ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ Մինչեւ 2000 թվականը մասնավոր բուհ ավարտած քաղաքացիները կարող են քննություն հանձնել՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար Տասը տարուց ավելի պետությունը լիցենզավորում էր ոչ պետական բուհերի գործունեությունը: Սակայն մի բան է լիցենզավորել, այլ բան է՝ որոշակի կարգավիճակ տալ: 2000 թվից սառույցն այս հարցում սկսեց շարժվել. որոշ բուհերի շրջանավարտներ սկսել են պետական նմուշի դիպլոմ ստանալ: Ասում են, սույն գործում մեծ լումա է ունեցել ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը («Հրաչյա Աճառյան» բուհը պատկանում է Խաչատրյանների ընտանիքին)։ Ինչ պիտի անեն, սակայն, 2000-ից առաջ ավարտածները: Հիշեցնենք, որ «Կրթության մասին» օրենքի 45 հոդվածի 4-րդ կետն արգելում է առանց պետական նմուշի դիպլոմի պետական համակարգում աշխատանքի անցնելը։ Մինչդեռ ոչ պետական ուսումնական հաստատությունների մի շարք շրջանավարտներ աշխատում են ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլեւ դասավանդում են դպրոցներում՝ ձեւականորեն դրա իրավունքը չունենալով: Այդ քաղաքացիների կարգավիճակը շտկելու նպատակով պետությունը 2003-2006-ին անց է կացնելու, այսպես կոչված, ատեստացիոն քննություններ՝ պետական քննությունների կազմակերպման կարգի համաձայն։ 2003172ին այդ քննությունները մեկ անգամ կկազմակերպվեն։ Փոխնախարար Արա Ավետիսյանի պարզաբանմամբ՝ կախված դիմումների քանակից, կորոշվի՝ արժե՞ հաջորդ տարի երկու անգամ կազմակերպել, թե՞ ոչ։ Այս տարի հոկտեմբեր-նոյեմբերին անցկացվելիք քննություններին կմասնակցի 700 դիմորդ։ Քննական հանձնաժողովները, որոնք լինելու են խառը (պետականի եւ ոչ պետականի դասախոսներից), ըստ կարգի կկազմավորվեն 10 օր առաջ, հարցաշարերը՝ 45 օր։ Դրանք, ըստ փոխնախարարի, կկազմվեն գործող մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան՝ այն մասնագիտությունների գծով, որոնցով ավարտել է տվյալ տարվա շրջանավարտը։ Շրջանավարտներին հնարավորություն է տրվում երկու անգամ մասնակցելու քննություններին։ Եթե թույլատրվի 2 անգամից ավելի, ապա, ըստ Ա. Ավետիսյանի, կստացվի, որ «մարդիկ գալիս են բախտ փորձելու, եւ դա կհանգեցնի չկարգավորված գործընթացի»։ Պետական ատեստացիոն քննությունների արդյունքները բողոքարկման ենթակա չեն։ Ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավարները ողջունում են սույն ձեռնարկը, քանի որ «մարդկանց ապագան հարցականի տակ էր եւ հիմա եզր կա»։ Սակայն լուրջ անհամաձայնություններ ունեն կազմակերպական գործընթացի հետ։ Մասնավորապես վիճարկվում է քննությունների անցկացման վայրը։ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջահանգիրյանը բարոյական չի համարում, որ «մեր շրջանավարտներն այլ բուհում քննություններ հանձնեն։ Ոչ թե չեն կարող, այլ մեր բուհի հեղինակության խնդիրն է»։ Նա տարակուսում է նաեւ հանձնաժողովների կազմման հարցում. «Ինչպես կկազմավորվեն, ի՞նչ տեսք կունենան՝ պարզ չէ»։ «Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր Արամ Խաչատրյանը ձեռնպահ մնաց թերությունների մասին խոսելուց, քանի որ «գործընթացը դեռ սկսված չէ՝ հայտնի չէ հանձնաժողովների կազմը, քննությունների անցկացման վայրը, ուստի վաղ եմ համարում այդ մասին կարծիք հայտնելը»։ Շրջանավարտների մոտեցումը նույնպես միանշանակ չէ. ոմանք ոգեւորված են, ոմանք տարակուսանքով են վերաբերվում, մի մասին էլ այդ հարցը ընդհանրապես չի հետաքրքրում։ Ոգեւորություն ապրողներն ուրախ են, որ վերջապես «հստակություն» կմտնի։ Մյուսները գտնում են, որ արդեն «հանձնել ենք ավարտական քննությունները եւ չենք գտնում՝ արժե՞ր երկրորդ անգամ էլ հանձնել։ Ի վերջո, ժամանակ է անցել, բավականին երկար, շատ բաներ պետք չեն եկել ու մոռացության են մատնվել։ Այն ժամանակ ուրիշ ծրագիր էր, հիմա՝ ուրիշ։ Պրակտիկան տեսությունից տարբեր է եղել։ Հիմա նորից նստենք ու կարդա՞նք։ Ուրիշ ձեւ պետք է գտնել, համենայնդեպս, այս կարգով քննություններն այնքան էլ ճիշտ չեն»,172 մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին «Հրաչյա Աճառյան» համալսարանի մի խումբ շրջանավարտներ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ըստ որոշ լուրերի, ոչ մասնավոր բուհի պետական նմուշի դիպլոմն արժե ընդամենը $ 500: Արժե՞ գլուխ կոտրել եւ քննությունների նախապատրաստվել, երբ հարցն այդքան հեշտ է լուծվում: