Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքը տալու ժամանակը

Սեպտեմբեր 05,2003 00:00

Պարտքը տալու ժամանակը Երեկվանից ՀՀ Ազգային ժողովը լծվեց հանրապետության շուրջ 115 հազար հաշմանդամների հիմնախնդիրների լուծմանը։ Ըստ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, լուծումը ներառելու է թե՛ օրենսդրական դաշտը, թե՛ «պրակտիկան» (հավանաբար նկատի ուներ կյանքում հանդիպող կոնկրետ եւ բացառիկ դեպքերը)։ Այդ խնդիրների լուծումը կյանքի կոչելու նպատակով ստեղծվել է ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհուրդ։ Խորհուրդը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր Արտակ Առաքելյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների նախաշեմին է պարոն Առաքելյանը դարձել ՕԵԿ անդամ։ Շուրջ 115 հազար հաշմանդամներից 11 հազարից ավելին մինչեւ 18 տարեկան երեխաներն են։ ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը ոլորտի մասին տեղեկատվական իր ելույթում հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման գործընթացում հատկապես կարեւորեց առողջարանային բուժումը։ 2002-ին, սակայն, ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը հատկացրել է ընդամենը 2925, իսկ 2003-ին նախատեսված է հատկացնել 3310 առողջարանային ուղեգիր։ Մտավոր եւ ֆիզիկական շեղումներ ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է 32 հանրակրթական ուսումնական հաստատություններում, որոնց շենքերն անմխիթար վիճակում են։ 2004-ին նախատեսված է իրականացնել ընդամենը 200 հաշմանդամի մասնագիտական ուսուցում։ «Հաշմանդամներին ընտանիքի եւ հասարակության լիիրավ անդամ դարձնելու համար անհրաժեշտ է լուծել նրանց զբաղվածության հարցերը»,- համոզմունք հայտնեց Ջ. Բաղդասարյանը։ Մինչդեռ այսօր հաշմանդամների միայն 7%-ն է զբաղված տարբեր աշխատանքներում։ Սոցապ նախարարությունն առաջարկում է հարցի կարգավորման երկու տարբերակ. 50% եւ ավելի հաշմանդամներ ունեցող կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելու կամ ձեռնարկությունում աշխատող հաշմանդամների աշխատավարձի 25-50% փոխհատուցում։ Այդուհանդերձ, հաշմանդամների կարեւորագույն հիմնախնդիրը, ինչպես վկայեցին նաեւ ներկա հասարակական կազմակերպությունների անդամները, մնում է առողջապահականը։ Մարդիկ ոչ միայն չեն կարող ստանալ մասնագիտացված վերականգնողական բուժում (որովհետեւ համապատասխան բուժհիմնարկները չեն գործում), այլեւ հնարավորություն չունեն անվճար օգտվել տարածքային պոլիկլինիկաների ֆիզիոթերապեւտիկ բաժանմունքների ծառայություններից։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել