցանկացած պահի կարող է «չվել» Հայաստանից Ըստ ամենայնի, խորհրդարանական ընտրություններում համակարգիչների գործն իրեն չարդարացրեց, եւ ՀՌԱԿ-ը որոշեց թողնել դպրոցների կոմպյուտերիզացիայի զբաղմունքն ու թեւերը քշտած՝ լծվել հայկական ավիացիան ոտքի կանգնեցնելու գործին: «Հայկական ավիաուղիների» ճակատագիրը դարձել է այս կուսակցության առաջնահերթ խնդիրներից մեկը, մինչդեռ մյուս քաղաքական ուժերն, ըստ ՀՌԱԿ համանախագահ Հարություն Առաքելյանի, ընդամենը՝ «հայկական ավիացիայի հարցն անընդհատ շահարկում են»: Երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՌԱԿ-ը հերթական քննարկումն էր կազմակերպել ավիացիայի խնդիրներով: Լուծարման եզրին կանգնած «Հայկական ավիաուղիների» պոտենցիալ գործազուրկ աշխատակիցները խիստ վրդովված էին, եւ դժվարությամբ էին կարողանում զգացմունքային, հուզական վիճակից դուրս գալ եւ տրամադրվել լուրջ քննարկումների: Առավել եւս, որ դժվար էր հասկանալ, թե ո՞ւմ հետ պիտի բանավիճեն` ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության երիտասարդ աշխատակիցների՞, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ներկայացուցչի՞, թե՞ արդարադատության նախարարության մամուլի խոսնակի հետ, որը շատ արագ հեռացավ դահլիճից: ՔԱԳՎ-ն, որ, ըստ էության, պիտի պաշտպաներ եւ ոչ թե հակադրվեր ՀԱՈՒ-ի շահերին, արել եւ անում էր տրամաբանորեն հակառակը, ճիշտ այնպես, ինչպես կառավարությունը, որն իր 2003թ. մարտի 27-ի թիվ 331ա որոշմամբ, փաստորեն, ուղեւորափոխադրումների ոլորտում բացառիկ իրավունքներ է շնորհել «Արմավիա» ընկերությանը: Վերջինիս բաժնեմասերի 67%-ի տերն, ի դեպ, ռուսական «Սիբիրյան ավիաուղիներ» ընկերությունն է: Կառավարության որոշումը` «Արմավիային» հանձնել ուղեւորափոխադրումների բնական մենաշնորհը, պատճառաբանվում է շուկայի պահպանման ցանկությամբ, քանի որ «Հայկական ավիաուղիները» հսկայական պարտքեր էին կուտակել: Այնինչ, ըստ ընկերության տեխնիկական սպասարկման բաժնի պետ Աշոտ Բերբերյանի, ՀԱՈՒ-ն միշտ աշխատել է եկամուտներով, ունեցել է հագեցած շուկա, երբեւէ որեւէ վթարներ կամ արտակարգ պատահարներ չեն եղել: Հապա որտեղի՞ց այդ միլիոնավոր դոլարի պարտքերը: Ըստ պրն Բերբերյանի, պատճառը վատ կառավարումն է եղել: Տարվա մեջ մի քանի անգամ փոխվել է ղեկավարությունը, որն ամեն ինչ արել է՝ նախ սեփական գրպանները լցնելու համար: Հայաստանի կառավարությունն էլ ունի մեղքի իր բաժինը. «Կառավարությունը մեր ընկերությանը 700 հազար դոլարի պարտք ունի: Մենք տարիներ շարունակ սպասարկել ենք կառավարական պատվիրակություններին, փոխադրել ենք եւ չենք վճարվել դրա համար: Կառավարությունը մեր խոշորագույն պարտապանն է, եւ որոշել է մեզնից ազատվել»,- ասում է Ա. Բերբերյանը: ՀԱՈՒ-ի կոլեկտիվը վստահ է, որ իրենք մարտին ի վիճակի էին եւ հիմա էլ ի վիճակի են՝ ճիշտ կառավարման դեպքում, լինել Հայաստանի ամենաշահութաբեր տնտեսվարող սուբյեկտներից մեկը: Բայց այդ հնարավորությունը նրանց դժվար թե տրվի: Փոխարենը շահույթ ստանալու, բայց ուղեւորներին շատ վատ սպասարկելու իրավունքը ստացել է «Արմավիան», որի ներդրումների մասին խոստումները սին են, քանի որ «Արմավիայի» տերերը, ըստ հայ ավիատորների` «ոտքեր ունեն, եւ ամենափոքր ճգնաժամի դեպքում կհեռանան Հայաստանից»: Նրանք ի նկատի ունեին, որ, փաստացի, ռուսական ընկերությունը հայ ուղեւորներին սպասարկելու հաշվին օդանավեր է գնում, որոնք իր սեփականությունն են, եւ հարկ եղած դեպքում կտարվեն Հայաստանից: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել